«Մենք խորհրդարանում կտեսնենք «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի սերտ համագործակցությունը». Նիկոլ Փաշինյան

«Եթե այն քաղաքացիները, որ մեզ հետ անձնական շփումներում հավաստիացրել են, որ քվեարկելու են մեր օգտին, գնան ու իսկապես քվեարկեն մեր օգտին, մենք ընտրություններում կհաղթենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ն. Փաշինյանը խոսելով հետընտրական փուլում հնարավոր կոալիցիաների մասին՝ նշեց, որ ինքը բազմիցս հանրության առաջ ստանձնել է պարտավորություն, որ բացառվում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ իրենք այդ իշխանափոխության համար իրենց բաժին անելիքը չեն անում:

«Եթե տեսնենք հնարավորություն, որ առանց ՀՀԿ-ի  հնարավոր է ձևավորել իշխանություն, այսինքն՝ ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն, մենք այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք, բայց մենք կոնկրետ ուժերի անուն երբեք չենք տվել ու չենք տալիս: Մեր կանխատեսումն այն է, որ այն ուժերը, որ ըստ կանխատեսումների՝ կանցնեն խորհրդարան, այդ ուժերը կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ: Մեր փորձագետների վերլուծություններով՝ խորհրդարան են անցնում երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը, և իմ կանխատեսումն այն է, որ մենք խորհրդարանում կտեսնենք «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի սերտ համագործակցությունը, դրա անունը կարող է չդնեն կոալիցիա, կարող է՝ դնեն Ազգային համաձայնության կառավարություն, կամ ոչ մի անուն էլ չդնեն»,- նշեց Ն. Փաշինյանը:

Լրագրողի դիտարկման, թե ՀՀԿ-ականներն անընդհատ նշում են, որ դուք անգամ «Ելք» դաշինքի առաջին համարը չեք՝ ակնարկելով, որ անգամ չեք կարողացել ձեր դաշինքում վստահության քվե ստանալ՝ Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Իսկ իրենց առաջին համարն ո՞վ է, բա, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ իրենց ցուցակի առաջին համարը չէ: Ի՞նչ է դա նշանակում, որ մարդիկ հասկանում են, որ համատարած Հայաստանը հայհոյում է Սերժ Սարգսյանին, և քվեաթերթիկի վրա նրա անունն ունենալն այնքան էլ խելամիտ չէ»:

Կարդացեք նաև

Ն. Փաշինյանը շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը և «Ելք» դաշինքի առաջին եռյակը ձևավորվել են փակ քվեարկության արդյունքում, ինչի համար ինքը հպարտ է. «Այն, ինչ արել է «Ելք» դաշինքը, դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է, և ես շնորհակալ եմ «Ելք» դաշինքի գործընկերներին, որ նրանք այդ տարբերակն ընդունեցին: Ինչո՞ւ ՀՀԿ-ում փակ, գաղտնի քվեարկություն չեն անում, որովհետև անգամ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում կարող է 5 տոկոսը չհաղթահարի, իսկ Շարմազանովն ու Աշոտյանը՝ ընդհանրապես»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս