Հայաստանում համակարգիչների ծրագրային ապահովման 86 %-ը կիբերհարձակումներից արտոնագրված չէ
Կիբերանվտանգությունն ու տեղեկատվական խոցելիության խնդիրների մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեցին ԱՊՀ երկրներում Microsoft ընկերության ծրագրային ապահովման կառավարման և վերահսկման գծով ղեկավար Դմիտրի Բերեսնևը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Microsoft-ի տեղեկատվական անվտանգության ծրագրերի ղեկավար Արտյոմ Սինիցինն ու Microsoft-ի հայկական գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը։
Խոսելով կիբերվտանգների, չարտոնագրված ծրագրերի օգտագործման ռիսկերի, կորպորատիվ և անձնական տվյալների պահպանության միջոցների մասին, հանդիպման բանախոս Լիանա Կորկոտյանը նշեց.
««2016 Global Software Survey» ասոցիացիայի լայնածավալ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանում համակարգիչների ծրագրային ապահովման 86%-ն արտոնագրված չէ: Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը չի փոխվել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրների փոքր ու միջին ձեռնարկությունների ավելի քան 90%-ը բախվել է կիբերվտանգների, որոնցից 80%-ն առավել մեծ չափերի վտանգներ է կրել: Ստացված արդյունքի բացասական ազդեցության առաջին հետևանքը երկրի հեղինակային ռիսկն է, դրանից բխող այլ ռիսկեր, մասնավորապես՝ անվտանգության և իրավական ռիսկերը»:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Microsoft-ի տեղեկատվական անվտանգության ծրագրերի ղեկավար Արտյոմ Սինիցինը ևս նկատեց.
«Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ կիբերանվտանգությունն ամենապաշտպանվածներից չէ: Տեխնիկական հնարավորությունների արագընթաց զարգացման և ինտերնետ ցանցի գերիշխանության պայմաններում կիբերհարձակումներն արդեն միջպետական ծավալներ են որդեգրում: Պատահական չէ, որ արդեն իսկ կան երկրներ, որտեղ կառավարությունը հստակ դիրքորոշում ունի՝ սպառազինված բանակին զուգահեռ՝ նրանք նախընտրում են ունենալ առավել մեծ չափով կարևորված և զարգացած կիբերբանակ ու կիբերզինվորներ՝ հակերներ»:
ԱՊՀ երկրներում Microsoft ընկերության ծրագրային ապահովման կառավարման և վերահսկման գծով ղեկավար Դմիտրի Բերեսնևն իր խոսքում անդրադարձ կատարեց կիբերանվտանգության ոլորտում առկա իրավական ռիսկերին.
«Կիբերանվտանգության տեսակետից հայաստանյան պատկերը հուշում է այն մասին, որ այդ վնասները հաճախ կարող են լինել ինչպես՝ ուղիղ՝ ֆինանսական կորուստների տեսքով, այնպես էլ՝ անուղղակի կերպով: Երեկ, օրինակ, մենք մի քանի հանդիպումներ ունեցանք հայաստանյան խոշոր ձեռնարկատերերից մի քանիսի հետ, որոնք գրեթե նույն պատկերն էին նկարագրում՝ երբ բիզնեսը սկսում է ընդարձակել ծավալները՝ դուրս գալով պետության սահմաններից, միանգամից ենթարկվում է կիբերհարձակումների, այդ թվում՝ նաև այլ երկրների կողմից իրավաբանական մրցակցության դաշտում: Հետևաբար, մրցակցության այս տեսակը՝ կիբերանվտանգության խափանման հնարավոր բոլոր տարբերակներով, ցավոք, արդեն շատ արդիական խնդիր է»:
Microsoft-ի հայկական գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը նկատում է, որ Հայաստանում կիբերանվտանգության տեսակետից առավել ռիսկային խմբում են հայտնվել փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք կարծում են՝ անհրաժեշտություն չկա վարձելու տեղեկատվական անվտանգության մասնագետներ.
«ՏՏ մասնագետները, որոնք երբեմն այցելում են ընկերություն, հարկ չեն համարում լիցենզավորված ծրագրային ապահովում տեղադրել: Համարվում է, որ առավել հեշտ է համացանցից ոչ արտոնագրված անվճար ծրագրերը, քան ձեռք բերել արտոնագրվածը: Արդյունքում՝ կիբերհարձակումների վնասը կարող է նաև գերազանցել լիցենզավորման արժեքը՝ մի քանի հարյուր անգամ»: