Կարողանանք ներել

Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի մահն ու հոգեհանգիստը, ինչն անցած շաբաթվա ընթացքում անընդհատ մնում էր համաշխարհային հանրության
ուշադրության կենտրոնում, հետաքրքիր մտորումների առիթ եղավ։

Նախ՝ բավական շատ խոսվեց Խորհրդային Կայսրության վերջին եւ ճակատագրական
տասնամյակի մասին եւ ընդգծվեց Հռոմի պապի դերն այդ կայսրության թուլացման ու փլուզման գործում։ Ապա՝ այդ ամենի վերհիշումն անցած մեկուկես տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող դեիմպերիզացիայի ֆոնի վրա, պատճառ եղավ արժեւորելու այն ձեռքբերումները, որոնք ունեցանք Ռուսաստանից անջատվելուց հետո, եւ առիթ եղավ գնահատելու այն կորուստները, որոնք ունեցանք այդ ձեռքբերումներից աստիճանաբար կամ մաս-մաս հրաժարվելու հետեւանքով։

1978-ին, Սոցիալիստական Լեհաստանից ընտրված քահանայապետը ջերմացրեց սառը պատերազմը, բայց ոչ թե՝ այն թուլացնելու, այլ՝ առավել հզոր դարձնելու համար։ Նա նշեց հավատի եւ սիրո ճանապարհը, ինչից տասնամյակներ շարունակ այդպես խորշում կամ գուցե վախենում էին կայսրության ղեկավար-առաջնորդները։

Հռոմի պապի մահը նաեւ առիթ եղավ մտածելու քրիստոնեական հավատի ամենահիմնարար սկզբունքի՝ ներման մասին։ Պապն իր վարքով ու գործունեությամբ տվեց այդ առիթը։ Ներելով իր դեմ մահափորձ կատարած եւ դատապարտված թուրք ահաբեկիչ Ալի Աղջային, նա, ըստ էության, ներեց նաեւ այդ երիտասարդի պատվիրատուներին, ովքեր՝ ըստ չապացուցված, բայց բավականաչափ հավաստի տեղեկությունների, ծառայում էին սովետական Խթը-ին, Սոցիալիստական
Գերմանիայի եւ Բուլղարիայի գաղտնի ծառայություններին։

Ի՞նչ զգացին ահաբեկչության պատվիրատու-կազմակերպիչներն անձամբ, դժվար է
ասել, բայց որ այդ ներումը մի քիչ էլ սասանեց «չարիքի կայսրությունը», պարզ է ու պարզ։ Որովհետեւ աշխարհի միլիարդավոր քրիստոնյաների Տերը՝ Հիսուս Քրիստոսը, չէր ասում՝ «Ակն ընդ ական», այլ ասում էր՝ «Սիրիր մերձավորիդ», ինչը նշանակում է՝ տես նրան, ով քո կարիքն ունի։

Ալի Աղջան ակնհայտորեն ուներ Պապի կարիքը, որովհետեւ ամեն ինչից բացի՝ նա այդ քայլին էր գնում Պապի հաշվին անուն ու ճանաչում ունենալու համար։ Պապը հասկացավ այդ «մեղավոր կարիքն» ու ներում շնորհեց նրան, որպեսզի քրիստոնյա հանրությունը եւս մեկ անգամ հասկանա, թե ինչ է նշանակում «չարիքի կայսրություն»։ Համեմատաբար երիտասարդ ընթերցողին հիշեցնենք, որ կայսրությունն այդ ժամանակ իր բանտերում ու աքսորավայրերում անմարդկային պայմաններում պահում էր միանգամայն անմեղ մարդկանց, ովքեր համարձակություն էին ունեցել քննադատելու տիրող իրավիճակն ու այդ իրավիճակը ծնող կարգերը։

Ներելու ընդունակ մարդն անշուշտ կարող է նաեւ մեղա գալ, այսինքն՝ ներում խնդրել։ Քահանայապետը մեղա եկավ իր եկեղեցու կատարած անարդար գործերի համար։ Արդարացրեց հավատաքննության զոհ դարձած լուսավոր մարդկանց։ Պապը վերացրեց հրեաների վրա կաթոլիկ եկեղեցու դրած նզովքը եւ որպես եղբայրության հաստատում՝ մտավ հրեական տաճար։ Նա եղավ նաեւ մահմեդականների տաճարում՝ այդպիսով տալով սիրո ու եղբայրության պատգամ։

Եվ այն օրերին, երբ կաթոլիկ հավատացյալները հրաժեշտ էին տալիս իրենց քահանայապետին, ու մենք էլ հետեւելով այդ իրադարձությանը` մտածում էինք սիրելու, ներելու եւ ներում խնդրելու մասին, Ռուսաստանը պատրաստվում էր Մեծ Հայրենական պատերազմում իր տարած հաղթանակի 60-ամյակին։ Ռուսաստանն այս հոբելյանն ուզում է վերածել իր գերազանցության տոնի, մինչդեռ Արեւմուտքը, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթիկայի երկրները պահանջում են մեղա գալ ու ներում խնդրել ստալինիզմի բռնությունների եւ անարդարությունների համար։

«Հաղթողին չեն դատում» սառնասրտությամբ Ռուսաստանը շարունակում է պատրաստվել իր տոնին՝ հավանաբար նկատի ունենալով, որ պերեստրոյկան ու դրա հետեւանքով ԽՍՀՄ փլուզումն արդեն քավության ճանապարհ էին։ Եվ եթե, ասենք, Լեհաստանը կամ Մերձբալթյան հանրապետությունները հիմա Ռուսաստանի ազդեցության ոլորտում չեն, դա այդ տերությանն արդեն ազատում է մեղքից, եւ ավելորդ ռեւերանսներն իմաստ չունեն։ Ռուսաստանը մտածում է, որ ներում խնդրելով՝ կկորցնի իր առանց այդ էլ կորցրած հզորությունը, եւ իր ժողովուրդը չի հասկանա, թե ինչու կամ ինչպես է աշխարհի երբեմնի մի բեւեռը ներում խնդրում ինչ-որ մանր-մունր մերձբալթիկաներից եւ մյուսներից։

Պուտինին խանգարողը հասարակական կարծիքը չէ։ Պուտինին սեփական մտակերտվածքն է խանգարում։ Բայց եթե անգամ Ռուսաստանի նախագահը միտք
ունենար ներում խնդրելու, ապա շրջապատի դիմադրությունը թույլ չէր տալու։
Շրջակա չինովնիկներն ասելու էին. «Շեֆ, մի մոռացեք, որ մենք ենք հաղթությամբ ավարտել Երկրորդ աշխարհամարտը»։ Մի ուրիշն էլ ասելու էր. «Դրանց չարժե երես տալ», եւ նման այլ բաներ։

Ես վստահ եմ ու համոզված, որ Հռոմի քահանայապետի շրջապատում էլ եղել են մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են նրան ներելուց եւ ներում խնդրելուց, ավելորդ հանդուրժողականությունից հետ պահելու համար։ Եվ որպես փաստարկ՝ անպայման բերել են եկեղեցու թուլացման հանգամանքը։ Այսինքն՝ ասել են, թե առանց այդ էլ ավանդական եկեղեցիները կորցնում են երբեմնի դիրքն ու ազդեցությունը, եւ չարժե ավելորդ ներողամտությամբ ու հանդուրժողականությամբ խարխլել բյուրավոր մարդկանց հավատը։

Քահանայապետը, սակայն, չի լսել նրանց, որովհետեւ ներումն ու հանդուրժողականությունն իր մտքում ունեցել է ոչ թե որպես քաղաքական քայլ, այլ քրիստոնեական հավատի դրսեւորում։ Պապը մաքրել է իր եկեղեցին մեղքից ու ազատել իր հավատացյալներին հավատաքննության ու անհանդուրժողականության բարդույթներից եւ չի սխալվել։ Վկան այն բազմությունն էր, որ աշխարհի տարբեր կողմերից Հռոմ եկավ Պապին վերջին հրաժեշտը տալու։

Այս օրերին մենք էլ նշում ենք Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցը, եւ ես մտածում եմ, որ Թուրքիայի ղեկավարները ճիշտ կանեին, եթե ներում խնդրեին Հայոց ցեղասպանության համար եւ իրենց ժողովրդին ազատեին այդ մեղքից։ Բայց չգիտեմ՝ հայերս կկարողանա՞նք ներել։

«168 Ժամ» թերթ
12.05.2005թ.

Տեսանյութեր

Լրահոս