Հրանուշ Հակոբյանի հորդորը՝ «Ռուսաստանի հզոր տղաներին». «60-ից հետո պետք է հայացք նետել, թե հայրենիքում ինչ թողնել, ինչ ստեղծել»

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  հանդիպեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ։ Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց՝ քանի որ ռուսական համայնքը մեր ամենամեծ համայնքն է,  իրենք պարբերաբար կազմակերպում են Ռուսաստանի  տարբեր հատվածների հայկական համայնքների ղեկավարների հետ հանդիպում,  որպեսզի կարողանան այդ ամբողջ ներկապնակում հասկանալ գլխավոր հիմնախնդիրները, հարցերը և փորձեն համապատասխան աշխատանքներ իրականացնել։

«Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային կոնգրեսի հետ մենք ունենք նաև համաձայնագիր, ըստ որի, նաև նման համաժողովներ ամրագրված են։ Այստեղ են արդեն 24 տարածքների ղեկավարներ, և մենք ուզում ենք հատկապես հայապահպանության հարցերը դարձնել քննարկման նյութ, քանի որ երիտասարդների հայեցի կրթության և հատկապես լեզվի խնդիրները խիստ հիմնախնդիր է դարձել Ռուսաստանում»,- նշեց նախարարը։

Համաժողովի ժամանակ դիմելով ներկաներին՝ Հ. Հակոբյանն ասաց, որ «մեր ապագան, մեր տնտեսության զարգացման ճանապարհն այն է, ինչը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն»։

Նա նշեց, որ պետք է կարողանան  նաև սփյուռքի այլ տարածքների հետ համախմբել ուժերը, բերել այստեղ ներդրում անել։

«Մենք հաճախ խոսում ենք Մանթաշովի, Արամյանցի, Լազարյանների մասին, որոնք եղել են հատկապես ռուսական տարածքի կամ Անդրկովկասի տարածքի ամենահզորները՝ իրենց և՛ ֆինանսական կարողություններով, և՛ բարեգործությամբ։ Երբ ամփոփում ենք՝ Հայաստանում ոչինչ-ոչինչ չեն թողել, իրենք ամեն ինչ՝ ուժը, էներգիան, հնարավորությունները, դրել են օտար երկիրը զարգացնելու վրա, մեզ մնացել է իրենց փառքը, անունը, ուրիշ ոչինչ։ Ու այսօր, եթե պետք է իրենց մեծարել, փառաբանել, իրենց մասին խոսել, արձանները դնել, միայն հայոց պետությունն  է անում, որովհետև ուրիշ տեղերում կամաց-կամաց այդ հետքերը վերանում են։

Մինչև 50-60 տարեկանը կարելի է շատ գործ անել դրսում, հատկապես  60-ից հետո պետք է հայացք նետել, թե հայրենիքում ինչ թողնել, ինչ ստեղծել։ Ես չեմ ասում՝ բարեգործություն, դա մոռանանք, ի՞նչ կարևոր ծրագիր, ուղղություն զարգացնեք, որ մնաք հայոց պատմության մեջ, նկատի ունեմ՝ Ռուսաստանի հզոր տղաներին։ Սա թող լինի ձեր համար մեկ  խնդիրը»,- դիմելով ներկաներին՝ ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ պետք է մտածել իրոք Հայաստանում ներդրում անելու մասին. «Վարչապետը եկավ Ռուսաստանից, երևի մեծ մասդ ճանաչում եք, ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր է առաջարկում։ Շատ կոնկրետ է, հետևողական է, և չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ կգա այստեղ ներդրում կանի ու վատ վիճակի մեջ կընկնի։ Դուք էլ հայաստանցիներ եք, մենք  ժամանակավոր ձեզ գործուղել ենք փող աշխատելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս