«Հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների գրավում, այլ Ազգային ժողովի և Բաղրամյան 26-ի գրավումը». Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց

Այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ երեք թեմայով հատուկ նիստեր հրավիրել։
Առաջին թեման վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ «հայկական կողմի տարածքների կորստի պատասխանատուներին պատասխատվության կանչելուն», երկրորդը՝ այս տարի հուլիսյան դեպքերի ժամանակ «ոստիկանների կողմից՝ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ իրականացրած վայրագություններին», իսկ երրորդը վերաբերում էր «քաղաքական հայացքների համար բանտախցերում գտնվող քաղաքացիներին»։

Գ. Սահակյանը Զ. Փոստանջյանի ելույթը որակեց՝ որպես ընդդիմադիր գործչի ելույթ, և ասաց, որ պատգամավորն իր առաջարկները՝ ԱԺ նիստ հրավիրելու հետ կապված, ներկայացնի գրավոր. «Անհրաժեշտ է ինչ-որ թուղթ գրել, թե այդ ի՞նչն եք ուզում լուծել, կամ այդ ի՞նչը պետք լուծի ԱԺ-ն»։

Զ. Փոստանջյանի համար «անակնկալ» չէր Գ. Սահակյանի պատասխանը։ Ըստ նրա՝ եթե  այս լրջագույն հարցերին ՀՀ ԱԺ-ն չի անդրադառնում, նշանակում է՝ «այս ԱԺ-ն է ինչ-որ թղթի վրա գրված անուն, որը բացարձակապես չի  գործում և չի կարողանում իրականացնել իրեն վերապահված գործառույթները»։

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ի գործառույթներից է քաղաքական գնահատականներ տալը, քննարկումներ իրականացնելը, ինչն «ԱԺ նախագահը հրաժարվում է իրականացնել»։
«Խորհրդարանը պետք է լուծարվի, բոլոր  այն պահանջները, որ դրված են հանրության կողմից՝ լուծարել կառավարությունը, խորհրդարանը, Բաղրամյան 26-ը, այս բոլոր մարդկանց ուղարկել դատարաններ, որպեսզի նստեն մեղադրյալի աթոռին, որպեսզի հետ վերադարձնեն  ժողովովրդից հափշտակած թե՛ նյութական, թե՛ հանրային միջոցները, այդ ամենը պետք է  հետ վերադարձվի։ Իհարկե, դուք չեք կարող այս ամենին լուծում տալ, բայց  դա դեռ չի նշանակում, որ մենք լուծում չենք տալու այս բոլոր հարցերին։ Հաջորդ  փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների գրավում, այլ Ազգային ժողովի և Բաղրամյան 26-ի գրավումը»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը։

Տեսանյութեր

Լրահոս