«Ռուս-թուրքական մերձեցման ֆոնին Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք սակարկման առարկա չի դարձնի». Ստանկևիչ

 

«Ռուս-թուրքական հարաբերությունները դեռ իրավիճակային բնույթ են կրում»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց «Անատոլի Սոբչակի ֆոնդի» փորձագետ Սերգեյ Ստանկևիչը՝ գնահատելով ռուս-թուրքական վերականգնվող հարաբերությունները։

Նա նշեց, որ ռուս-թուրքական համագործակցությունը դեռ իրավիճակային, տակտիկական բնույթ է կրում։ Նրա որակմամբ՝ որոշիչ թեստ կդառնա սիրիական հակամարտության ավարտը։ «Եթե Սիրիայի ուղղությամբ փոխադարձ զիջումների վրա հիմնված համագործակցություն չհաջողվի, ապա մերձեցումը կվերածվի սառեցման։ Եթե հաջողվի, ապա Ռուսաստանը կմտածի համագործակցության հետագա ձևերի մասին։ Ամեն դեպքում Հայաստանի հետ իր հարաբերությունները Ռուսաստանը երբեք սակարկումների առարկա չի դարձնելու։ Դա հնարավոր չէ»,- ասաց Ստանկևիչը։

Հարցին, թե որքանով է հնարավոր Թուրքիայի ՆԱՏՕ անդամակցության դադարեցումը Անկարայի և Բրյուսելի հարաբերություններում նկատվող խնդիրների պայմաններում, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ նման որոշումն իրատեսական չի թվում, նման բան չի լինի։ «ՆԱՏՕ-ն լրջորեն հետաքրքրված է Թուրքիային իր շարքերում պահպանելու հարցում։ Անկարան նույնիսկ կստանա ազատության հավելյալ բաժին՝ ալյանսին իր նվիրվածության հաստատման փոխարեն»,- հստակեցրեց Ստանկևիչը։

Մեկ այլ պնդմանը, թե Սանկտ Պետերբուրգում Մոսկվան և Անկարան ցանկանում էին հայտնել իրենց դժգոհությունն Արևմուտքից, ռուս քաղաքական վերլուծաբանն արձագանքեց՝ նշելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առաջացած առճակատման թեժ շրջանն այլևս անցել է, սպասվում է լարվածության փուլային մեղմում ու ելք պատժամիջոցների պատերազմից։

«Դա ճանապարհ կհարթի ԵՏՄ ընդլայնման և ամրապնդման համար։ Թուրքիան ՆԱՏՕ-ի տիպի անդամ չէ, նա ունի բավականին բարձր մակարդակի ինքնուրույնություն, որը միայն աճելու է, ինչպեսև տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը։ Հաշվի չնստել այս հանգամանքի հետ՝ անհեռատես և վտանգավոր կլինի։ Ռուսաստանը ստիպված է համատեղել ճնշումներն ու ուժային ժեստերը դիվանագիտության, իրավիճակային գործարքների և որոշակի հարցերում տակտիկական միությունների հետ։ Մասնավորապես, Ռուսաստանը կջանա պահպանել իր ռազմավարական գերակայությունը հիմնական հետխորհրդային տարածքում՝ կանխելով ուժային կոնսոլիդացիայի մշտական այլընտրանքային կենտրոնների ի հայտ գալը»,- ընդգծեց Ստանկևիչը։

 

Տեսանյութեր

Լրահոս