ԶԼՄ-ները Օբամային գտել են Կարիբյան ծովի կղզիներից մեկում
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ հանգիստն անցկացնում է Մեծ Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում՝ բրիտանացի միլիարդատեր, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ:
Հունվարի 31-ին այս մասին հայտնել է TMZ ցանցային ռեսուրսը:
Ի հաստատումն իր խոսքի՝ ռեսուրսը զետեղել է հանգստանալիս Օբամայի եւ Բրենսոնի մի շարք լուսանկարներ: Պետության նախկին ղեկավարը եւ նախկին առաջին տիկինը հյուրընկալվել են Նեկեր կղզում, որը պատկանում Է բրիտանացի ձեռնարկատիրոջը, որը մի շարք օդատիեզերական ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ում:
TMZ-ի գնահատմամբ՝ Օբաման՝ մուգ բեյսբոլկայով, մարզաշապիկով եւ անդրավարտիքով բացահայտորեն չի շտապում վերադառնալ ԱՄՆ, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ կրքեր են բորբոքվում Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի պատճառով, որոնք խստացնում են ներգաղթի քաղաքականությունը:
Հունվարի 30-ին պետության 44-րդ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Լյուիսը տարածել է հայտարարություն, որում Օբաման պաշտպանել է Թրամփի քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: