Բաժիններ՝

«Հայաստանը ունի շատ մեծ պոտենցիալ և ամբիցիաներ, ինչը հենց հաջողության հասնելու բանալին է». արտասահմանցի ներկայացուցիչները՝ հայկական ՏՏ համայնքի մասին

Հայաստանը 2018 թվականին կարող է 40 քայլ առաջ գնալ և ամենանորարար երկրների շարքում դառնալ 20-րդը: Ինչպե՞ս է պետք հասնել այս նպատակին. այս հարցի պատասխանը գտնելու համար Դիլիջանում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը:

Ֆորումի ընթացքում հայկական և արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներն իրենց օրինակով և առաջարկություններով փորձեցին սահմանել Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունները և ձևակերպել լուծումները:

Չորս հիմնական թեմաների շրջանակում ծավալված քննարկումների ընթացքում ընդգծվեցին մի քանի գաղափարներ և նպատակներ, որոնց իրականացման համար Հայաստանն ունի 2 տարի: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը բարդ թվացող նպատակների մասին խոսելիս նշեց՝ հնարավոր է.

«Հաշվի առնելով հայկական ՏՏ համայնքի գործունեությունը վերջին տարիներին, այլ երկրների փորձն ու Հայաստանի հնարավորությունները, կարելի է ասել, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին»:

Կարդացեք նաև

15073328_1149731518435899_6925062079899921712_n

Հայկական ՏՏ համայնքին լավ ծանոթ հայ ներկայացուցիչներից բացի, բիզնես ֆորումին ներկա էին նաև արտասահմանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Բուլղարիայի Innovation Starter ընկերության հիմնադիր, ինովացիոն փորձագետ Լեոնա Ասլանովան, Գերմանիայի BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը, Թել Ավիվի համալսարանի StartAU կենտրոնի ձեռներեցության փորձագետ Էլիյա Էլոնը, Promobot ընկերության հիմնադիր Ալեքսեյ Յուժակովը, Ֆլորիդայի Optym ընկերության նախագահ Ռավինդրա Ահուջան և այլք:

168.am-ն արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչպես են նրանք գնահատում Հայատանի ՝ ամենանորարար 20 երկրների շարքում տեղ գտնելու հնարավորությունը, և ի՞նչ կարծիք ունեն հայկական ՏՏ համայնքի մասին:

Գերմանիայի BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը կարծում է, որ Հայաստանն առաջ է գնում ոչ թե՝ մանր, այլ՝ բավականին մեծ քայլերով:

«Հայաստանը կարող է գրանցել արագ արդյունքներ, քանի որ կա արդեն ձևավորված համայնք, որին պետք է միայն հստակ և ուղղորդված աշխատանք»,- նշեց Քրիստիան Շելենբերգերը:

Ք. Շելենբերգը կարծում է, որ Հայաստանը պետք է շեշտադրումներ անի իր հարուստ մշակույթի և արժեքների վրա. «Հայկական ընկերություննները պետք է դեպի հեռուն նայեն և պլաններ կազմեն տասնամյակների համար»:

15055807_1149730845102633_5777754058012576139_n

Թել Ավիվի համալսարանի StartAU կենտրոնի ձեռներեցության փորձագետ Էլիյա Էլոնը, որն իր ելույթի ընթացքում ներկայացնում էր Իսրայելի օրինակը, նշեց, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունի մի շարք նմանություններ Իսրայելի հետ:

«Հայաստանի կամ Իսրայելի նման երկրներին հաջողության հասնելու համար պետք է հասկանալ, թե ինչպես ստեղծել բազմակողմանի պրոդուկտ, որն իր մեջ կգումարի թե՛ տվյալ երկրի առանձնահատկությունները, և թե՛ միջազգային շուկայում տեղ գտնելու հնարավորությունը: Իսրայելը վերջին տարիներին իրոք գրանցել է անհավատալի թվացող հաջողություններ, և ես կարծում եմ, որ Հայաստանը ևս կարող է գնալ այս ճանապարհով»:

Ըստ Էլիյա Էլոնի՝ առաջընթաց գրանցելու համար ամենակարևորը կրթությունն է և հեղափոխությունը կրթական ոլորտում:

Բիզնես ինովացիոն ֆորումին հրավիրված հյուրերի ցանկում էր նաև Թայվանից ժամանած Լյու Յուն Պին (Ռոբին Լյու), ով մեզ հետ զրույցում նշեց, որ իրոք տպավորված է Հայաստանում անցկացվող ֆորումով և նրանով, թե ինչպես են հայ մասնագետները միասնական ուժերով փորձում գտնել լավագույն տարբերակը Հայաստանում ոլորտի զարգացման համար:

«Հայաստանն արդեն կոտրել է մի շարք կարծրատիպեր: Այս կերպ շարունակելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ Թայվանի նման: Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ և ամբիցիաներ, ինչը հենց հաջողության հասնելու բանալին է»,- նշեց Լյու Յուն Պին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս