«Մի ստիպեք մարդկանց, ովքեր չեն ուզում բոլոր փակագծերը բացել, բացեն». Գառնիկ Իսագուլյանը՝ Վիկտոր Դալլաքյանի և Սեյրան Օհանյանի մասին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ յուրաքանչյուր ՀՀ  քաղաքացի իրավունք ունի սահմանադրությամբ և օրենքներով չարգելված ցանկացած գործունեության։ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությանը՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ դա բացառապես նախկին նախարարի որոշելու հարցն է։

 – Երեկ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, վերջերս իրեն ակտիվ ընդդիմադիր հայտարարած և «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը խոսեց իր և Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցության մասին։ Մյուս կողմից՝  ՀՀ պաշտպանության նախկին նախարարը երկար տարիներ պետական պաշտոն է զբաղեցրել, ըստ Ձեզ, հասարակության կողմից նա կընկալվի՞ որպես ընդդիմադիր գործիչ։

– Ինձ համար մեծ ցավ է, ես աշխատում եմ մարդկանց վերաբերյալ որևէ բացասական բան չասել՝ իրենց գործունեության հետ կապված։ ԼՂՀ-ում, ՀՀ-ում պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը նախևառաջ պետք է լուրջ քննության ենթարկի իր գործունեության ողջ ծավալը։ Ավաղ, այսօր Հայաստանի  իրականության մեջ մարդկանց ոչ թե գործերով են դատում, այլ իրենց ելույթներով, իրենց զրույցներով։ Հատկապես ապրիլյան օրերին ես շատ խիստ եմ արտահայտվել, իհարկե՝ ոչ մամուլի միջոցով, բայց նեղ շրջանակներում շատ խիստ եմ արտահայտվել։ Կուզենայի, որ պարոն Օհանյանը նախ իսկապես լուրջ քններ իր անցած ուղին ուժային այդ կարևոր կառույցում, և ոչ թե՝ տուրք տար այն լեգենդներին, որ պատմում էին նրա պաշտոնավարման ժամանակ և շատ հաճախ (ի դեպ, այդպես վարվում են նոր նշանակված բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի ժամանակ)։ Դա է պատճառը, որ այժմ նախկին պաշտոնյաներից ում խոսեցնում ես, հատկապես՝ պաշտպանության նախարար եղածներին, ամեն մեկը հայկական բանակի բոլոր հաջողությունները վերագրում է իրեն։ Ամեն մարդ պետք է հիշի, թե ինքը մինչև 1988-1991 թվականներն ինչ էր անում, հետագայում ինչպես հայտնվեց բուրգի ստորոտում և ինչպես բարձրացավ մինչև գագաթ։ Ցավոք սրտի, երբ մենք մարդկանց մասին ստեղծում ենք ոչ իրենց իրական կերպարին  համապատասխանող իմիջ, այնուհետև, երբ նրանք ձախողում են, դժվարանում է նրանց ենթարկել արժանի քննադատության, ու նրանք ստանում են լավագույն  հնարավորություն քաղաքական դաշտում հանդես գալու համար։

Սեյրան Օհանյանը որտե՞ղ է ձախողել։

– Չէ, ես ընդհանրապես եմ ասում, այդ թվում՝ խոսքս վերաբերում է նաև Վիկտոր Դալլաքյանին և շատ-շատերին, որոնք, պետական բարձր, պատասխանատու պաշտոնում ձախողելուց և պաշտոնանկությունից հետո, հանկարծ հայտնվել են քաղաքական դաշտում, այն էլ՝ ընդդիմադիրի կեցվածքով, և նախկինում իրենց բոլոր գործած մեղքերում մեղադրել են վերադասին կամ իրենց հետ աշխատած գործընկերներին։

Չե՞ք կարծում, որ այդ «իմիջ ստեղծողների» մեղավորությունն էլ կա այդ ամենում։

– Հիմա ես բացառություն չեմ անում, ես ասում եմ՝ բոլոր նրանք, չեմ նշում կոնկրետ մեկին, շատ կարևոր են այս հանգամանքները։ Ես  պատիվ եմ ունեցել 3 անգամ բարձր պաշտոններից հրաժարական տալ, բայց տվել եմ՝ մինչ այդ ունենալով բավականին լուրջ տարաձայնություններ, այդ տարաձայնությունները հանրայնացնելով հանդերձ։ Ես՝ լինելով  նախագահի խորհրդական, ղեկավարելով նախագահին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը՝ հայ-թուքական արձանագրությունների քննարկման ժամանակ խոսել եմ դեմ, դա արել եմ մամուլով, հանրայնորեն։ Մարդիկ հլու-հնազանդ, իրենց խնդիրները լուծելու համար՝ մինչև իրենց հեռացման պահն այդ բոլոր լծակներից օգտվում են, այնուհետև, երբ իրենք հեռացվում են աշխատանքից, դառնում են ընդդիմադիր և զարմանալիորեն սկսում են տեսնել այն բոլոր թերությունները, ինչի մեջ նախկինում ապրել են։ Դա ընդունելի չէ՝ ով էլ դա լինի։ Հետո գալ, հպարտանալ, թե՝ «ինձնից սարսափում էին, վախենում էին… չեմ կարող հանդուրժել, իրավիճակ  է փոխվել»… Ոչինչ չի՛ փոխվել, դուք ձեր նախկին թերացումների մասին մտածեք, որոնց պատճառով մենք բավականին լուրջ վնասներ ենք կրել, որոնց հետևանքները դեռ մինչև այսօր կան։ Մի ստիպեք մարդկանց, ովքեր չեն ուզում բոլոր փակագծերը բացել, բացեն։ Հրեշտակների կերպարներով թող չերևան։

Հանրությունը որքանո՞վ կարող է Սեյրան Օհանյանին ընկալել՝ որպես ընդդիմադիր գործիչ։

– Հավատեցեք, իմ այս ամբողջ ասածները Սեյրան Օհանյանին չէ, որ վերաբերում են անձնապես։ Ես դա ընդհանրապես եմ ասում։ Մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, հեռացվողների նկատմամբ կարեկցանք է առաջանում։ Նայեք՝ նախկին պաշտոնյաների մասին ինչեր էին ասում, բայց երբ պաշտոնանկ են արվում, մեկ էլ ասում են՝ «վայ, ինչ մեղք է»։ Այսինքն՝ իրականության մեջ հայ հասարակությունն «ընկածի» նկատմամբ դրսևորում է որոշակի կարեկցանք։

Ըստ Ձեզ՝ Սեյրան Օհանյանի մուտքն ի՞նչ կարող է փոխել մեր քաղաքական դաշտում։

– Շատ  քիչ մարդիկ կան, որոնք քաղաքական դաշտ մտնելով՝ կարող են ինչ-որ բան փոխել։ ՀՀ-ում այսօր դեռ կոնկրետ մեկ հոգի է, դա պարոն Ծառուկյանն է։ Մնացած բոլորի ճակատագիրը կախված է կոնկրետ այդ մարդուց և նրա՝ քաղաքականություն մուտք գործելուց կամ չգործելուց։ Ընդ որում, էական տարբերությունը կկազմի 0,1-0,2%:

 

Տեսանյութեր

Լրահոս