ՔԶԱԿ-ը հավաստել է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը
Աշխարհում քիմիական զենքի հայտարարագրված պաշարների ավելի քան 95 տոկոսն այս պահին ոչնչացված է: Ապրիլի 26-ին այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուն՝ ելույթ ունենալով կազմակերպության 20-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:
«Քիմիական զենքի լիակատար ոչնչացման եւ մշտական արգելման ճանապարհին մեր ջանքերը հասել են կարեւոր ուղենիշի»,-նշել է նա: Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումն սկսվել է 1997 թվականին եւ նպատակաուղղված էր զանգվածային բնաջնջման զենքի մի ամբողջ տեսակի վերացմանը:
20 տարվա ընթացքում Կոնվենցիայի մասնակից պետություններն իրականացրել են փաստաթղթում ամրագրված դրույթները, եւ դրա շնորհիվ ներկայում ամբողջ աշխարհում ոչնչացված է քիմիական զենքի 95 տոկոսը»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: