Բաժիններ՝

Խորովված բարոյականություն

Անցած երկու օրերին համացանցն ու սոցիալական ցանցերը ողողված են մի տեսանյութով, որում ինչ-որ ճոխ հարսանեկան արարողության ժամանակ գինովցած երիտասարդներ Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում խորոված են անում։

Բնականաբար, արձագանքներն ու կարծիքները խիստ բացասական են. խայտառակություն, անպատկառություն, սրբապղծություն… այս և նման այլ որակումներով են քաղաքացիները գնահատում տեղի ունեցածը։ Բոլոր այդ գնահատականները տեղին են, տեղի ունեցածն իսկապես արժանի է ամենախիստ քննադատության։

Մյուս կողմից, սակայն, կատարվածը շատ համարժեք է այն իրականությանը, հանրային-քաղաքական այն հարաբերություններին ու կացութաձևին, որում ապրում է Հայաստանը։ Հանրապետության հրապարակում խորոված անելն արգելող օրենք, բնականաբար, չկա։

Գուցե վատ է, որ չկա, և գուցե արժե Հայաստանում ևս ընդունել ամերիկյան շատ նահանգներում գործող ու հաճախ անհեթեթության հասնող օրենքներ այն մասին, որ, օրինակ, հրապարակում խորոված անելն արգելվում է, կամ Կարապի լճում չի կարելի խմբակային լոգանք կազմակերպել։ Խնդիրը, սակայն, ոչ թե ֆորմալ, այլ չգրված օրենքներն են, որոնք Հայաստանում խախտվում են ամեն օր ու բոլորի կողմից։ Մեր բոլոր արատավոր երևույթների մեծ մասը հենց չգրված, բարոյական օրենքների խախտման հետևանք են։

Որևէ իրավական ակտով արգելված չէ սեփական զարմիկին որևէ պաշտոնի նշանակելը կամ թիկնապահին ներմուծման քվոտա տրամադրելը։ Այդ և նման շատ երևույթներ մեր իրականության մեջ տեղ ունեն հենց չգրված, բարոյական օրենքների խախտման պատճառով։ Իշխանությունը, մեծ հաշվով, գոյատևում է հենց չգրված, բայց կենսականորեն անհրաժեշտ տասնյակ, հարյուրավոր օրենքներ, նորմեր խախտելու շնորհիվ։

Բայց հանուն արդարարության պետք է նշել, որ այդկերպ գոյատևում է ոչ միայն  իշխանությունը, այլև հասարակությունը գրեթե ամբողջությամբ։ Մենք՝ որպես հասարակություն, չունենք արատավոր երևույթները (կաշառք՝ և տալը, և վերցնելը, ընտրակաշառք, հանցավոր անգործություն կամ կանխամտածված հանցագործություն, պաշտոնական դիրքի չարաշահում) մերժելու ներքին մեխանիզմ, այդ երևույթների կրողներին արգահատանքով վերաբերվելու, մարգինալացնելու համընդհանուր կանոն։ Ճիշտ հակառակը՝ մենք բողոքում ու դժգոհում ենք այդ արատներից ոչ թե այն պատճառով, որ դրանք հակաօրինական են ու ապաբարոյական, այլ որովհհետև մենք՝ բողոքողներս, դրա ոչ թե շահառուն ենք, այլ դրանից տուժողը։

Նույն այդ մեխանիզմն է ընկած ընդդիմություն-իշխանություն պայքարում։ Ընդդիմությունը՝ քննադատելով իշխանությանը երկրում առկա արատների, անօրինականությունների համար, այդպես է վարվում ոչ թե իշխանության գալու ու դրանք վերացնելու, այլ իշխանության գալու ու դրանք ի պետս իրեն շարունակելու համար։

Հանրապետության հրապարակում խորովված չալաղաջները, այսպիսով, մեր իրականության խտացված արտահայտությունն են, որոնք, բնականաբար, ավելի երջանիկ չեն դարձնելու դրա առիթ հանդիսացած նորապսակներին։

Խորովածն ընդամենն ավելացնելու է դրա հեղինակների՝ ամենակարողության ու ամենաթողության զգացումը, որը Հայաստանում գոյություն պահպանելու, տեսակային պայքարում հաղթելու պարտադիր պայմաններից մեկն է։ Ամենաթողությունն ու անպատժելիությունն այն կատեգորիաներն են, որոնց Հայաստանում ձգտում են գրեթե բոլորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս