«Թուրքիան հարց է դնում Նախիջևանում թուրքական ռազմական բազա ստեղծելու վերաբերյալ». Արման Նավասարդյան
«Ամսի 1-3-ը տեղի են ունենալու թուրք-ադրբեջանական զորավարժություններ կամ զորախաղեր, որը հետաքրքիր է այն առումով, որ նախորդում է Էրդողանի այցելությանը Մոսկվա. շատ մեծ զորախաղեր են նախատեսվում՝ ծանր տեխնիկայի, տանկային միավորումների, հրթիռային համակարգի, օդուժի մասնակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա դիտարկմամբ՝ թուրքական քաղաքական միտքն այն կարծիքին է, որ դա իր տեսակի մեջ մեսիջ է՝ ուղղված առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը և նրա հովանավորին՝ Ռուսաստանի Դաշնությանը. «Շեշտվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան շատ սերտ համագործակցություն են զարգացնում, և այդ ենթատեքստում խոսվում է այն միջոցառումների մասին, որ նրանք իրագործել են ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ընդգծելով, որ Թուրքիան այդտեղ խաղացել է առնցքային դեր: Ասվում է այն մասին, որ, քանի որ ՀՀ-ն և ՌԴ-ն շատ սերտ ռազմական համագործակցություն ունեն, որն ասիմետրիկ է Թուրքիա-Ադրբեջան համագործակցության հետ, Թուրքիան առաջարկում է ավելի խորացնել համագործակցությունը և հարց է դնում Նախիջևանում թուրքական ռազմական բազա ստեղծելու վերաբերյալ»:
Ըստ Ա. Նավասարդյանի՝ դա շատ հետաքրքիր է ու իր մեջ բազմաթիվ շերտեր է պարունակում. «Թուրքերն ասում են, որ համաձայն Ղարսի պայմանագրի՝ դա լրիվ իրագործելի է և պետք է դա անել, որովհետև Թուրքիան կարող է իր ռազմական ուժերը տեղադրել Նախիջևանում, մինչդեռ համաձայնագրի 5-րդ կետը բացառում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերով ստեղծել որևէ ռազմական միավորում: Իսկ 4-րդ հոդվածում ասվում է, որ, եթե նման քայլի դիմեն Թուրքիան և Ադրբեջանը, ուրեմն վերանայվում են այն սահմանները, որ 20-ականներին ունեցել է Թուրքան: Այսինքն՝ նրանք կարող են կորցնել իրեն ամբողջականությունը, եթե նման քայլի գնան: Թուրքերը հույս ունեն, որ ԱՄՆ-ը դրական կվերաբերվի իրենց այդ նախաձեռնությանը, չնայած դա կասկածելի է՝ մասնավորապես վերջին ռմբակոծումներից հետ»:
Նա գտնում է՝ այս ամենը Հայաստանի համար պետք է մեծ ահազանգ լինի. «Օգտվելով սրանից՝ մենք պետք է վերանայենք ընդհանրապես այս բոլոր խնդիրները: Արդյոք պայմանագիրը կարիք չունի՞ վերանայման՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից, արդյոք դա չի՞ ասում, որ մենք պետք է լուրջ քայլերի դիմենք՝ Նախիջևանը զերծ պահել նման ոտնձգություններից»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: