Բաժիններ՝

«Շապիկի վրա ինչ-որ մի բան են տպագրում, ասում, թե դիզայներ են, և լայքերով փորձում են ինքնահաստատվել». Արամ Նիկոլյանը՝ ժամանակակից նորաձևության մասին

Դիզայներ Արամ Նիկոլյանը և ոճաբան-բլոգեր Սիրարփի Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին հայկական արտադրանքի, հայկական հագուստի արտադրության փուլերի, ինչպես նաև շուկայի պահանջարկի մասին:

Հայաստանյան նորաձևության ոլորտում, սակայն, բացի փոքրիկ ձեռքբերումներից, նաև նկատելի և մտահոգիչ խնդիրներ կան:

«Մենք անընդհատ հայկական նորաձևությունը համեմատում ենք վրացականի հետ, կարծում եմ՝ այս համեմատությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ նորմալ է՝ մենք նույն տարածաշրջանում ենք գտնվում և հարևան երկրներ ենք: Այս համեմատությունը փաստում է՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում հայկական նորաձևության ոլորտում, Վրաստանում արդիական էր 6-7 տարի առաջ: Պատճառը մեր աշխարհագրական դիրքն ու քաղաքատնտեսական, ինչպես նաև՝ կրթական վիճակն է, թեև միաժամանակ պետք է նկատել նաև, որ հայ ազգը տաղանդավոր և շնորհալի ազգ է, և այդ տաղանդը պետք է օգտագործել անդադար սովորելով ու նորը ստեղծելով»,- ասաց հանդիպման բանախոս Սիրարփի Ադամյանը:

Որ գիտելիքը նորաձևության ոլորտում ամենակարևոր տարրերից է, և ամեն ինչ սկսվում է հենց դրանից, դիզայներ Արամ Նիկոլյանը չի հերքում.

Կարդացեք նաև

«Կրթական համակարգը շատ է կաղում, ու դրա պատճառներից մեկը մեզ մոտ մասնագիտական բուհերում դեռ սովետական ծրագրերով դասավանդման մեթոդների մեջ է: Արդյունքում՝ մենք չունենք լավ մասնագետներ, չասեմ, որ ոլորտի կրթական խնդիրները պայմանավորված են նաև միջին մասնագիտությունների կրթության բացակայությամբ»:

Դիզայները նկատում է՝ բացի թույլ կրթական համակարգից, սերնդի մեջ նկատվում է ծուլություն ու ալարկոտություն: «Իհարկե, չեմ բացառում, որ կան երիտասարդներ, որոնք հետաքրքիր մտածելակերպ ունեն, բայց իրենք շատ քիչ են: Մյուս խնդիրն այն է, որ յուրաքանչյուրի մեջ կա լիդերությունը: Նույն այդ երիտասարդները երբևէ չեն ցանկանում գալ կայացած դիզայների մոտ պրակտիկայի, կամ, եթե անգամ գալիս են, դրանից հետո ասում են, որ դիզայների հաջողությունը կախված է իրենցից: Եթե մեկը մի լավ աշխատանք է կատարում, գոհանում է այդքանով, և դադարում է ինքնազարգացման պրոցեսը, որ արդեն շատ վատ է: Մի շատ լավ ասացվածք կա՝ «բոլորն են կարող լավ գիրք գրել, սակայն ոչ բոլորի մոտ է հաջողվում երկրորդը»: Սա նաև վերաբերում է նորաձևության ոլորտին»,- նկատեց Արամ Նիկոլյանը:

Խոսելով գնորդների կողմից պահանջվող արտադրության տեսակների և առաջարկի մասին՝ դիզայներն ասաց.

«Այսօր շատ հեշտ է դարձել սոցցանցերի միջոցով կայանալը, արդյունքում՝ տեխնոլոգիաների դարաշրջանում սոցցանցերի միջոցով «դառնում» են դիզայներներ՝ շապիկի վրա ինչ-որ մի բան են տպագրում, ասում են, որ իրենք դիզայներ են, և լայքերով փորձում են ինքնահաստատվել: Իրականում այդ դիզայներները ոչ միայն մասնագետ չեն, այլև նրանց պետք է սեփական գիտելիքների բազան լրացնելու համար՝ սկսել նորաձևության այբուբենից: Ցավալի է, բայց սա է մեր իրականությունը, այնինչ նորաձևության ոլորտը համաշխարհային առումով հավասար է նարկոբիզնեսի, զենքի առևտրին, քանի որ նորաձևության ոլորտն էլ այդչափ եկամտաբեր է»:

Անդրադառնալով սեփական գործունեությանը՝ դիզայները նկատեց. «Երբ ես կունենամ մասսայական արտադրված միջին գնային կատեգորիայի իմ բրենդը, որը հաջողված կլիներ, և մեր քաղաքում կտեսնեմ մարդկանց, որոնք հագնում են այդ բրենդի հագուստներ, ապա միայն այդ ժամանակ ինձ կհամարեմ լիարժեք կայացած մասնագետ: Այսօր ես աշխատում եմ անհատ մարդկանց համար, որոնք ինձ դիմում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս