«ԳՖՀ-ում կոալիցիայի շուրջ բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում». Շուլց
Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) միջեւ նախնական բանակցություններն ընթանում են կառուցողական ոգով:
Այդ մասին հունվարի 8-ին Բեռլինում հայտնել է ԳՍԴԿ-ի առաջնորդ Մարտին Շուլցը։ «Երեկվա օրն անցավ կառուցողական մթնոլորտում,-ասել է նա:-Հուսով ենք, որ այսօր ամեն ինչ կշարունակվի նույն ոգով»: Նրա խոսքով՝ այսօրվա կոնսուլտացիաները նվիրված կլինեն եվրոպական քաղաքականությանը: «Հուսով եմ, որ մենք կհասնենք այնպիսի արդյունքի, որը թույլ կտա Գերմանիան դարձնել Եվրոպական միության շարժիչը»,-հավելել է Շուլցը:
Սոցիալ-դեմոկրատների եւ պահպանողականների միջեւ նախնական բանակցություններն սկսվել են հունվարի 7-ին: Գրաֆիկի համաձայն, դրանք կտեւեն հինգ օր եւ կավարտվեն լույս հունվարի 12-ի գիշերը: Կողմերը մինչեւ հունվարի 12-ը մտադիր են ընդունել ամփոփիչ հայտարարություն, որը կքննարկեն կուսակցությունների ղեկավար մարմինները: Գերմանիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 24-ին: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն ստացել է ձայների 32,9 տոկոսը, իսկ ԳՍԴԿ-ն վատագույն արդյունքն է արձանագրել իր պատմության մեջ՝ հավաքելով միայն 20 տոկոսից քիչ ավելին:
«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությանն աջակցել է ընտրողների 12,6 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությանը՝ 10,7 տոկոսը, «կանաչներին»՝ 8,9 տոկոսը, Ձախ կուսակցությանը՝ 9,2 տոկոսը: Մինչ այժմ ԳՖՀ-ում նոր կառավարություն չկա: Սկզբում պահպանողականները բանակցություններ են վարել «կանաչների» եւ լիբերալների հետ, բայց դրանք փակուղի են մտել: Միայն դրանից հետո որոշվեց բանակցություններ սկսել ԳՍԴԿ-ի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: