«ՊՊԾ գնդի գրավման մեղավորներն իշխանություններն են». Արամ Աբրահամյան

«Էմոցիոնալ ֆոնը, որը կար հուլիսին, այլևս չկա»,- այսօր Կովկասի ինստիտուտում Հայաստանում հուլիսյան դեպքերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ իր տեսակետը տարբերվում էր հասարակության կարծիքից, ու ինքը փոքրամասնության մեջ էր։

«Օգտվելու եմ այն վերնագրից, որը հենց այս իրադարձության կապակցությամբ իր հոդվածում դրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կոչվում էր՝ «Դատեք ինքներդ»։ Հուլիսի 17-ին, ժամը 05:28-ին Վարուժան Ավետիսյանն իր էջում գրել է՝ «մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ, այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունու թաղամասը և դրան հարակից հատվածները, մեզ են միացել զինված ուժերի զորամասեր, ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ»։  Այդ պահին ամբողջական տեղեկատվություն քչերն ունեին, թե ինչ է կատարվում Երևանում, բայց արդեն առավոտյան ամբողջական տեղեկատվությունը մատչելի էր բոլորի համար, և այն պնդումները, թե զորամասեր են միացել, Էրեբունու ամբողջ թաղամասը վերահսկվում է  զինված խմբի կողմից, պարզ էր, որ չէին համապատասխանում իրականությանը։ Սա, կոպիտ ասած, կարող էր լինել բլեֆ, որը կարող էր դուխ տալ հասարակությանը, բայց կարող է նաև լինել սխալ տեղեկության տիրապետելու հետևանք»,- նշեց Ա. Աբրահամյանը։

Նա նկատեց, որ հուլիսի 31-ի երեկոյան, երբ խումբը հանձնվում էր, Վարուժան Ավետիսյանն ասում է՝ «ժողովրդի ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք  է պայքարի, չենք թողնի, որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ», որտեղ առաջին անգամ շեշտադրվում է աշխարհաքաղաքական կողմնորոշումը։

Ա. Աբրահամյանի խոսքով՝ զինված խմբի կողմից ոստիկանական գունդը գրավելը դատապարտում էին ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ն դատապարտում էր այն պատճառով, որովհետև նա իշխանական կոալիցիայի մի մասն է, ՀՀԿ-ն նույնպես դատապարտում էր, բայց ՀՀԿ-ին թույլ չէին տալիս խոսելու, որովհետև լարված վիճակում այդ կուսակցությունն առանց այն էլ հասարակության նյարդերին ազդում էր, եթե խոսեին, դա ավելի շատ կգրգռեր։ ՀԱԿ-ն ունի սպեցիֆիկ մոտեցումներ, Լևոն Տեր-Պետրոսյանը դա շարադրել էր իր հոդվածում, որը վերնագրված էր՝ «Դատեք ինքներդ»։ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը չափազանց ոչ ձեռնտու դիրքորոշում էր ՀԱԿ-ի համար, բայց իմ տպավորությամբ՝ Տեր-Պետրոսյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև գիտնական և մտավորական, որի և՛ գիտնական, և՛ մտավորական լինելու հատկությունն ավելի կարևոր է, քան քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելը։ Եթե նկատել եք, նա մի քանի առանցքային կետերում չի փորձել դիվիդենտներ շահել»։

Ա. Աբրահամյանի դիտարկմամբ՝ մնացած բոլոր կուսակցությունները վերապահումներով էին դատապարտում ՊՊԾ գնդի գրավումը՝ ասելով, որ «Ոստիկանության գնդի վրա հարձակվելը սխալ է, բայց… », որից հետո «գնում է սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը»։

«Հասկանալի է, թե ինչու էին նրանք այդ խիստ վերապահումն անում։ Եթե 2017 թվականին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և եթե հասարակության գերակշռող մասը չի դատապարտում, այլ ողջունում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, ապա նրանք, եթե ուզում են վերընտրվեն, ապա անպայման պետք է ընդառաջ քայլեր անեն հասարակությանը, ինչն անում էին»,- նշեց Ա. Աբրահամյանը։

Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում էր «Սասնա ծռերի» գործողությունները՝ ասելով, որ «տղաներն այլ ելք չէին տեսնում, հուսահատ քայլ էր, և այլն»։ Ա. Աբրահամյանի խոսքով՝ քաղաքական ուժերը պետք է  դատապարտեն ցանկացած ապօրինություն, իհարկե, առաջին հերթին՝ իշխանությունների ապօրինությունները, բայց ասել, որ ես դատապարտում եմ իշխանությունների ապօրինությունները և ընդհանրապես չեմ  դատապարտում «Սասնա ծռերի» ոչ օրինական գործողությունները, քաղաքական ապագայի տեսանկյունից՝ սխալ է։

Ա. Աբրահամյանի համար իշխանություններն են մեղավոր, որ ՊՊԾ գունդը գրավվեց՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։ Նա նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալված էր այդ մեղադրանքով, և նրա թիմակիցները պետք է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում լինեին, իսկ եթե ԱԱԾ-ն չի իմացել, որ նրանք պայմանավորվել են գնալու այդ գործողությունն իրականացնելու, ուրեմն՝ ԱԱԾ-ն վատ է աշխատում։ Ա. Աբրահամյանը կարծում է, որ այդ զինված խմբի անդամները պետք է նախօրոք ձերբակալվեին,  մարդիկ կասեին, որ նրանք քաղբանտարկյալներ են, բայց ոչ մեկը չէր զոհվի ու չէր վիրավորվի։ «Ոստիկանությունը թույլ տվեց, որ 30 զինված մարդ ներխուժեն  այդ տարածք ու այնտեղ պահեն պատանդներին, հետևաբար, Ոստիկանությունը խիստ պատասխանատվություն է կրում այդ սխալի համար, ոստիկանապետը նույնպես պետք է հրաժարական տար։ Կառավարությունը, ֆինանսների նախարարը, տրանսպորտի նախարարը փոխվեցին, բայց ոստիկանապետը և ԱԱԾ պետը չփոխվեցին»։

Ա. Աբրահամյանը գտնում է՝ իշխանությունները հետևություններ արել են ՊՊԾ գնդի գրավումից հետո, ինչը վկայում են կառավարության փոփոխությունները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս