ՀՀ ԿԸՀ-­ն հաստատեց ընտրությունների արդյունքներով ԱԺ անցած քաղաքական ուժերի մանդատների թիվը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2­-ին կայացած ընտրությունների արդյունքները, սահմանեց, որ Ազգային ժողովն ընտրվել է, և արձանագրեց, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը:

Մուկուչյանը հավելեց, որ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ­-ն ստանում է 58 մանդատ, որից երեքը ստանում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: «Ծառուկյան» դաշինքը ստանում է 31 մանդատ, որից 1­ը կստանա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: «Ելք» դաշինքն ընտրությունների արդյունքներով կունենա 9 մանդատ, ՀՅԴ­-ն՝ 7 մանդատ:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաև հայտնեց, որ ՀՀԿ­ն ստանում է 58 մանդատ, ինչը մանդատների ընդհանուր թվի (105) 55.2 տոկոսն է: Նա ներկայացրեց Ընտրական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի՝ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինքը, որն ընտրությունների արդյունքներով ստացել է մանդատների 50 տոկոսից ավելին, սակայն ոչ 54 տոկոսը, ստանալու է այնքան լրացուցիչ մանդատներ, որպեսզի մանդատների թիվը հասնի ընդհանուր թվի 54 տոկոսին: Քանի որ ՀՀԿ-­ի ստացած մանդատները կազմում են ընդհանուր թվի 55.2 տոկոսը, լրացուցիչ մանդատներ հատկացնելու անհրաժեշտություն չկա:

ՀՀԿ­-ի համապետական ցուցակի համար հատկացվելու է 28, իսկ տարածքային ցսուցակների համար՝ 27 մանդատ: «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակի համար հատկացվելու է 15, տարածքային ցուցակի համար՝ ևս 15 մանդատ: «Ելք» դաշինքի համապետական ցուցակի համար հատկացվելու է 5, տարածքային ցուցակների համար՝ 4 մանդատ: ՀՅԴ­-ն համապետական ցուցակի համար կստանա 4, տարածքային ցուցակների համար՝ 3 մանդատ:

Տեսանյութեր

Լրահոս