Բաժիններ՝

«Հասոյի քռա». Գեղարքունիքի ամենաբարձրադիր ամրոցը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 15 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, ծովի մակարդակից 3150 մետր բարձրության վրա է գտնվում մարզի ամենաբարձրադիր ամրոցը, որի պարիսպները ձգվում են մոտ 850 մետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, ամրոցը պետական պահպանության ցանկում ընդգրկվել է իր առաջարկությամբ, «Հասոյի քռա» անվամբ, 2003 թվականին:

Այն գիտական բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի, քանի որ հիմնականում անհայտ է եղել պատմագիտական շրջանակներին:

«Առաջին անգամ մեզ Վարդենիսի լեռնաշղթայի բարձր կատարներից մեկի գագաթին գտնվող հուշարձան է ուղեկցել Մարտունի քաղաքի բնակիչ Վոլոդյա Բաղդասարյանը, 1998 թվականի ամռանը: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ գործ ունենք հնավայրի հետ, որն ընդգրկում է մինչեւ 35 հեկտար տարածք եւ որտեղ առկա է առանց շաղախի շարված պարիսպ՝ 1,20 մետր լայնությամբ եւ 850 մետր երկարությամբ, նաեւ՝ բնակատեղիների հետքեր:

Հավանաբար, ամրոցը գիտական շրջանակների համար անհայտ է եղել իր բարձր, հեռավոր ու դժվարամատչելի դիրքի պատճառով:Եթե կիկլոպյան ամրոցների դեպքում մենք գործ ունենք հսկայական կոպտատաշ քարերի շարվածքի հետ, ապա այս դեպքում գործ ունենք հիմնականում փոքր ու թեթեւ եւ հղկված քարերի շարվածքի հետ, որը բավականին հետաքրքիր ճարտարապետական հղացում ունի:

Թե երբ է այն կառուցվել եւ ինչ նպատակով, առայժմ դժվար է հաստատել, քանի դեռ այստեղ հնագիտական պեղումներ չեն իրականացվել: Ենթադրվում է, որ հնավայրը եղել է ամրոց կամ որսավայր: Եթե հաստատվի, որ այն որսավայր է, ապա այն կունենա ավելի վաղագույն տարիք, քան թե ամրոցի դեպքում է, որը, ենթադրաբար, կարելի է թվագրել մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին հազարամյակով: Որսավայրի վարկածը հավանական է այնքանով, որքանով որ այս տարածքում այժմ էլ բնակվում են արջեր եւ քարայծեր, արծիվներ, թռչունների եւ կենդանիների այլ տեսակներ:

Ժողովրդի հիշողության մեջ պահպանված «Հասոյի քռա» կոչվող տարածքից մի քանի կիլոմետր դեպի արեւմուտք, Սեւ սարի ստորոտում պահպանված է ժայռապատկեր՝ տիեզերական քարտեզի նշաններով, որը գիտնականները թվագրում են մեր թվարկությունից առաջ 3-2 հազարամյակով, իսկ հյուսիսային ձորի երկու լեռնալանջերով տասնյակ կիլոմետրերի վրա երկու հնագույն ջրանցքներ են ձգվում, որոնցից մեկը գործում է նաեւ այսօր:

Ամրոցի տարածքից, ինչպես ափի մեջ, չորս կողմերից երեւում են բոլոր ճանապարհները, բնակավայրերը եւ լեռնային բարձրությունների վրա կառուցված ամրոցները: Այն, բացառությամբ դիմացի լեռան Սարի սուրբ կոչվող մատուռի, իշխող դիրք ունի մնացած հնավայրերի կամ հուշարձանների նկատմամբ: Այստեղից երեւում են մինչեւիսկ Սեւանա լճի հյուսիսային ափի լեռնային ամրոցներն ու բնակատեղիները»,-ներկայացրեց Նորիկ Հազեյանը:

Մասնագիտությամբ ճարտարապետ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության նախկին պետ Դերենիկ Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Հասոյի քռա» հուշարձանը շատ ավելի բերդ-ամրոց է հիշեցնում, որի տարածքից տասնամյակներ առաջ ինքն ու իրեն տարեկից դպրոցականները լեռան գագաթին շրջագայելիս գտել են նիզակի եւ նետի երկաթյա ծայրակալներ:

«Բերդ-ամրոցը, իմ կարծիքով, մոտ գտնվելով Սելիմի լեռնանցքին, եղել է Իրանից եկող քարավանային ճանապարհը հսկող ամրություններից մեկը: Նույն հուշարձանի հյուսիսային ստորոտում պահպանված են քարավանային ճանապարհի հետքեր, որոնք հարավից գնում են դեպի արեւելք, հյուսիս եւ արեւմուտք: Բերդ-ամրոցը հսկել է տարածքի բարձրադիր բերդ-ամրոցներին, որոնց զգալի մասը եւս քիչ է ուսումնասիրված: Առանձնահատուկ է նաեւ նրա շարվածքը, որի ստորին եւ վերին մասերը, ենթադրաբար, ժամանակին պատված են եղել չթրծված կավով: Հավանաբար, այն մեկն է Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում կառուցված բերդ-ամրոցներից, որը բրոնզե դարից հասել է մինչեւ երկաթի դար»,-նշեց Դերենիկ Հովհաննիսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս