Իսրայելցի փաստաբանն ու Յաիր Աուրոնը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով հարցում են ուղարկել ԱԳՆ

Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ: Այս նպատակով նրանք հատուկ հարցում են ուղարկել Իսրայելի ԱԳՆ տեղեկատվության ազատության օրենքի կիրառման հարցերով պատասխանատու Արյեհ Զինիին:

Հարցման տեքստում հիշեցվել է, որ Թուրքիան հաստատակամորեն ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Իսկ Ադրբեջանը, ով Հայաստանի հետ հակամարտում է Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայոց ցեղասպանության ժխտման հարցում դարձել է Թուրքիայի գործընկերն ու առաջամարտիկը:

«Դժբախտաբար Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Իսրայելի Պետության կողմից՝ չնայած այդ երկրում հայկական համայնքի առկայությանը և հասարակական, ակադեմիական ու քաղաքական ոլորտում տարվող շարունակական պայքարին: Կարծես թե Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական ժխտման պատճառը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ու ռազմական հարաբերություններով, իսկ վերջերս էլ նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերություններով»,-ասվում է հարցման մեջ:

Նրանք հիշեցրել են, որ դեռևս 2011 թվականին, երբ Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցով լսումներ էին, նախկին փոխարտգործնախարար Դենի Այալոնը, հանձնաժողովի նախկին ղեկավար Ալեքս Միլլերը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձինք ադրբեջանական լրատվամիջոցներին միանշանակ կերպով հայտնում էին, որ Իսրայելը չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով:

Բացի այդ, Մայքը և Աուրոնը փաստել են, որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» պնդումներին ուղղակի և անուղղակի սատարողը՝ կանգնելով այս հարցում Ադրբեջանի և Թուրքիայի կողքին: Նրանք արձանագրել են, սակայն, որ միջազգային հանրությունը միաձայն է այն հարցում, որ 1992 թվականի փետրվարին Խոջալուում կատարվածը ցեղասպանություն չի եղել:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Էիթայ Մաքը և Յաիր Աուրոնը պահանջել են տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, պայմանավորվածության փաստաթղթերի փաթեթը,

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած գրագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ,

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն,

-Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱԳՆ որոշումների և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդդիմանալու լույսի ներքո:

Տեսանյութեր

Լրահոս