«Կրճատումը շարունակական գործընթաց է». Աշոտ Մանուկյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառույթները և դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունն ու արդյունավետությունը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում:
Մասնավորապես, Ընդերքի տրամադրման, Օգտակար հանածոների պաշարների գործակալությունները և Ընդերքի բաժինը միաձուլման ձևով կվերակազմակերպեն Ընդերքի գործակալության: Ի պատասխան վարչապետի հարցադրման՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տեղեկացրել է, որ կրճատումը շարունակական գործընթաց է. այս պահին կազմում է 13 տոկոս, իսկ Երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացումից հետո ընդհանուր կրճատումը կկազմի 29,5 տոկոս:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Մեղրու տարածքային ներկայացուցչության գործունեությունը և գործառույթները հանձնել արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղին։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի ազգային արխիվի փոքրածավալ գործառույթներ իրականացնող տարածքային ստորաբաժանումների գոյությունը (1-2 հոգի անձնակազմով) հնարավորություն չի տալիս իրականացնել դրանց տեխնիկական վերազինումը, քանի որ միջոցների ներդրումը կլինի անարդյունավետ:
Արդյունքում Սյունիքի մարզում բնակչությանը մատուցվող ծառայությունները կկենտրոնացվեն, ինչը կնպաստի ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործմանը, ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը: