
Ինչից է առաջանում գարեջրային որովայնը և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ

Գարեջրային որովայնն առաջանում է սննդից ստացվող ավելորդ կալորիաների և ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի համադրության արդյունքում, ինչը տարածված է գարեջրի սիրահարների շրջանում, Lenta.ru-ին պատմել է РОСБИОТЕХ համալսարանի դիետոլոգիայի ամբիոնի դոցենտ, գաստրոէնտերոլոգ Անաստասիա Լեբեդևան։
«Գարեջուրը 85 տոկոսով բաղկացած է ածխաջրերից, և մեկ շիշ գարեջրում մոտավորապես այնքան կալորիա կա, որքան պարունակում է կարագով մեկ կտոր հացը,- ասել է Լեբեդևան։ -Գարեջրի կանոնավոր օգտագործումը, հատկապես երեկոյան ժամերին, կարող է արագ հանգեցնել ներքին ճարպի կուտակմանը։ Գարեջրի օգտագործումը հաճախ ուղեկցվում է ճարպոտ ու աղի մթերքներով, և մեկ երեկոյի ընթացքում ընդունվող կալորիաների քանակը հեշտությամբ կարող է հասնել 1000-ի և ավելի»։
Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ թույլատրելի է միայն չափավոր օգտագործումը՝ շաբաթական ոչ ավել, քան 200-300 մլ, այն էլ՝ առողջական խնդիրների բացակայության պայմաններում։
«Եթե որովայնի ծավալը մեծանում է նույնիսկ գարեջրի հազվադեպ օգտագործման դեպքում, արժե դիմել բժշկի՝ հետազոտության նպատակով։ Որովայնի չափերի աճը կարող է կապված լինել լուրջ առողջական խնդիրների հետ, որոնք շատ ավելի հեշտ է շտկել վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում»,- եզրափակել է բժիշկը։