«Այն, ինչ Մոսկվան է առաջարկում, եկեք անկեղծ լինենք, ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին»

Հարցազրույց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ

– Պարոն Մարկեդոնով, ապրիլյան պատերազմին հաջորդեց ակտիվ դիվանագիտական աշխատանք Վիեննայում, ապա` Սանկտ Պետերբուրգում, սակայն չիրականացվեցին այդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ավելին, այսօր բանակցային գործընթացը խորը փակուղում է, իսկ իրավիճակը շփման գծում` էականորեն լարված։ Ի՞նչ ռիսկեր եք այսօր տեսնում ԼՂ հակամարտության գոտում` հաշվի առնելով անցյալ տարվա ողբերգական սցենարը շփման գծում։

– Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, մեզ ստիպեց ինչ-որ առումով այս քառօրյա պատերազմի, պատանդը դառնալ։ Առաջին հերթին` հակամարտության սրում` լայնածավալ պատերազմի տեղի չունեցավ։ Երկրորդ` ինչ վերաբերում է բանակցային գործընթացին 2016թ. ապրիլից առաջ և դրանից հետո, հաջողության առանձնակի նշաններ չէին արձանագրվում, ավելին` կողմերը չէին ընթանում կոմպրոմիսի ուղղությամբ։

Չենք կարող ասել, որ նրանք արդյունավետորեն բանակցում էին, ընթանում խաղաղության ճանապարհով, իսկ ապրիլյան իրադարձություններն այդ դինամիկան ետ մղեցին։ Լարվածություն կար ինչպես` 2016թ. ապրիլից առաջ, այնպես էլ` շատ ավելի վաղուց։

Հիշեցնեմ, որ 2008թ. մարտ ամսին էին կողմերը պնդում, որ դա հակամարտության գոտում ամենալուրջ սրումն էր, ապա 2010թ., դրանից հետո` 2015թ. դեկտեմբեր ամսին, հետո` 2016-ին։

Ընդհանուր առմամբ իրավիճակը, իմ կարծիքով, նույնն է, որը կարելի է որակել` որպես դինամիկ ստատուս-քվո։ Այսինքն` բազային ստատուսքվոն պահպանվում է չճանաչված ԼՂ Հանրապետության, լավ թե վատ, բանակցային գործընթացի տեսքով, այդ բանակցային գործընթացը զուգորդվում է հրադադարի խախտումներով, միջադեպերով։ Ընդհանուր առմամբ այս գիծը հենց այսպես էլ շարունակվելու է։

– Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակում։

– Կլինի՞ ապրիլյան պատերազմի կրկնություն, թե՞ ոչ, ես վստահ չեմ, որ նույնպիսի կրկնություն, իրավիճակի պատճեն կլինի։ Բայց որ ինչ-ինչ միջադեպեր կլինեն, դա միանշանակ է, և այսօր էլ դրանք շարունակվում են։ Բանակցային գործընթացին դինամիկա հաղորդելու փորձերը ևս շարունակվելու են միջնորդների և դիվանագետների կողմից, դա և հակամարտող կողմերին է անհրաժեշտ տարբեր պատճառներով, դա անհրաժեշտ է նաև համանախագահ երկրներին։

– Ինչպե՞ս դիվանագետները կարող են առաջ մղել բանակցային գործընթացը` հաշվի առնելով, ըստ մի շարք փորձագետների` անբարենպաստ իրավիճակը հակամարտող երկրներում` Հայաստանում նախընտրական մթնոլորտը, Ադրբեջանում տիրող իրավիճակը, ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածությունը։

– Ես էական լարվածություն ռուս-ադրբեջանական հարաբերություններում չեմ տեսնում։ Կար որոշակի դժգոհություն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից, որ Ղարաբաղն  Ադրբեջանի ներքին գործը չէ, բայց դա հռետորաբանության մակարդակում է, և հազիվ թե հռետորաբանության մակարդակում այլ արձագանք հնարավոր լիներ։
Ինչ վերաբերում է դիվանագիտական ջանքերին, ապա պետք է հստակորեն հասկանալ, որ դիվանագետները չեն կարող անիրականանալի նպատակներ դնել և իրականացնել դրանք։ Արտաքին դիվանագետները չեն կարող կանգնել հայերի ու արդբեջանցիների միջև և զգալ կոմպրոմիսների համը։

Բնականաբար, Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի համար առաջնային հիմնախնդիր է, իսկ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար առաջնահերթ չէ, որի հետևանքով էլ միջնորդները թեմային անդրադառնում են այն ժամանակ, երբ կա դրա անհրաժեշտությունը, չփորձելով ավելորդ կերպով արագացնել իրավիճակը, իրադարձություններից առաջ ընկնել, մտավախություն ունենալով, որ նոր ռիսկեր կառաջանան։ Ուստի պնդել, որ Մոսկվան կամ Վաշինգտոնը, կամ նրանք միասին, հանկարծ կթողնեն իրենց գործերը և կսկսեն լուծել Ղարաբաղի հարցը, չենք կարող, պետք է իրատես լինենք։

– Ներկայումս ինչպիսի՞ն է Մոսկվայի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեկտեմբեր ամսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է։ Իրականում որտե՞ղ է կարգավորման բանալին։ Համաձայն չե՞ք այս պնդմանը։

– Բնականաբար, բանալին Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում է։ Այս մասին ասել եմ, ասում եմ և ասելու եմ։ Մոսկվայում Կոմկուսի Կենտկոմ չկա։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը երկու անկախ պետություններ չեն, այլ ԽՍՀՄ անդամ երկրներ, ապա իրավիճակն այլ կլիներ։ Բայց այսօր իրողությունն այդպիսին չէ։ Մոսկվան կարող է աջակցել, Մոսկվայի դերակատարությունն ահռելի է, բայց դա այն դերակատարությունը չէ, որը միակն է այս հակամարտությունում, Մոսկվան այս հակամարտության միակ գործոնը չէ։ Գործոնները բազմաթիվ են։

– ԼՂ հակամարտության գոտում ինչպիսի՞ զարգացումներով է այսօր հետաքրքրված Մոսկվան։ Այսինքն` ինչպիսի՞ իրավիճակն է ձեռնտու Մոսկվային։

– Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը չվերաճի քաոտիկ, անվերահսկելի հակամարտության, երբ միջադեպերի տրամաբանությունը դառնում է միակ ուղղորդող գործոնը։ Հարցն այն է, որ ցանկացած հակամարտություն և դրա կարգավորումը լինելու է կոմպրոմիսային, և այն, ինչ Մոսկվան է առաջարկում, եկեք անկեղծ լինենք, ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին ընդհանուր առմամբ, քանի որ այդ առաջարկը ներառում է երկուստեք կոմպրոմիս, դա նորություն չէ։ Սա պետք է հասկանալ։

Մոսկվան ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ աշխատա՞նք պետք է կատարի, սա այդ սցենարը չէ։ Իսկ քանի որ կոմպրոմիսային տարբերակն այդքան էլ ձեռնտու չէ կողմերին, ճնշման բավարար ռեսուրսներ ևս չկան, իսկ եթե դրանք նույնիսկ կան, ապա ինչո՞ւ դրանք գործի դնել։ Մոսկվայում ցանկացած կատարող մտածելու է. «Լավ, ճնշումներ գործադրենք Հայաստանի նկատմամբ, իսկ ինչո՞ւ։ Ադրբեջանի նկատմամբ, իսկ ի՞նչ մենք դրանից կշահենք։ Ի՞նչ` աշխարհը մեր ոտքերի առջև՞ է հայտնվելու։ Մեզ բոլորը շնորհակալությո՞ւն են հայտնելու»։ Սա հաշվի առնելով Մոսկվան առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. «մենք չպետք է թույլ տանք, որպեսզի իրավիճակը վերաճի բացարձակ անվերահսկելի հակամարտության, իսկ հետո Դուք ևս նախաձեռնողականություն ցուցաբերեք»։

– ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր նշանակումից առաջ հայտարարել էր, որ աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղին գտնելու ուղղությամբ, և, որ չկարգավորված հակամարտությունը տարածաշրջանային կայունության համար սպառնալիք է։ Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է լինելու նոր աշխատակազմի և նոր պետքարտուղարի դիրքորոշումը, ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում, և ինչպե՞ս են այս հարցում աշխատելու Մոսկվան և Վաշինգտոնն այսուհետ։

– Այն, ինչ ասաց պարոն Ռեքս Թիլերսոնը, արարողակարգային հայտարարություն է, նա դա պետք է ասեր։ Թիլերսոնի փոխարեն ցանկացած մեկը կասեր նույնը։ Ներգրավվածությունը լինելու է նույնը, ինչ նախկինում, քանի որ ԱՄՆ-ի համար թեման բացարձակ առաջնահերթություն չէ։ Որքանով ԼՂ հակամարտությունն առնչվի Նահանգներին, այնքան էլ իրենք ներգրավված կլինեն։ Օբամայի օրոք եղե՞լ է էական ակտիվություն, ներգրավվածություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Նույնիսկ Քի Վեսթի նման որևէ նախաձեռնություն չի եղել Օբամայի աշխատակազմի օրոք։

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան համագործակցությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ապա այդ համագործակցությունը կլինի այնպիսին, ինչպես միշտ է եղել։ ԼՂ հակամարտությունը պրոքսի հակամարտություն չի դարձել, և այն ՌԴ-Արևմուտք առճակատման հարթակ չէ, ինչպես Դոնբասն ու մի շարք այլ հակամարտություններ։ ԼՂ հակամարտությունն ունեցել է և ունի իր տրամաբանությունը, որով զարգանում է։

Տեսանյութեր

Լրահոս