Ղարաբաղի հարցով Պուտինը կմերժի Էրդողանին
Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը կրկին փորձում է տեղափոխել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան օրակարգ: Դեռ չեն ավարտվել խոսակցությունները ռուսական կարգավորման «Լավրովի ծրագրի» մասին, մինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թուրք-ադրբեջանական ծրագիր է նախապատրաստվել, որը Թուրքիայի նախագահը պատրաստվում է ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Էրդողան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ:
Էրդողան-Պուտին բանակցությունները նախապատրաստական փուլում են, սակայն նախագահների հանդիպման հստակ ամսաթիվը դեռ չի հրապարակվում: Թուրքիայի նախագահ Էրդողանի ակտիվությունը Ղարաբաղյան հարցում նկատվեց օրերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության շրջանակում, երբ Բաքվում գտնվող թուրք նախագահը նշեց.
«Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Էրդողանը նաև ասել էր, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով հերթական անգամ հիշեցնել, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:
Հինգշաբթի օրը թուրք լրագրողներին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ. «Նախաձեռնություն՝ Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել է Էրդողանը: Թուրք-ադրբեջանական ծրագրի մասին կասկածներն էլ ավելի են առարկայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած մեկնաբանությունից հետո: Ադրբեջանի նախագահը նշել էր, թե Մոսկվայի և Բաքվի միջև չկարգավորված հարցեր չկան: Ուշագրավն այն է, որ սրան զուգահեռ՝ նախապատրաստվում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մխ համանախագահների հետ, ինչը, իհարկե, դեռ հաստատված չէ: Սակայն հայտնի է, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպի ՄԽ համանախագահներին: Հայկական կողմը դեռ լռում է՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու հետ կապված:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական և քաղաքական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին Թուրքիայի մասնակցության, Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափում ԼՂ հարցի քննարկման մասին խոսակցություններ եղել են կարգավորման տարբեր փուլերում, երբ Ադրբեջանը ցանկացել է ինչ-որ լուծում կորզել իր օգտին:
Այս պահին, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը ոգևորվել է տարածաշրջանային եռակողմ համագործակցությունների ինտենսիվությունից, ուստի օգտագործելով տարածաշրջանում ստեղծված այս պահը՝ փորձում է ԼՂ հակամարտության ադրբեջանահաճո կարգավորում Հայաստանին պարտադրել՝ կարծելով, թե այս ձևաչափերն այնքան են բարձրացրել Ադրբեջանի կարևորությունը, որ Ռուսաստանը, Թուրքիան տեղի կտան Ադրբեջանի ցանկություններին: Ուշագրավը, ըստ Ֆելգենգաուերի, այն է, որ Ադրբեջանը դա փորձում է անել իր երկու «մեծ եղբայրների» միջոցով:
«Թուրքիայի առջև Ադրբեջանը հարցեր է բարձրացնում բացեիբաց, իսկ Ռուսաստանին փորձում է ներգրավել իր պրոյեկտներում դիվանագիտական լեզվի միջոցով, քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նման բաց անկեղծություն չեն ենթադրում: Սա, ըստ իս, նորություն չէ: Ադրբեջանը Թուրքիային մշտապես փորձել է ներգրավել, Թուրքիան, իմ տպավորությամբ՝ դա ներկայումս այնքան էլ չպետք է որ ցանկանա, քանի որ դա ավելորդ խնդիր է Թուրքիայի համար, առանց այն էլ խնդիրներն այնքան շատ են: Պարզապես Թուրքիան չի մերժի իր ռազմավարական գործընկերոջը և կփորձի բարձրացնել այդ հարցը՝ հասկանալով, որ այն չի կարող կարգավորվել այդ ձևաչափում»,- ասաց Ֆելգենգաուերը:
Վերջինիս կարծիքով, այս հարցում Թուրքիայի միջամտությունը ներկայումս բացարձակ Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ հատկապես հիմա համանախագահները նույն օրակարգով են առաջ շարժվում, փորձելով գերակայություն տալ Մոսկվայի ջանքերին, ճանաչելով Մոսկվայի հատուկ հարաբերությունները թե Երևանի, թե Բաքվի հետ: Սա, նրա համոզմամբ, գոհացնում է Մոսկվային, Մոսկվային մշտապես անհրաժեշտ է եղել հենց դա` գերակա դիրք Հարավային Կովկասում, որի պատճառով այս հակամարտությունում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է ստանձնել՝ չպաշտպանելով ոչ մի կողմի դիրքորոշումը։
Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը, Թուրքիայի և Ռուսաստանի լարված հարաբերություններն Արևմուտքի հետ, որի պայմաններում, ըստ ադրբեջանական կարծիքի, ամենայն հավանականությամբ, Թուրքիան և Ռուսաստանը կցանկանան գերակա դիրքեր ստանալ տարածաշրջանում՝ կարգավորելով հակամարտությունը, որի համար Ադրբեջանն իր սցենարն է առաջարկում:
Սակայն, ինչպես ներկայիս գործընթացն է ցույց տալիս, ոչ Ռուսաստանը, ոչ էլ նույնիսկ Թուրքիան հետաքրքրված չեն նման ծրագրեր շրջանառելով»,- ասաց Ֆելգենգաուերը:
Վերջինիս համոզմամբ, ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա:
Ըստ ռուս քաղաքագետի՝ հաջորդ խոչընդոտն այն է, որ նույնիսկ Պուտինի համնաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը:
«ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, և հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է:
Բացի Հայաստանից, կան ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները և ընդհանուր առմամբ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որն իրավասու է կարգավորել ԼՂ հակամարտությունը կամ օգնել կարգավորմանը, այլ ձևաչափեր չեն կարող լինել»,- պնդեց Ֆելգենգաուերը:
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ևս անհեռանկարային է համարում թուրքական նախաձեռնությունը՝ գտնելով, որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս հարցում ընթանալ Վաշինգտոնի շահերի դեմ, քանի որ ԼՂ հակամարտությունը ներկայումս հանձնված է Մինսկի խմբին, իսկ Մինսկի խումբը մեծ առավելություն է տվել Ռուսաստանին:
«Իրենք՝ ամերիկացի համանախագահներն են նշում, որ հակամարտության կարգավորման գործընթացը կարող է վարել այն երկիրը, որն այդ պահին կարող է կողմերին համոզել կառուցողական դիրք գրավել»:
Քաղաքագետի համոզմամբ՝ այդ նախաձեռնությունն առավել ևս ապակառուցողական է, հաշվի առնելով այն փաստը, որ ՄԽ համանախագահներն արագացնում են բանակցային գործընթացը: «Նախագահական հանդիպումից անմիջապես հետո հաջորդ նախարարական հանդիպումն է կազմակերպվում, ուշագրավ հայտարարություններ են հնչում կողմերից, որոնք վերաբերում են կարգավորմանը, այսինքն` կողմերն ինչ-որ ծրագիր են քննարկում, Ռուսաստանը մասնակցում է, կազմակերպում այդ գործընթացը, և հիմարություն կլինի Ռուսաստանից այլ բան ակնկալել»,- նկատեց Ռարը:
Փորձագետները մեծ սպասելիքները չունեն Մոսկվայում կայանալիք եռակողմ նախարարական բանակցություններից: Ըստ Ֆելգենգաուերի, սովորաբար նման հանդիպումներից հետո հերթապահ հայտարարություններ են տարածում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
«Իմ համոզմամբ, այս հանդիպումների ընթացքում լուրջ հարցեր չեն քննարկվում, բացի շփման գիծը, սահմանը, իրավիճակը հակամարտության գոտում և որոշ դետալներ: Կարևոր հարցերը բանակցում են նախագահները, որոնց հանդիպումները կազմակերպելու տեսանկյունից կարևոր են նախարարական հանդիպումները, դրանց ընթացքում բազում աշխատանքային հարցեր են քննարկվում»,- ասաց ռուս քաղաքագետը:
Ռարի կարծիքով՝ այս պահին նույնիսկ նախագահական հանդիպումը բեկում չի կարող մտցնել իրավիճակում, քանի որ երկու երկրներում ներքաղաքական փոփոխություններ են նախատեսվում:
«ՄԽ համանախագահների խնդիրն է, որպեսզի հակամարտող երկրներն այդ փոփոխություններն անցնեն հնարավորինս անցնցում ԼՂ հակամարտության համար»,- նկատեց նա: