Բաժիններ՝

Արևմտյան հինգ գիտնականներ «ասիական Նոբելյան մրցանակի» դափնեկիրներ են դարձել

Արեւմտյան հինգ գիտնականներ այս տարի կարժանանան Shaw Prize հեղինակավոր մրցանակին, որը համարվում է Նոբելյան մրցանակի ասիական անալոգը: Այդ մասին հայտարարել են այս պարգեւի կազմկոմիտեում, որը 2002 թվականին հիմնվել է այժմ հանգուցյալ հոնկոնգցի մուլտիմիլիոնատեր եւ մեդիամագնատ Շաո Իֆուի կողմից:

Աստղագիտության բնագավառում մրցանակը կստանա Սայմոն Ուայթը՝ Գերմանիայի Մաքս Պլանկի ընկերության աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրենը «Տիեզերքում կառուցվածքագոյացման գործընթացի ըմբռնման մեջ ներդրած ավանդի համար»:

Կյանքի եւ բժշկության մասին գիտությունների բնագավառում պարգեւը կկիսեն ամերիկացի գիտնականներ Յան Հիբոնսը՝ Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանից, եւ Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Ուեյլը:

Նրանք ուսումնասիրել են այսպես կոչված մոլեկուլյար սպիտակուցների կառուցվածքի եւ գործառման առանձնահատկությունը, ինչպիսիք են կինեզինը եւ դինեինը, որոնք մասնակցում են բջիջների ներսում «բեռների» տեղափոխմանը: Դա կարող է բեկում առաջացնել քաղցկեղի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման բնագավառում:

Ինչ վերաբերում է մաթեմատիկայի բնագավառի դափնեկիրներին, ապա այստեղ նշվել է Փենսիլվանիայի համալսարանից ամերիկացի Յանոս Քոլարի եւ նրա ֆրանսիացի գործընկեր Կլյայր Վոյիսինի վաստակը՝ «հանրահաշվական երկրաչափության ուսումնասիրման բազմաթիվ բնագավառներում ունեցած զգալի ներդրման համար»:

Shaw Prize մրցանակը ԱՄՆ-­ի 1,2 մլն դոլարին համարժեք դրամական գումար է երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում, որը հավասարապես բաժանվում է դափնեկիրների միջեւ: Պարգեւատրման արարողությունը սեպտեմբերի 26­-ին տեղի է ունենալու Հոնկոնգում: Ընդհանուր առմամբ արդեն այս պարգեւին արժանացել են տարբեր երկրների 70­-ից ավելի գիտնականներ: Նրա հիմնադիր Շաո Իֆուն 2004 թվականին վախճանվել է 106 տարեկան հասակում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս