«Բոլոր ռիսկերը հնարավոր չէր հաշվարկել». ԿԸՀ քարտուղարը՝ տեսանկարահանող սարքերի խափանման մասին

«Զուտ տեխնիկական խնդիր է առաջացել»,- քիչ առաջ ԿԸՀ-ում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ մեկնաբանելով ահազանգերն այն մասին, որ  տեղամասերում ընտրությունների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ հետևելու համար նախատեսված տեսանկարահանող սարքերը չեն աշխատում: Արմեն Սմբատյանն ասաց, որ դեռ երեկ պարզել են՝ ՀՀ 1500 տեղամասերում տեղադրված են տեսախցիկները, ավելին, դրանք ավելի վաղ էին դրված, դրանց մեծ մասում՝ 95 տոկոսում, անգամ օնլայն հեռարձակումը եղել է։

«Ես անձամբ ստուգել եմ։ ԿԸՀ-ն և նաև բոլոր շահագրգիռ կուսակցությունները,  դաշինքները, ովքեր ցանկացել են, առանձին հասանելիությամբ հնարավորություն ունեն դիտելու հեռարձակումը»,- ասաց Սմբատյանը։

Վերջինս պարզաբանում է, որ կայքը, որտեղ տեղադրված են հեռարձակումները, միանգամից այնպիսի մեծաքանակ մուտքեր է ունեցել, որ  կարծես թե տեխնիկական խնդիր է առաջացել, որը բնական է, որովհետև այսպիսի աննախադեպ  նկարահանում և հեռարձակում ՀՀ-ում երբևէ տեղի չի ունեցել։ Նրա վստահեցմամբ՝ սա ԿԸՀ-ի հետ  որևէ կապ չունի։

«Մենք ընդամենն աջակցում ենք ընկերությանը, որն իրականացնում է, ընկերությունն իրականացնում է մրցույթի միջոցով շահած կոմերցիոն ծրագիր, և  նրանց համար ևս, կարծում եմ՝ խնդիր է, որպեսզի իրենք այս մեծ միջոցառման տակից կարողանան պատվով դուրս գալ։ Քաղաքական ոչ մի բան փնտրել հնարավոր չէ, զուտ  տեխնիկական  հարց է, քանի որ բոլոր ռիսկերը հնարավոր չէր հաշվարկել։ Նրանց հետ կապի մեջ ենք, օգնում ենք, աջակցում ենք»,- ասաց Սմբատյանը։ Վերջինիս խոսքով՝ այդ սարքերը կարող են անջատվել միայն կապի խափանման պարագայում։

Կարդացեք նաև

ԿԸՀ քարտուղարի փոխանցմամբ՝ տեսագրությունները պահպանվում են, կուսակցություններին հնարավորություն կտրվի ծանոթանալ դրանց։ «Կուսակցությունները,  ցանկացողները, որոնք ունեն ուղիղ մուտք, այդ հնարավորությունը կունենան»,- ասաց Սմբատյանը։ Նա հրաժարվեց անդրադառնալ ստեղծված խնդրի պատասխանատուներին, հրաժարվեց նաև գնահատական տալ։

Տեսանյութեր

Լրահոս