Ինչ է փորձում կորզել Հայաստանը Ղարաբաղյան բանակցություններից

Վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը, նորանոր դետալներ են բացահայտում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից, այն դեպքում, երբ պաշտոնական բանակցություններ գոյություն չունեն։

Այն բանից հետո, երբ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցային սեղանին լավ կարգավորման փաթեթ, առաջարկ կա, որը, չբացառեց, որ մշակվել է ռուսական կողմի կողմից և հանրությանը հայտնի է՝ որպես «Լավրովի պլան», Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Azeri Press ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում կրկին անգամ հերքեց Արցախյան հակամարտության կարգավորման հարցով «Լավրովի պլանի» գոյությունը։ «Բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ «Լավրովի որևէ պլան» գոյություն չունի: Գաղափարների հիմքում, որոնք այժմ քննարկվում են, ընկած են առաջարկներ, որոնք հավաքական կերպով մշակվել են երեք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ընդգծել է Լավրովը:

Իսկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում մնացել է մի քանի հարց, և դրանք ամենաբարդն են։

«Մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում մեր հարևան տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ վերականգնվի խաղաղությունը և անդորրը, բացվեն սահմանները, վերադառնան փախստականները, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Հենց այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր անվերապահ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը մշտապես կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, նախարարի խոսքով, այդ խնդիրն առարկայական քննարկվել է մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի ընթացքում: «Իհարկե, անմասն չեն մնում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները. այդ թեմայով բովանդակալից խոսակցություն է տեղի ունեցել փետրվարին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ մարտի սկզբին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Վերջինս նաև նշել է, որ այս ամենի հետ մեկտեղ՝ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են, և մնացել է մի քանի հարց, որոնք ամենաբարդն են: Ընդ որում, «մի քանի չլուծված հարցերի» մասին օրերս իր երկու հարցազրույցներում խոսեց Արցախյան խնդիրը հայաստանյան նախընտրական օրակարգ դուրս բերած՝ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ Հոգլանդի և Լավրովի փոխանցած տեղեկությունները փոքր-ինչ պարզեցնում են տպավորությունը, թե կարգավորման բանակցություններում փակուղի է ստեղծվել։

Ըստ նրա՝ փաստորեն ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական գագաթաժողովների ժամանակ, ի թիվս վերահսկողական մեխանիզմների ներդրման առաջարկի, ներկայացվել է նաև ավելի վաղուց սեղանին գտնվող փաթեթ, որը մշակել էր ռուսական կողմը։

«Տպավորություն է, որ Հայաստանն այդ առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը։ Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիևը խոսեց Ղարաբաղի ինքնավարության և ճնշումների մասին։

Ցանկանում եմ հիշեցնել ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջազգային պարբերականներից մեկին տված հարցազրույցն այն մասին, որ Հայաստանը պատրաստ էր ստորագրել Կազանյան փաստաթուղթը, որը մերժեց Ադրբեջանը։ Դրանից տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը ներկայումս նման փաստաթղթի չի համաձայնի, ու չի բացառվում, որ Հայաստանը փորձում է սակարկել, որի առարկան հանձնվելիք շրջանների թիվն ու Ղարաբաղի կարգավիճակի շուրջ մանրամասներն են»,- նման տեսակետ հայտնեց Ուվե Հալբախը։

Վերջինիս համոզմամբ՝ հենց դրանք են այն «մի քանի չհամաձայնեցված հարցերը», որոնց մասին վերջին օրերին խոսում են դիվանագետները։ Գերմանացի վերլուծաբանի խոսքով՝ փակուղին մասամբ ստեղծվել է այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է ներդնել վերահսկողական մեխանիզմները, իսկ Հայաստանը՝ շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած առաջարկի շուրջ։
Գերմանացի վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա։

«Լավրովը նաև նշել էր Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին իր այդ հարցազրույցներում։ Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առևտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ։ Իրավիճակն իսկապես բավականին բարդ է, ուրախալի է, որ միջնորդներն այդ մասին խոսում են ակտիվորեն, և գործընթացը չի մարում»,- ասաց Հալբախը։

Ինչ վերաբերում է գերտերություններին, ապա, գերմանացի փորձագետի պնդմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը և՛ առաջնահերթություն է, և՛ ոչ այնքան, որովհետև աշխարհը լրջագույն փոփոխությունների շեմին է կանգնած։

«Ռուսաստանի համար այդ փոփոխությունները շատ են. Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Արևելյան Եվրոպա, ապա՝ ընտրություններ Ֆրանսիայում և Գերմանիայում, որոնք Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են, Թրամփի վարչակազմ։ ԱՄՆ-ը դեռ շարունակում է իր ավանդական քաղաքականությունը, բայց հայտնի չէ, թե նոր վարչակազմի նշանակած համանախագահն իրականում ինչպես կգործի և ամերիկյան ինչ շահեր առաջ կբերի ԼՂ հակամարտության գոտում, քանի որ Թրամփն իսկապես անկանխատեսելի գործիչ է, ով փորձում է որոշակի փոփոխություններ մտցնել, անակնկալներ մատուցել թե՛ Եվրոպային, թե՛ Ռուսաստանին»,- ասաց գերմանացի քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս