Հայաստանը չի հայտնվի ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հորձանուտում

Սիրիայում քաղաքացիական պատերազմի 6 տարիների ընթացքում առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուղիղ հարված են հասցրել Բաշար ալ-Ասադի ուժերին՝ շուրջ 60 «Տոմահավկ» տիպի հեռակառավարվող հրթիռներ ուղղելով ավիաբազաներից մեկի վրա։ Ասադի ռեժիմը պաշտպանող Ռուսաստանը մեղադրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ինքնիշխան պետության դեմ ագրեսիվ գործողություններ անելու համար, և և հայտարարել, որ դուրս է գալիս Սիրիայում ամերիկյան և ռուսական օդուժի միջև ռիսկային միջադեպերը կանխելու համաձայնագրից: Թե սիրիական հակամարտության ի՞նչ զարգացումներ են հնարավոր և դեռ որքա՞ն «ջուր կքաշի» այս իրադրությունը, շատ անորոշ է։

Արևելագետ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սիրիական հակամարտության վերջին սրացումը բավականին բարդացնում է իրավիճակը, որովհետև ամերիկյան նոր վարչակարգն ուղղակի քայլեր է ձեռնարկում այդ տարածքում սեփական ներկայությունն առնվազն ցույց տալու, եթե ոչ հաստատելու իմաստով։ Ըստ նրա՝ բնական է, որ նման գործողություններն առաջացնելու են ռուսական կողմի հակազդեցությունը։

«Մենք ականատես ենք լինելու ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացման փուլի, ինչը, բնականաբար, չի կարող բխել տարածաշրջանի որևէ երկրի շահերից, այդ թվում, եթե դիտարկենք այդ հնարավոր շարունակական սրացման գործընթացը Հայաստանի շահերի տեսանկյունից, դա բոլորովին ձեռնտու չէ մեզ, որովհետև մեր պետությունը վարում է տարբեր խաղացողների՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ արտատարածաշրջանային, շահերի խելամիտ համադրման քաղաքականություն և ցանկացած սրացում որոշակի անուղղակի ազդեցություն կարող է թողնել։ Սա չի նշանակում, թե Հայաստանը կհայտնվի ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հորձանուտում, բայց կողմնակի ազդեցություններ հնարավոր են»,- ասաց Վ. Ոսկանյանը։

Նա հավանական չհամարեց, որ Ռուսաստանը կցանկանա այս հարցում օգտագործել Հայաստանում ռուսական ռազմաբազան.

«Չեմ կարծում, որ նման պահանջ լինի, որովհետև մինչ այդ էլ ռուսական կողմն իրականացնում էր բավականին ակտիվ ռազմական միջամտություն Սիրիայում և այդ համատեքստում, եթե ռուսական ռազմաբազայի օգտագործման խնդիր լիներ, ապա այդ հարցը մինչ այժմ էլ բարձրացված կլիներ։ Ամեն դեպքում մեր երկրի շահերից չի բխի, եթե նման գորոծղություն իրականացվի, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն անշուշտ դաշնակցային պարտավորություններ ունի Ռուսաստանի հետ և հավատարիմ է իր այդ պարտականություններին, բայց նաև դրական հարաբերություններ է կառուցել այս տարիների ընթացքում Արևմուտքի՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ երկրների հետ, և վարում է տարբեր խաղացողների շահերի համադրման, այլ ոչ թե հակասություններն օգտագործելու խելամիտ քաղաքականություն»։

Փորձագետը դժվարացավ կանխատեսել, թե ինչքա՞ն կշարունակվի հակամարտության այս սրացումը։ Նրա կարծիքով՝ առայժմ վաղ է կանխատեսել՝ սա մեկանգամյա՞ գործողություն էր, թե՞ ռազմադաշտում ավելի երկարաժամետ քայլերի շղթայում առաջին քայլն է.

«Այս իմաստով պետք է սպասել և տեսնել, թե դեպքերի զարգացումն ինչպես է ընթանում։ Համենայն դեպս այն, որ ամերիկյան գրոծողությունները լրջորեն անհանգստացրել են ոչ միայն ռուսական կողմին, այլև Իրանին, նույնպես կողմնակի ռիկսեր է առաջացնում նաև մեր տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, որովհետև Հայաստանն Իրանի հետ ունի բարեկամական զարգացող հարաբերություններ և բնական է, որ իրանական կողմից աելի լայն ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում և դրա համատեքստում նաև ամերիկա-սիրիական հարաբերությունների սրումն ամենևին ձեռնտու չէ մեզ։ Ակնհայտ է, որ Իրանը սիրիական հակամարտության գոտին և Սիրիան ընդհանրապես համարում է իր համար կարևորագույն ասպարեզներից մեկը, գործողությունների թատերաբեմ, որտեղ իրանցիները պաշտպանում են սեփական պետության հեռահար սահմանները իսլամական ծայրահեղականության զանազան դրսևորումներից»։

Տեսանյութեր

Լրահոս