«Անհանգստանալ հարկավոր է միշտ». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ամերիկացիները հիմքեր ունեն անհանգստանալու ԿԺԴՀ-ի հետ միջուկային պատերազմից: Այդ կարծիքը Սպիտակ տան տերը հայտնել է TMJ4 ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել ապրիլի 18-ին:
Այն հարցին, թե ԱՄՆ-ի քաղաքացիները որքանով պետք է զգուշանան ԿԺԴՀ-ի հետ միջոկային պատերազմի սկսվելուց, Թրամփը նշել է.
«Անհանգստանալ հարկավոր է միշտ: Ստույգ պարզ չէ՝ ում հետ գործ ունենք»: «Տեսնենք՝ ինչ կլինի: Իրադրությունը շատ ու շատ խրթին է»,-ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը: «Դրանով պետք է զբաղվեր նախագահ Օբաման: Դրանով պետք է զբաղվեին նախորդ նախագահները, ընդհուպ մինչեւ Քլինթոնը, բայց բոլորն էլ դա պարզապես հետաձգում էին»,-նշել է նա: Թրամփի կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ նախորդ պայմանավորվածությունները խիստ անշահավետ էին ամերիկյան կողմի համար:
«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք է ինչոր բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից է կախված լինելու»:
Ավելի վաղ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ առկա լարվածությունը կլուծվի խաղաղ ճանապարհով:
«Չեմ ցանկանում պատմել՝ ինչ եմ ես անում կամ ինչ եմ մտածում: Ես այնպես չեմ գործում, ինչպես նախորդ վարչակազմերը, որոնք չորս շաբաթ առաջ ասում էին, թե ինչ են իրենք մտադիր ձեռնարկել: Դա այդպես չի արվում»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը դիտարկում է արդյոք ԿԺԴՀ-ին հարված հասցնելը:
«Մենք կտեսնենք, ինչ կլինի»,-հավելել էնա: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Հուսով եմ, որ կլինի խաղաղություն, սակայն այդ ջենթլմենի (նկատի ունի ԿԺԴՀ-ի առաջնորդին) հետ արդեն բավական երկար են խոսում»,-հաղորդելէ ՏԱՍՍ-ը: