Պետական ի՞նչ աջակցություն է հատկացվել հաշմանդամություն ունեցող անձանց. պարզաբանել է նախարարը

Հաշմանդամների հաշվառման շտեմարանում հաշվառված 8854 սահմանափակ կարողություն ունեցող անձանցից 2390-ի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել ԱՀ պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Անդրադառնալով 2017թ.-ին պետական աջակցության ծրագրերին՝ նախարարը նշել է, որ դրանք հիմնականում եղել են սարքավորումների և առողջարանային հանգստի ուղեգրերի տեսքով:

«Անցած տարվա ընթացքում սահմանափակ կարողություն ունեցող 60 քաղաքացու համար պատրաստվել են ոտքի և տարբեր տեսակի այլ պրոթեզներ, վերանորոգվել է 75-ը: 36 կանանց հատկացվել է կրծքագեղձի պրոթեզ: 7 քաղաքացու հատկացվել է քայլակ, 188 հաշմանդամների՝ հենակներ, 85 քաղաքացու՝ ձեռնափայտ: 48 հաշմանդամների հատկացվել է թիկնասայլակ, 162 քաղաքացիների՝ 172 լսողական սարքեր:

Նախարարության միջնորդությամբ Երևան քաղաքում կատարվել է 3 հաշմանդամի ոտքի, 24 հաշմանդամի աչքի պրոթեզավորում, 1 հաշմանդամի հատկացվել է ձայնաստեղծ սարք»,- նշել է Ս. Ավանեսյանը և ավելացրել, որ ՀՀ-ում գործող առողջարաններում հանգստի համար տրամադրված 367 ուղեգրերի մի մեծ մասը հատկացվել է սահմանափակ կարողություն ունեցող անձանց:

Տեսանյութեր

Լրահոս