Մոսկվան խոստանում է պատասխան գործողություններ իրականացնել

Մոսկվան արձագանքում է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին: Ռուսական  կողմը խստորեն քննադատում է ԱՄՆ-ի գործողություններն՝ դրանք անվանելով անօրինական և անընդունելի: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաստանի պաշտոնյաներն արձագանքել են ամերիկյան կողմի սահմանած նոր պատժամիջոցներին: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել մի քանի տասնյակ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների, ինչպես նաև ռուսական մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցների են ենթարկվել նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Պատճառների թվում է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ներգրավվածությունը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նոր պատժամիջոցները որակել է «անօրինական և անընդունելի»: Նա կառավարությանը հրահանգել է պատրաստել պատասխան գործողությունների ծրագիր:

«Մենք պարզ տեսնում ենք, որ այս ամենի հիմքում ընկած է նպատակ ՝ կարգավորելու սեփական տնտեսական խնդիրները ոչ մրցակցային ձևերով: Վատ ռուսների մասին այս բոլոր խոսքերն ընդամենը քաղաքականապես այս ամենը քողարկելու անհաջող փորձ է: Նրանց հիմնական տնտեսական նպատակն է առաջ մղել ամերիկյան առևտրային շահերն աշխարհում ի հակառակ ընդունված միջազգային առևտրային չափանիշների: Մենք դիտարկում ենք այս որոշումներն անընդունելի ու անօրինական, և իրավունք ենք վերապահում մեզ հանդես գալու պատասխան գործողություններով»,- հայտարարել է վարչապետ Մեդվեդևը:

Մեդվեդևը նաև կոչ է արել կառավարությանը պատրաստել ծրագիր՝ պատժամիջոցներից տուժած ձեռնարկություններին աջակցելու համար:

Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս քննադատել է նոր պատժամիջոցները:

«Իհարկե Կրեմլը ուշադիր հետևում է զարգացումներին և աշխատանքները համակարգում կառավարության հետ»,- ասում է Պեսկովը:

Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է խորը ուսումնասիրության ենթարկել իրավիճակը՝ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար:

Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կապված են Ռուսասատնանի ապակառուցողական գործունեության հետ: Այն ներառում է Ղրիմի բռնակցումը, Արևելյան Ուկրաինայի ապակայունացումը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցությունը, ռուսական կիբերհարձակումների իրականացումը և Ռուսաստանի հարձակումներն արևմտյան ժողովրդավարությունների դեմ: Բացի այդ վերջերս ԱՄՆ-ն ու երկու տասնյակից ավել այլ երկրներ արտաքսեցին տասնյակ ռուս դիվանագետների ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուս լրտեսի թունավորմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել օլիգարխ Օլեգ Դերիպասկան, ում ընկերությունը վերահսկում է աշխարհի երկրորդ ամենամեծ ալյումինի արտադրության ձեռնարկությունը: Բացահայտվել է Դերիպասկայի կապը Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ:

ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով Դերիպասկային պատկանող Rusal ընկերության բաժնետոմսերն անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով Հոնկոնգի բորսայում, որի արդյունքում ընկերության արժեքը նվազել է 2.5 միլիարդ դոլարով:

Բացի նրանից, պատժամիջոցային ցուցակում են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը և նախագահ Պուտինի այլ մերձավորներ:

Պատժամիջոցների սահմանումից հետո անկում է գրանցվել նաև Ռուսաստանի ֆոնդային բորսայում: Հաղորդվում է, որ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 9 տոկոսով, իսկ RTS-ի ինդեքսը՝ մոտ 11 տոկոսով: Ռուսական արտարժույթը դոլարի հանդեպ անկում է ապրել 3 տկոսով: Անկում են գրանցել նաև ռուսական այլ ընկերությունների բաժնետոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս