«Համոզված չեմ, որ Երևանն ունի «Իսկանդերն» օգտագործելու ռազմաքաղաքական մենաշնորհ, դրանք կարող են կիրառվել Մոսկվայի համար՝ թուրքական ուղղությամբ». Դուբնով

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինության նոր տեսակների շուրջ «աղմուկը» չի դադարում։ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգերի, հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Բուկ» զենիթահրթիռային համալիրների և ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն «Ինֆաունա» կայանների մատակարարումը Հայաստան ռուս որոշ վերլուծաբաններ որակում են՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական խախտված հավասարակշռությունը վերականգնելու փորձ։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ սպառազինության այս տեսակների մատակարարումը կունենա զսպող ազդեցություն։ Այս մատակարարումների վերաբերյալ այլ կարծիք ունի «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը, ում հետ 168.am-ը զրուցել է այս մատակարարման նպատակների շուրջ։

-Հայաստանում շարունակում են ակտիվորեն քննարկել ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինության նորագույն տեսակների մատակարարման նպատակը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ վերջապես Ռուսաստանը որոշեց տրամադրել նման սպառազինություն Հայաստանին, որի մասին խոսվում էր վերջին տարիների ընթացքում։

– Ես կարծում եմ, որ այս մատակարարումն ունի շատ ավելի հոգեբանական, քարոզչական նշանակություն, քան ռազմական կամ, առավել ևս, ռազմաքաղաքական, քանի որ առաջին հերթին, ինչպես ես եմ հասկանում, սա ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև քիչ է փոխել, քանի որ Հայաստանը նախկինում ևս ունեցել է սպառազինության այնպիսի տեսակներ, հրթիռներ, որոնք հեշտությամբ կարող էին թիրախավորել ադրբեջանական կարևոր կենտրոններ, կարող էին դրանցով թիրախավորել անգամ Բաքուն։

Երկրորդ՝ հասկանալի է, որ պետք է լինի մի այնպիսի բան, որը չի եղել մինչ այս պահը, այսինքն՝ պետք է սկսվի իրական պատերազմ, որպեսզի նման զենք կիրառվի։ Եթե սկսվի իրական պատերազմ, որում սպառազինության նման տեսակների կիրառումը բնական կհամարվի, կարծում եմ, որ կմոռանանք այս զորահանդեսի մասին, և այն կդադարի անհանգստացնել մեզ, ամեն ինչ շատ ավելի լուրջ կլինի։

Երրորդ՝ կարծում եմ, որ «Իսկանդերի» մատակարարման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան պարզ ու հեշտ է։ Ես համոզված չեմ, որ Երևանն ունի ռազմաքաղաքական մենաշնորհ այս հրթիռներն օգտագործելու համար։ Խիստ կասկածում եմ, որ Մոսկվան այդքան միանշանակ մատակարարում կկատարեր՝ չհամակարգելով իր այդ քայլը Բաքվի հետ, քանի որ Մոսկվայի համար Բաքվի հետ հարաբերությունները կարևոր են։

Եվրասիական թերթերից մեկում մի տեղեկություն, վարկած հրապարակվեց այն մասին, որ այսկերպ Մոսկվան ֆորմալ կերպով այս հրթիռներն ուղարկել է Երևան իրականում այլ նպատակով։ ՀԱՊԿ-ի շրջանակում ոչ միայն Մոսկվան է աջակցում Երևանին, այլև Երևանը՝ Մոսկվային, Մոսկվան իրավունք է ունենալու հույսը դնել նրա վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում թուրքական ուղղությամբ, որի համար էլ մատակարարվել են Երևանին, Երևանը օգնի Մոսկվային՝ կիրառելով այս հրթիռները։

Սա շատ հավանական եմ համարում։ Սրա հասցեատերը ոչ միայն Թուրքիան, այլև Ադրբեջանն է։ Ուստի կարծում եմ, որ սա շատ կարևոր քարոզչական քայլ է, քանի որ իսկանդերները մատակարարվել են ակնհայտորեն ոչ այսօր, ոչ մեկ ամիս առաջ, այլ շատ ավելի շուտ նույնիսկ ապրիլից առաջ, իսկ ռազմաքաղաքական տեսանկյունից նշանակություն չունի։

Այսինքն՝ կարծում եք, որ «Իսկանդերը» Հայաստանում ռուսակա՞ն խնդիրներ է լուծելու անհրաժեշտության դեպքում, և ո՞չ՝ հայկական։

– Կարծում եմ, որ Ռուսաստանն առաջնորդվել է առաջին հերթին՝ իր շահերով։ Շատ հնարավոր է, որ այստեղ թիրախը ոչ միայն Ադրբեջանն է՝ որպես Հայաստանի հակառակորդ, այլև Թուրքիան՝ որպես Ռուսաստանի պոտենցիալ հակառակորդ։

Ձեր կարծիքով՝ սա նույնիսկ ուղե՞րձ չի կարող լինել Ադրբեջանի համար։

– Հրապարակային ուղերձ է Ադրբեջանին, իսկ հրապարակային ուղերձներ Ադրբեջանի համար բավարար են եղել։ Բաքվի հանգիստ արձագանքը բացատրում է այդ ուղերձի նշանակությունը։

Հնարավո՞ր է, որ այս մատակարարմամբ Ռուսաստանը ցանկանում է նաև նման համալիրներ վաճառել Ադրբեջանին՝ կրկին հավասարակշռությունը վերականգնելու պնդումից ելնելով։

– Գիտե՞ք, կարծում եմ, որ այդ պարիտետը սովորաբար պահվում էր 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ կողմերը ելնում էին ամենածայրահեղ սցենարներից, որոնց չէին հավատում, բայց ժանրից ելնելով՝ պետք է դա ևս հաշվի առնեին։ Այսօր ևս ինչ-որ նման բան կա։ Պատերազմին, որի ընթացքում Երևանից Բաքու և Բաքվից Երևան են թիրախավորելու, որևէ մեկը լրջորեն չի հավատում։ Իհարկե, ռազմական գործիչները պարտավոր են հաշվարկել բոլոր հնարավոր սցենարները, բայց կարծում եմ՝ գործնականում քչերն են դա հնարավոր համարում, բայց ժանրը պատասխան է պահանջում, ուստի ես կարծում եմ, որ՝ այո, Ադրբեջանը սիմետրիկ քայլեր կձեռնարկի, բայց կրկին պետք է նշեմ, որ այդ հարցում հաշվի է առնելու Մոսկվայի մատակարարման նպատակը։

Հաշվի առնելով Ձեր պնդումը, որ մատակարարման նպատակն առաջին հերթին՝ ռուսական հետաքրքրություններն են, ինչպե՞ս սա կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության վրա։

– Կարծում եմ, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը, տարածաշրջանային բոլոր երկրները հասկանում են այս զարգացումնեւրի գինը և այն միտքը, որի մասին խոսում ենք։ Ուստի, սա հաշվի առնելով, կարող եմ ասել, որ սրանց առկայությունը Երևանում տարածաշրջանում տիրող անվտանգության միջավայրի վրա որևէ կերպ չի անդրադառնա։

Տեսանյութեր

Լրահոս