Տնտեսական աճը կուռք մի դարձրեք

Ռուսաստանում ընդունում են, որ իրենց տնտեսությունը վատ վիճակում է, և անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Այստեղ պետք է հատուկ շեշտել՝ վատ վիճակ ասելով՝ հասկանում են ոչ թե՝ ընթացիկ տնտեսական ցուցանիշների տխուր վիճակը, այլ՝ ավելի խորն են նայում խնդիրներին։

Ռուսաստանցի գրեթե բոլոր տնտեսագետները (որոնց թվում կան համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ) համակարծիք են գլխավոր հարցում՝ նավթային դարաշրջանն ավարտվել է, և տնտեսության որակը պետք է արմատապես փոխվի։

Բանավեճը մեթոդների հարցում է և տեսլականի՝ ինչ տնտեսություն է ունենալու Ռուսաստանը 10-15 տարի անց, և ինչպես հասնել դրան։ Ընդ որում, Ռուսաստանում մասնագիտական բանավեճը, ի տարբերություն Հայաստանի, բուռն է ընթանում. մի մասը գտնում է, որ պետությունը պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկի՝ այս պահին տնտեսական աճը արագ վերականգնելու համար։ Մյուսները՝ հակառակը՝ կարծում են, որ տնտեսական աճի տեմպերn արագ վերականգնելը դժվար բան չէ, սակայն ապագայում դա կարող է տնտեսական աղետի բերել։

Այս տեսակետի կողմնակիցներից է Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն։ Forbes-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ ժամանակակից տնտեսական քաղաքականության խնդիրներից մեկը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքների կոնֆլիկտն է։ «Այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում աճի լավ ցուցանիշներ ապահովել, երկարաժամկետ հեռանկարում վնասակար է։ Եվ հակառակը. այն, ինչն ապահովում է համաշխարհային միջինից բարձր, կայուն աճի տեմպ 10 տարվա ընթացքում, ընտրողին հնարավոր չէ ներկայացնել կարճաժամկետ հեռանկարում»։ Տնտեսագետը սա անվանում է քաղաքական թակարդ կամ՝ պոպուլիզմի թակարդ, երբ կարճաժամկետ հաջողություններն ավելի կարևոր են համարվում, քան ռազմավարական հաջողությունները։

Վլադիմիր Մաուն խոսում է Ռուսաստանի տնտեսության մասին, սակայն նրա արտահայտած շատ մտքեր տեղին են նաև Հայաստանի համար, և վատ չէր լինի, եթե տնտեսական բլոկի պատասխանատուները հաշվի առնեին այս ամենը։

Օրինակ՝ Մաուն խորհուրդ է տալիս չափից մեծ նշանակություն չտալ տնտեսական (ՀՆԱ-ի) աճի ցուցանիշին, կամ, ինչպես ինքն է ասում՝ չֆետիշացնել այն՝ ընդգծելով, որ տնտեսական աճի տեմպը տնտեսության հաջողության կամ անհաջողության միանշանակ չափանիշ չէ։ «Չէ՞ որ տնտեսական աճը կարևոր է ոչ թե` ինքն իրենով, այլ՝ որպես բարեկեցության աճն արտացոլող ցուցանիշ։ Պետք է ավելանան բնակչության բարեկեցությունն ու զբաղվածությունը, ոչ թե ՀՆԱ-ի աճի անվանական տեմպերը»,- ասում է նա։

Ասել, որ Հայաստանում այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում, իհարկե, սխալ կլինի։ Ավելին, դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք որոշվեց, որ այսուհետ պետք է թիրախավորվի ոչ թե տնտեսական աճի, այլ տնտեսական զարգացման ցուցանիշը (ճիշտ է, հետագայում, այս ցուցանիշը մոռացվեց)։

Սակայն հայրենի կառավարությունները (ներկա ու նախկին) երբեմն-երբեմն տնտեսական աճի ցուցանիշով պարծենալու գայթակղությանը տրվում են։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա իշխանությունները մինչ օրս հիշեցնում են իրենց օրոք գրանցված երկնիշ աճը։

Ներկայիս կառավարությունն ի սկզբանե հայտարարել է, որ տնտեսական աճի ցուցանիշն իրենց համար ինքնանպատակ չէ, և, որ ավելի շատ շահագրգռված են հիմքեր ստեղծել հետագա կայուն և առողջ աճի համար։ Սակայն վերջին շրջանում առիթը բաց չեն թողնում՝ դիվանագիտորեն հիշեցնելու համար, որ կանխատեսվող 3.2% աճի փոխարեն՝ արդեն ունենք 6%-ի չափ աճ, և տարին կփակենք 4-5%-ի շրջակայքում։ Ավելին, կառավարության գործունեության 1 տարվա հաշվետվությունը նույնպես «թվային էր»՝ շեշտը դրված էր տնտեսական աճի, հարկերի աճի, արտահանման աճի և այլնի վրա։ Այսինքն՝ առաջին պլանում ցուցանիշներն էին։

Ի դեպ, Վլադիմիր Մաուն հետաքրքիր դիտարկումներ է արել նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության առումով։

Օրինակ, նա նշում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, ինչին ձգտում է կառավարությունը, շատ բան չի փոխի։ «Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսության դրամավարկային խթանման միջոցները լավագույն դեպքում կարող են մեղմել ճգնաժամը, սակայն չեն նպաստում տնտեսական աճին։

Տնտեսական աճի ցածր տեմպերը և ներդրումային թույլ ակտիվությունը պայմանավորված են նախևառաջ՝ կառուցվածքային և ինստիտուցիոնալ սահմանափակումներով, ոչ թե՝ դրամավարկային»,- ասում է նա։

Ըստ Մաուի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կարող է հակառակ արդյունքի բերել. այն կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի, դրան զուգահեռ՝ արժույթի թուլացման և բարձր գնաճի, ինչի հետևանքով՝ հարկ կլինի կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Կառավարության նիստերից մեկի ժամանակ Կարեն Կարապետյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան՝ ԿԲ նախագահը նշել էր, որ, եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն (2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս)։

Ճիշտ է, դրանից հետո տոկոսադրույքն իջեցվեց ևս 0.25 տոկոսային կետով, սակայն ԿԲ-ն իր հաղորդագրությամբ ընդգծեց, որ սա այս պահին ստորին շեմն է, և դրանից ավելի նվազեցումը ռիսկեր է պարունակում։

Հարկերի մասով ևս հետաքրքիր մտքեր կան։ Ըստ Մաուի, հարկային համակարգը կարելի է կատարելագործել և բարելավել, սակայն պետք է հասկանալ, որ այժմ կայունությունն ավելի կարևոր է, քան բարելավումը: «Իհարկե, իդեալական հարկային համակարգեր չկան, սակայն մեր պայմաններում ավելի ճիշտ է պահպանել դրա կայունությունը»,- ասում է տնտեսագետը։

Կան նաև այլ հետաքրքիր մտքեր, սակայն չենք կասկածում, որ ՀՀ կառավարության կազմում այս ամենի մասին ավելի լավ գիտեն։ Սրանք պարզապես կողքից հիշեցումներ են։

Տեսանյութեր

Լրահոս