
Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է արդեն 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին

Լեհաստանի տարածքում ներկայում հայտնաբերվել են 12 անօդաչու թռչող սարքերի և հրթիռի բեկորներ: Այս մասին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկայան։
«Անօդաչու թռչող սարքերի բեկորներ հայտնաբերվել են 12 բնակավայրերում: Խոսքը 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների մասին է»,- հստակեցրել է նա՝ հավելելով, որ հայտնաբերվել են նաև անհայտ ծագման հրթիռի բեկորներ:
Գալեցկայան հայտնել է, որ բեկորների հայտնաբերման վայրերում աշխատում են իրավապահ մարմինների ու դատախազության աշխատակիցները:
Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր երկրի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերի չեզոքացման գործողություն իրականացնելու մասին։ Տագնապով օդ բարձրացած Լեհաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդուժը խոցել է դրանք: Ներկայում Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը ու ավիացիան վերադարձել են բնականոն ծառայության:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողներին ասել էր, որ անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, հավանաբար, լայնածավալ սադրանք էր։