Բաժիններ՝

«Իգլայի» գործով ստացվել է փորձաքննության եզրակացությունը. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանն այսօր դատարանում քաղաքական հայտարարություն չի արել։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում նիստի ավարտից հետո հայտնեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր Սամվել Բաբայանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Խոսելով Սամվել Բաբայանի՝ քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու մասին, փաստաբանն ասաց. «Ես ասել եմ, նորից եմ պնդում, ես՝ որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ։ Ես, դեռևս, շեշտում եմ՝ դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»։

Փաստաբանն ասաց, որ ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ հայտնաբերված առարկան հանդիսանում է «Իգլա» տեսակի ռազմամթերք. «Զենք չէ, որովհետև դա հայտնաբերված վիճակում չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որովհետև անհրաժեշտ մասերը բացակայում են, դա ընդամենը ռազմամթերք է։ Այդ եզրակացությանը որևէ առարկություն չունենք»։

Ավետիս Քալաշյանի խոսքով՝ այս ընթացքում առերեսում է կատարվել գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի հետ, «որը, ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ, հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն ունի այդ «Իգլայի» հետ»։ Դիտարկմանը, որ առերեսում կատարվում է ցուցմունքներում հակասությունների առկայության դեպքում, փաստաբանն արձագանքեց, որ հակասությունը խոսակցության վերաբերյալ է, որը, ըստ նրա, այդքան էական չէ։

Փաստաբանն ասաց, որ իրենց հայտնի է երրորդ անձի անունը, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, սակայն չնշեց նրա անունը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Սամվել Բաբայանը ճանաչում է միայն իր հետ առերեսված Սանասար Գաբրիելյանին, իսկ մյուսներին չի ճանաչում։ Փաստաբանի տեղեկություններով՝ Վրաստանում ձերբակալված անձը դեռևս Հայաստան չի տեղափոխվել։

Պաշտպանական կողմի բողոքը քննել է դատավոր Մխիթար Պապոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս