«Հանցավոր» խմբի գործով նիստը հետաձգվեց. Վահան Շիրխանյանը ներկա չէր
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց 2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործի քննությունը:
Դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը դատարանին գրությամբ հայտնել էր, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից և ուղեկցվել դատարան՝ մասնակցելու այսօր կայանալիք դատական նիստին: Դատարան ուղարկվել էր արձանագրությունը, ինչպես նաև բժշկական տեղեկանքը:
Ըստ արձանագրության՝ Վահան Շիրխանյանը հայտարարել էր, որ կարող է տեղափոխվել միայն պատգարակով, իսկ նիստին կարող է մասնակցել պառկած վիճակում: Դատարան էր ուղարկվել նաև բժշկական տեղեկանք, որի համաձայն՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, թույլատրում է, որ նա մասնակցի դատական նիստին, նրան տեղափոխելու համար պատգարակ հարկավոր չէ:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանի վերաբերյալ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, իսկ բժշկական տեղեկանքը կեղծ է, իրականում Վահան Շիրխանյանն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, այդ նույն բժիշկը նրան նշանակել է անկողնային ռեժիմ:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Վահան Շիրխանյանին կարող էին պատգարակով տեղափոխել դատարան, նրան կարող էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, ստացվում է, որ այսօր դատական նիստը ձախողվում է: Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ միջնորդեց՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար և ընդամենը մեկ հարց առաջադրել՝ արդյոք Վահան Շիրխանյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, թե՞ ոչ: Դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն, նշեց, որ միջնորդությունը չի կարող քննարկվել: Քանի որ դատական նիստը չի կարող շարունակվել ամբաստանյալի բացակայությամբ, նիստը հետաձգվեց մինչև հունվարի 20-ը:
Դատական նիստի դահլիճից հեռանալով՝ խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը հայտարարեց, թե այս ամենը շոու են սարքել: