«Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ներուժը մեծ է, այն պետք է ինտենսիվ օգտագործել». Մայա Փանջիկիձե
«Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները համահունչ չեն մեր երկրների քաղաքական հարաբերություններին»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին ու դրա հեռանկարներին։
Անդրադառնալով կարծիքներին, թե Վրաստանի համար առավել բարձր նշանակություն ունեն հարաբերություններն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, Փանջիկիձեն ասաց, որ չէր ասի, թե Վրաստանի համար կարևոր են Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան Հայաստանի։ Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի հարևան երկրներն են։
«Մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ քաղաքական հարթությունում։ Բայց տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, ցավոք սրտի, այնքան էլ զարգացած չեն, որքան քաղաքական հարաբերությունները։ Այնպես որ, ես մեծ ներուժ եմ տեսնում Վրաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման համար և կարծում եմ, որ համաձայնագիրը, որը ստորագրել ենք Եվրոպական միության հետ՝ Ասոցացման համաձայնագիրը, կօգնի այդ հարաբերություններին, եթե Կառավարությունը ձևավորի այն գործիքները, որոնք առկա են ավելի բարձր մակարդակում։
Այնպես որ, ես համաձայն եմ այն կարծիքին, որ մենք այնքան էլ ինտենսիվ տնտեսական հարաբերություններ չունենք, և դրանք պետք է զարգացնել»,- նման տեսակետ հայտնեց Փանջիկիձեն։ Վերջինս պատմեց, որ, երբ իր ներկայացրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Կառավարություն էր ներկայացնում, փորձում էր այնպես անել, որպեսզի Վրաստանի հարաբերություններն իր հարևանների հետ բարձր մակարդակի վրա լինեին։ «Այն բանից հետո, երբ մենք հեռացել ենք Կառավարությունից, չեմ կարող ասել, թե ինչպիսի ծրագրեր ունի ներկայիս Կառավարությունը։ Բայց ևս մեկ անգամ ասեմ, որ մենք ունեցել ենք ինտենսիվ քաղաքական հարաբերություններ, ձեր նախագահը եղավ Վրաստանում, մեր նախագահը եղավ Հայաստանում, նախարարները, ԱԺ խոսնակները հաճախ այցերով լինում են մեր երկրներում, մենք ունենք լավ քաղաքական հարաբերություններ, բայց տնտեսական հարաբերությունները համահունչ չեն»,- ասաց Փանջիկիձեն։
Նա այն կարծիքին է, որ Վրաստանի՝ եվրաատլանտյան, իսկ Հայաստանի՝ եվրասիական հավակնությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա, քանի որ հայ-վրացական հարաբերությունները պատմություն ունեն։ «Չնայած Վրաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանն այլ ծրագրեր ու հավակնություններ ունի, խոչընդոտներ չկան հայ-վրացական քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Ինչպես ասացի՝ քաղաքական հարթությունում մենք խնդիրներ չունենք»,- ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարարը։
Հարցին, թե՝ Վրաստանը դիտարկո՞ւմ է արդյոք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տնտեսական առանցք, Մայա Փանջիկիձեն պատասխանեց, որ տնտեսական պլանում մենք ունենք լավ հեռանկարներ, դրանք պետք է միայն ակտիվացնել։
«Այստեղ ես մեծ ներուժ եմ տեսնում։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ցանկանում ենք Իրանի հետ լավ հարաբերություններ, մեզ կապում են տնտեսական հարաբերությունները, մենք ջանում ենք, որպեսզի Ռուսաստանի հետ ոչ միայն՝ տնտեսական ու հումանիտար ոլորտում հարաբերություններ ունենանք, այլև՝ քաղաքական։
Ցավոք սրտի, դա դեռևս հնարավոր չէ, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է մեր տարածքների 20%-ը։ Հույս ունեմ, որ ապագայում դա կփոխվի։ Վրաստանը փոքր երկիր է, չի կարող իրեն թույլ տալ շռայլություն՝ վատ հարաբերություն ունենալ որևէ երկրի հետ։ Ուստի տարածաշրջանային հարթությունում հետաքրքրված ենք, որպեսզի տնտեսական հարաբերություններ կառուցվեն բոլոր հարևան երկրների հետ։ Իրանը ևս մեր հարևանն է, չունենք ընդհանուր սահման, բայց ամեն դեպքում՝ մենք մեծ տարածաշրջանում ենք, և կարծում եմ, որ Կառավարությունը կարող է անել ավելին, որպեսզի այդ միություններն ամուր լինեն, և որպեսզի համագործակցությունը լինի ինտենսիվ, ցավոք սրտի, առկա ոչ ամբողջ ներուժն է օգտագործվում տարածաշրջանում»,- ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարարը։
Վերջինս նշեց, որ Վրաստանը հարգում է Հայաստանի ընտրությունը, ինչպես և Հայաստանը Վրաստանի ընտրությունն է հարգում։ Փանջիկիձեի խոսքով, չնայած մենք տարբեր ծրագրեր ունենք արտաքին բլոկներին անդամակցության հարցերում, Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են և այլ ընտրություն չունեն, պետք է լավ հարաբերություններ ունենան։ «Վրաստանը հաճախ ջանում է, որպեսզի նույնիսկ Վրաստանը լինի լավ վայր, որտեղ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորվեն։ Մենք ունենք մեր հակամարտությունները, Դուք՝ ձերը, բայց այն հակամարտությունում, որը դուք ունեք, Վրաստանը չեզոք կողմ է, և կարող է լավ դերակատարություն ունենալ, որպեսզի տարածաշրջանում կայունություն լինի, և որպեսզի այլ խնդիրներ չառաջանան»,- ասաց նախկին դիվանագետը։
Խոսելով Հայաստանում ամրապնդվող ռուսական ռազմական ներկայության մասին՝ նախկին դիվանագետն ասաց, որ Թբիլիսին բացասաբար է ընդունում այն, որ Ռուսաստանը ոչ Հայաստանում, այլ Վրաստանից օկուպացրած տարածքներում ընդլայնում է իր ռազմական ներկայությունը։ «Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի այլ երկրներին, ինչպես ասացի, դա իրենց ընտրությունն է, և Վրաստանն այդ կապակցությամբ պաշտոնական արձագանք չունի։ Վրաստանի գլխավոր խնդիրն է՝ ստեղծել սեփական ռազմական պաշտպանությունը և լինել այն մակարդակի, որ ինչ տեղի ունեցավ 8 տարի առաջ, չկրկնվի, ուստի ինտենսիվ աշխատում ենք ՆԱՏՕ-ի ու այլ գործընկերների հետ, որպեսզի ամրապնդենք մեր պաշտպանունակությունը. դա մեր գլխավոր խնդիրն է»,- պնդեց Փանջիկիձեն։