«Մի երեկո, բոլորից թաքուն, հայրս ինձ ու եղբորս տարել է Էջմիածին, մկրտել, վերադարձել…»
Qahana.am-ը զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ: Նա շուրջ երկու տասնամյակ է, ինչ ծառայում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում:
Յոթ բաժակ կաթ և փրկություն
– Տե՛ր հայր, ի՞նչ եք հիշում ձեր մանկությունից:
– Հինգ տարեկանից սկսած ինչ-որ հատվածային իրադարձություններ եմ հիշում: Ամենանշանակալին, երբ մանկապարտեզում ընկերներս հրաժարվեցին կաթից, ես բոլորին հասանելիք 7 բաժակը խմեցի, որպեսզի նրանց պատժից փրկեմ: Հետո վատ զգացի, բայց իմ առաքելությունն իրականացրել էի:
Մեծացել եմ Նոր Նորքի զանգվածում: Հորս ջանքերի շնորհիվ հաճախել եմ ռուսական մանկապարտեզ և դպրոց: Նա, լինելով կոմունիստ, նախօրոք պլանավորել էր իմ ապագան, բայց ես, նրա կամքին հակառակ, ո՛չ ինժեներ դարձա, ո՛չ էլ` կոմունիստ: Չորրորդ դասարանում մասնակցեցի ընթերցանության մրցույթի և հաղթեցի: Որպես պարգև ստացա Խնկո-Ապոր անվան գրադարան այցելելու կտրոն: Այցելեցի, սիրեցի գիրքը: Հենց գրքին եմ պարտական կնոջս հանդիպելու համար: Ես միանգամից մի քանի գիրք էի վերցնում, դուրս վազում, նստում Կարապի լճի ափին, խորասուզվում ընթերցանության մեջ: Ինձ գրքից միայն հրշեջ մեքենայի ազդանշանը կարող էր կտրել: Երազում էի հրշեջ դառնալ:
Բրի՞նձն էր համով, թե՞…
– Առաջին առնչությունը աստվածայինի հետ:
– Քառասուն օրականում մկրտվել եմ: Մի երեկո, բոլորից թաքուն, հայրս ինձ ու եղբորս տարել է Էջմիածին, մկրտել, վերադարձել: Վեց-յոթ տարեկան էինք, երբ մորս հետ այցելում էինք Մայր Տաճար: Ես սովորեցի եկեղեցում լռել: Միայն խորհրդավորություն էի զգում և մոմի բոցը, ուրիշ ոչինչ: Մեր ընտանիքը հավատք ուներ, բայց ժամանակաշրջանը ստիպում էր թաքուն հավատալ: Անգամ մեր մկրտության խաչերն էր մայրս թաքցրել և ինձ խնդրել էր ոչ ոքի չպատմել այդ մասին:
Իններորդ դասարանում, երբ դպրոցականների փոխանակման ծրագրով հյուրընկալվեցի լիբանանահայ մի ընտանիքի, հասկացա, թե ինչ է ամուր հավատքը: Նրանց երկու զավակների հետ գնացի Բեյրութի հայկական դպրանոց, որտեղ հանդիպեցինք Երվանդ սարկավագին: Խոսեցինք, հետո մեզ տարան ճաշի: Առաջին անգամ տեսա, որ ուտելուց առաջ աղոթում են: Ոտքի կանգնեցինք: Աղոթքը չէի հասկանում, նայում էի շուրջբոլորս:
Սեղանին բրինձ դրեցին, որը ես չէի սիրում, միս, հաց և թան: Հացը վերցրի, երկու կտոր միս կերա, թանը խմեցի, բայց զգացի, որ չեմ կշտացել: Մտածեցի` մինչև տուն հասնելը մի քանի ժամ կա, և ես սոված կմնամ… Մի քիչ բրինձ կերա, համով էր, էլի, էլի վերցրի… ստացվեց, որ ամբողջը կերա: Վերադառնալիս մտածում էի` բրինձն ինչու՞ էր համով, թե՞ շատ էի սոված, թե՞ աղոթեցինք, դրա համար համով դարձավ: Հարցի պատասխանը չունեի, բայց այդ օրվանից իմ մեջ մի սերմի հատիկ ընկավ, և՛ շփումն այդ հոգևորականի հետ, և՛ աղոթքը զուր չանցավ:
Խնդրեցի և ստացա
– Ե՞րբ որոշեցիք հոգևորական դառնալ:
– 1994 թվականին ավարտեցի դպրոցը: Մեծ եղբայրս ընկերներից լսել էր հոգևոր ճեմարանի մասին, երկու տարի առաջ մտադրվել էր դիմել, սակայն հասկացել էր, որ այլ մասնագետ է ուզում դառնալ: Ես հորս ասացի, որ հիմա էլ ինքս եմ ուզում փորձել: Նաև ընկերներիս հետ Էջմիածին այցելելիս տպավորվել էի ճեմարանականների` շարքով քայլելուց ու նրանց կերպարից: Չորս հումանիտար առարկայի գծով քննություն հանձնեցի: Բայց քանի որ կրթությունս ռուսական էր, տապալեցի: Հավատիս առաջին արտահայտումը եղավ այն, որ ճեմարանում կանգնեցի Մարիամ Աստվածածնի ու Մանուկ Հիսուսի նկարի առջև և խնդրեցի ինձ օգնել ընդունվել: Խնդրեցի սրտանց և ստացա: Զարմանալի ուժ էի ստացել: Որոշ ժամանակ արդյունավետ պարապելուց հետո դիմեցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ընդունվեցի:
-Ուսումնառության տարիներից ի՞նչ հուշեր ունեք:
– Ամենակարևորը՝ հոգևոր վեհ արժեքների տեր ուսուցիչներ ունենալն էր: Տալիս էին` ոչինչ չխնայելով: Երբեմն էլ կյանքի դասեր էինք վերցնում այն զրույցներից, որոնք հարաբերություններ էին ստեղծում և կերտում ապագա հոգևորականին: Կղզին, մենությունը, բնապատկերը, լիճը, ալիքների ծփանքն ու ճայերի ճիչը, ձմռանը` մեր հասակին հավասար ձնածածկույթով արահետը, ամեն, ամեն ինչ օգնում էր սովորել, մտորել, աղոթել, մաքրվել:
… Որ սերը հարատևի
– Անդրադառնանք ծառայության տարիներին:
– 2001 թ. նշանակվեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար-քարտուղարի պաշտոնում: Նույն թվականի հոկտեմբերից ծառայեցի Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես լուսարար սարկավագ, այնուհետև՝ Հայոց բանակում՝ որպես հոգևոր սպասավոր: 2003-ի գարնանը ձեռնադրվեցի ամուսնացյալ քահանա: Ես պատիվ եմ ունեցել ծառայելու տարբեր եկեղեցիներում` Թբիլիսիի Սբ. Էջմիածին, Արգավանդի Սբ. Սարգիս, Արևշատ և Դալար գյուղերի Սբ. Աստվածածին, Սբ. Հովհաննես Մկրտիչ, Մարմարաշենի Սբ. Գևորգ, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց: Մեկ տարի ղեկավարել եմ «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Վերջին կես տարում ծառայում եմ Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցում: Ամեն օր արթնանում եմ հույսով, որ այսօր կանեմ ավելին, քան երեկ: Սիրում եմ հավատավոր համայնքը և Աստծո խոսքը սիրով եմ հասցնում մարդկանց:
Բարություն, հարգանք, միաբանություն
– Տե՛ր հայր, ասացիք, որ ձեր կնոջը հանդիպելու համար գրքին եք պարտական:
– Այո՛: Գևորգյան ճեմարան տեղափոխվելուն պես այցելեցի գրադարան: Այնտեղ աշխատում էր մի աղջիկ, ում հետ երկար զրուցում էի: Այսպիսով, գիրք ընթերցելը նաև պատրվակ էր, որ ես հաճախ մտնեմ գրադարան: Ավարտելուն պես հասկացա, որ սիրահարվել եմ: 2003 թվականին ամուսնացանք: Երկու զավակ ունենք: Աննան կարծես կողմնորոշվել է` թատերարվեստն է իրենը: Նարեկը երազում է խոհարար դառնալ, հեղինակային ուտեստներ մատուցել, նաև կարիքավորներին կերակրել: Մենք ամեն երեկո քնելուց առաջ միասին աղոթում ենք: Բարություն, հարգանք, միաբանություն. ահա մեր ընտանիքի ամենամեծ ուժը:
Պատրաստեց Գրետա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
« Շողակն Արարատյան » երկշաբաթաթերթ