«ՀՀԿ-ն վստա՞հ է, որ Հայաստանը ճիշտ ուղիով է զարգանում»

Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ «Ելքում» հակասությունները խորանում են։ Դուք, որպես «Ելքի», այսպես ասած, քաղաքական «քավոր», ներդրում ունեք դաշինքի կայացման գործում, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում դաշինքում։

– Ես քաղաքական «քավոր» չեմ, ես իրականում համարում եմ, որ ապագան երիտասարդներինն է, և պետք է համախմբվեն՝ հանուն Հայաստանի։ Հուսով եմ, որ այդ գաղափարն իրենց մոտ կա, և իրենք ապագայում կգիտակցեն, բոլոր տարաձայնություններն էլ կհաղթահարեն, ի վերջո, կհասկանան, որ, երբ կարողանում ես հաղթահարել դժվարությունները, ավելի հզոր ես դուրս գալիս։ Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է լինելու։ «Ելքը» կկարողանա տարաձայնությունները հաղթահարել և շարժվել առաջ։

– Էդմոն Մարուքյանն իր հոդվածում մի շարք պաշտոններ էր նշել, որ իշխող քաղաքական ուժը պետք է տրամադրի ընդդիմությանը։ Դա ընկալվեց՝ որպես առաջարկ ՀՀԿ-ին։

– Ինձ թվում է՝ դա շատ պրիմիտիվ ընկալում է այն իմաստով, որ հենց իշխանությունն է այդ կերպ փորձում պատկերացնել, որովհետև իրենց համար ցանկացած աշխատանք միայն պաշտոն է դիտարկվում։ Ժողովուրդն է ընտրել պառլամենտ, և, երբ տեղը գալիս է, իրենք ասում են՝ ընդդիմադիր այդ խմբակցությունն էլ է օրենսդիր իշխանության մաս։ Բայց ինչպե՞ս ստացվեց, որ, երբ գալիս է ժամանակը՝ մարմիններում համատեղ աշխատելու, մերժում են։

Բոլոր այդ պաշտոն դիտարկողներին պետք է ուղղորդել դեպի իրենց կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի տարբեր ելույթները՝ անցած տարի և դրանից առաջ, որտեղ նա ասում էր, որ պետք է սովորենք այս երկիրը համատեղ առաջ տանել, և ո՞վ է ասել, որ ընդդիմադիր դաշտում ավելի քիչ հայրենասերներ կան, որ կարող են այս երկրի զարգացմանը նպաստ բերել։ Եթե դա նրանց առաջնորդն է ասում, ինչպե՞ս են իրենք պաշտոն ընկալում։ Գուցե այդ հայրենասերն ավելի լավ կաշխատի որևէ վերահսկող մարմնում

։ Այդ բոլոր ձևակերպումները մանիպուլյատիվ են, բայց պետք է Էդմոն Մարուքյանի հոդվածը ճիշտ կարդալ և ընկալել, որովհետև նա շատ ճիշտ բացատրել է, որ դա «power sharing» է կոչվում, և այն նույն գաղափարի մեջ է, որ, եթե ընդդիմադիր խմբակցությունները պետք է օրենսդիր իշխանության ձևավորման մեջ 30%-ից պակաս չլինեն, ապա նաև վերահսկողական տարբեր անկախ մարմիններում նմանատիպ տոկոսային հարաբերակցությամբ էլ պետք է ընդդիմադիր իշխանության կողմից թեկնածուներն առաջարկվեն։

Ի վերջո, իրականության մեջ գաղափարն այն է, որ պետք է Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չլինի երկրի ղեկավար, որովհետև հենց Սերժ Սարգսյանն էր հայտարարել իր հայտնի ելույթում, որ անձը չի կարող 2 անգամից ավելի լինել երկրի ղեկավարի դերում։ Ասում են՝ այնպես պետք է անենք, որ նա երրորդ անգամ չլինի երկրի ղեկավար, որից հետո Ազգային ժողովը պետք է օրենքի ուժով լուծարվի, և նոր ընտրություններ լինեն։ Այդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրները կրկին ընդդիմադի՞ր են մնալու, թե՞ պատկերացնելու են, որ մի օր ընտրությունների ժամանակ գալու են իշխանության։ Այժմ ընդդիմադիրներն այս ամենը նախաձեռնել են, որ ո՞ւր հասնեն։ Իշխանությա՞ն։ Դե, ուրեմն, վերջնանպատակը դա է պետք ասել։ Խնդիրը պաշտոնի ու ոչ պաշտոնի հարցը չէ։ Իմ կարծիքով՝ մենք պետք է գիտակցենք նաև այդ ինստիտուցիոնալ տարբերությունը, թե ինչ է նշանակում իշխանություն՝ լինի օրենսդիր, գործադիր կամ դատական։

– Հանրապետականներն ասում են, որ սահմանադրական փոփոխություններից հետո ընդդիմությանը բավականին լայն լիազորություններ են տրվել, և իրենց մեղքը չէ, որ դրանք բաժին են ընկել «Ծառուկյան» խմբակցությանը։

– Բնականաբար, այսօր այդպես են ասելու։ Ինձ շատ հետաքրքիր է՝ եթե նույն մարդիկ ունենային այլ իրավիճակ պառլամենտում, ո՞նց էին ասելու, փորձելու էին ԱԺ կանոնակարգ-օրենքում ամրագրված շատ լիազորությունները նվազեցնե՞լ։ Այստեղ այլ խնդիր պետք է լինի. մենք որպես հանրություն՝ գիտակցո՞ւմ ենք, թե այսուհետ պառլամենտական ընտրություններն ինչքան կարևոր և ինչ խնդիր կարող են լուծել։ Սա լավագույն օրինակն է, որ պետք է հանրության համար օրինակելի լինել, թե ինչպես պետք է վերաբերվել պառլամենտական ընտրություններին, ոչ թե սպասել, թե նախագահական ընտրություններ կլինեն։

Երկրորդ՝ երբ տալիս ես լիզորություններ, պետք է գիտակցել, որ դա չի տրվում՝ որպես խաղալիք, թե՝ վերցրեք, զբաղվեք։ Այդ լիազորությունների մեջ իմաստ է դրված։ Օրինակ՝ նույն պառլամենտում կարելի է տարբեր հանձնաժողովներ ձևավորել՝ քննիչ, վերահսկիչ և այլն, իսկ նույն մեծամասնությունը գիտակցո՞ւմ է, որ խորհրդարանական վերահսկողությունը նաև իրենց պարտականությունն է, ոչ թե իրավունքը։ Իրականացնո՞ւմ են իրենք այսօր այդ պարտականությունը, թե՞ բավարարվում են միայն «Ելքի» ու «Ծառուկյանի» անցկացրած լսումներով, հետո կասեն՝ այսքան լսումներ են եղել։ Մեծամասնությունը պետք է գիտակցի, որ դա իր պարտականությունն է, և այն պատշաճ իրականացնի։

– «Ելքի» երիտասարդների մասին խոսեցիք, իսկ նրանց երրորդ գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունն այս ընթացքում լռություն է պահպանում։

– Արամ Սարգսյանը կայացած քաղաքական գործիչ է և շատ լավ գիտի, թե ինչին կնպաստի՝ ինչ անելով։ Միգուցե հենց նա է ճիշտ վարքագիծ ցուցաբերում և դրանով դաս է տալիս շատերին։

Իրական խնդիրն այն է, որ մարդիկ հասկանան, թե ի վերջո այս պայքարն ինչի համար է։ Ամբողջ թեման այսօր հանգել է Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան տարաձայնությանը։ Դրա՞ն էին իրենք նախաձեռնում, թե՞ պայքարը պետք է գնար, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չդառնա երկրի ղեկավար։ Այդ պայքարի վերջնանպատակը ո՞րն է. որ Հայաստանը ճիշտ ուղիով զարգանա։ Եթե մարդիկ դա հասկանում են, ինչո՞ւ են մտնում անձնական դաշտ, իսկ Հայաստանը որտե՞ղ է։ Եվ այս խոսքը բոլորին է վերաբերում, այդ թվում՝ ՀՀԿ-ին։

Իրենք վստա՞հ են, որ Հայաստանը ճիշտ ուղիով է զարգանում, չէ՞ որ իրենց գիտակցության մեջ էլ է եղել, և հատուկ էին ժամանակին սահմանել, որ որևէ մարդ 2 անգամից ավելի չհավակնի իշխանության ղեկին։ Չէ՞ որ իրենք ասում էին, որ դա իրենց արժեքն է, և իրենք գիտակցում են ժողովրդավարությունը։

Ի վերջո, Հայաստանն այս պայքարի հաղթո՞ղն է, թե՞ պարտվողը։ Ինձ համար խնդիրն այս դաշտում է, բոլոր խնդիրներն ի վերջո լուծվելու են, որովհետև ապրիլի 18-ին, 19-ին… 30-ին էլ է կյանքը շարունակվելու, և այսպես՝ դարեր ի վեր։ Եվ մենք Հայաստանին դեպի հաղթանա՞կ ենք տանում, թե՞ պարտություն։ Այս խնդիրն է կարևոր։

Տեսանյութեր

Լրահոս