«Հայաստանի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է»

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ իշխանությունների միջև վերջերս տեղի ունեցած «փոխհրաձգային երկխոսությունը», այնուհետև՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածել ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է՝ որպեսզի թիրախային երկրները «կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն», որոշ վերլուծաբանների մոտ կասկածներ առաջացրին, որ նոյեմբերին Բրյուսելում ԱԼԳ գագաթաժողովի ժամանակ նախատեսվող ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրումը վտանգված է: Սակայն ՀՀ պաշտոնյաները պնդում են` փաստաթուղթը կստորագրվի հենց այս աշնանը:

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «168 Ժամի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Լավրովի հայտարարությունը բոլորովին էլ ուղղված չէ Հայաստանին, և կարիք չկա կասկածի տակ դնել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը:

Ըստ նրա` Եվրամիությունը նախկինում Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրերի դեպքում պարիտետ էր պահում, փաստաթղթերն ընդունվում և վավերացվում էին նույն տարիներին, սակայն այսօր Հայաստանն արդեն նախաստորագրել է համապարփակ և խորը համագործակցության պայմանագիրը, որը ՀՀ դիվանագիտության աշխատանքի արդյունքն է և քաղաքական գնահատական է պարունակում: Ա.Աշոտյանը շեշտեց, որ Հայաստանն այժմ 1 տարի առաջ է ընկնում Ադրբեջանից:

«Ադրբեջանի համեմատ՝ առավելություն ունենք ԵՄ-ի հետ հարաբերություններում, և դա Հայաստանի ավելի լավ աշխատանքի և ԵՄ-ի կողմից համահարթեցման սկզբունքի վերանայման արդյունք է»,- ասաց նա:

Ա.Աշոտյանի կարծիքով` ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի և նախորդ համաձայնագրի միջև զուգահեռները տեղին չեն, որովհետև այն նախաստորագրված չէր, իսկ այս մեկը նախաստորագրված է, նաև Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արևելյան գործընկերության տարածքում ՌԴ-ի հետ հնարավոր փոխգործակցության առումով, քան գործող կազմը. «Անկախ սանկցիաներից, որոնք գոյություն ունեն այլ պատճառներով, ԵՄ-Ռուսաստան բախում Արևելյան գործընկերության այս գոտում բուն գործողությունների մեջ չի կանխատեսվում: Հետևաբար` ակնհայտ է, որ այս հարցի օրակարգային դարձնելը հետաքրքիր է լրատվամիջոցների կամ փորձագիտական շրջանակների համար»:

Ա.Աշոտյանն անկեղծացավ` ճիշտ չէ առհասարակ որևէ օղակի կողմից բարձրաձայնել խնդիր, որ ոմանք մտահոգված են, որ այդ պայմանագիրն առհասարակ կարող է չստորագրվել. «Այդ համաձայնագիրը ստորագրվելու է Բրյուսելում՝ նոյեմբերին: Մենք որևէ դաշնակցային պարտականություններ չենք անտեսում այլ ձևաչափերում, բայց մենք չենք հակադրել մեր եվրոպական համագործակցության վեկտորը մեր ռազմավարական հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի հետ»:

Նա վստահություն հայտնեց, որ Պյոտր Սվիտալսկու հետ ՀՀ իշխանությունների հեռակա բանավեճը չի ազդել ոչ մի կողմի քաղաքական մտադրությունների վրա:

Ավելին, ըստ նրա՝ Ադրբեջանի դիրքը որոշ միջազգային կառույցներում թուլանում է: Մասնավորապես, խոսքը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մասին է, որտեղ հետաքննություն է սկսվել՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ ԽՎ-ում կաշառակերության սկանդալային դեպքի հետ, որ ԵԽ ԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ: Հետաքննության արդյունքները Եվրոպայի խորհուրդը կհրապարակի 2017 թվականի վերջին:

«Կոռուպցիոն վերջին սկանդալը, որ ծագեց և զարգանում է ԵԽ ԽՎ-ում, Ստրասբուրգում, որտեղ լումա ունի նաև Ադրբեջանը, բերում է նրան, որ գալիք 2-3 տարիների ընթացքում ԵԽ ԽՎ-ում, որտեղ այս հանցավոր մեխանիզմը բացահայտվեց և պատժման ընթացքում է, այլևս ադրբեջանական մեծ ագրեսիվ գործողությունների հնարավորությունները սահմանափակ են լինելու, և ադրբեջանական դիվանագիտության հիմնական հարվածն արդեն տեղափոխվում է Ստրասբուրգից դեպի Բրյուսել: Եվ հիմնական թիրախը, խորհրդարանական դիվանագիտության պաշտպանական գիծն այսօր մեզ համար դառնում է Եվրոպական խորհրդարանը և այդ խորհրդարանից բխող ձևաչափերը` Եվրոնեսթը, այլ միջազգային կառույցները, որտեղ Բրյուսելը` որպես ԵՄ, ներկայացված է: Այսինքն` ակնկալեք ադրբեջանական լոբբինգի սրացումներ Բրյուսելում, Եվրախորհրդարանում, որովհետև մեր ստույգ տեղեկություններով` կոռուպցիոն մեքենան, որ աշխատում էր Ադրբեջանի մասին դրական կարծիք և որոշումներ կայացնելու ուղղությամբ, այսօր Ստրասբուրգից տեղափոխվում է Բրյուսել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` Բրյուսելում ակտիվացել են ադրբեջանական լոբբիստները, ադրբեջանական պատվիրակություններն այցելում են Բրյուսել, և մեր ճակատը մոտակա ամիսներին հենց Եվրախորհրդարանն է, ոչ թե՝ ԵԽ ԽՎ-ն:

Անդրադառնալով ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանն Ադրբեջանին` Ա.Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու և ռազմատենչ հայտարարությունները, քաղաքականությունը.

«Զինադադարի խախտման դեպքերն արդեն տարերային բնույթ չեն կրում: Փառք հայոց բանակին, որ պատասխան գործողություններով կարողանում է սահմանափակել, սանձել ադրբեջանական լոկալ ագրեսիան, բայց մի կարևոր հանգամանք հաշվի առնենք` Հայաստանի համար ամեն մարդ արժեք է, ամեն զինվոր, որ մահանում է այդ գործողությունների ժամանակ, արժեք է, որովհետև և՛ մենք ենք քիչ, և՛ մարդկային կյանքի գինը Հայաստանում շատ ավելի բարձր է:

Ադրբեջանում, որտեղ չկան ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ մամուլը փակ է, որտեղ մարդկանց շատ հաճախ վերաբերվում են ոչ թե՝ որպես անհատականությունների, այլ՝ հոտի, այդ կորուստների գինն իրենց համար ազդեցություն չունի: Հետևաբար` մենք համակարգչային խաղ չենք խաղում, որ ասենք` մեր կողմից մահացել է X թվով զինվոր, բայց իրենց կողմից մահացել է 10 X: Բնական է, որ հակահարձակ լինելով, սանձելով ադրբեջանական ագրեսիան, պատճառելով նաև անդարձելի կորուստներ՝ մենք նաև վերականգնում ենք մեր հպարտությունն ու մեր ամրությունն ենք ուժեղացնում, բայց մարդկային կյանքերի տեսանկյունից դա բացարձակ սփոփում չէ»:

«168 ԺԱՄ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս