Բաժիններ՝

«Ուզում եմ բոլորին ապացուցել, որ հաշմանդամությունը վերջը չէ, ներփակվելը սխալ է». 17-ամյա Գևորգի պատմությունը

Երբ կա ընտրություն, լինել ճիշտ կամ լինել բարի, ընտրիր բարին:
Դոկտոր Ուեյն Դայեր

Ի ծնե տեղաշարժման դժվարություններ ունեցող 17-ամյա Գևորգ Աֆրիկյանի համար ոչինչ անհաղթահարելի չէ: Ինչպես պատանին է ասում, նստակյաց կյանք չի սիրում, և իրեն կարելի է հանդիպել ամենուր` արշավների ժամանակ, ազգային երգ ու պարի դասերին, այնտեղ, ուր ակտիվ երիտասարդությունն է: Նա առաջնորդվում է «Կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, կլինեմ առաջինը» կարգախոսով:

«Արմենպրես»-ը Գևորգ Աֆրիկյանին հանդիպել է Հաղարծնում, Գևորգը «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի վրանային ճամբարի մասնակիցներից էր:

Ծնվել ու ապրում է Գավառ քաղաքում, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում համակարգչային օպերատորի մասնագիտություն է ստացել, ներկայում էլ ծրագրում է իրավաբան դառնալ, ինչի համար որոշել է տեղափոխվել Երևան: «Վիրահատության պատճառով առաջին տարին դպրոց չեմ հաճախել հետո իմ ցանկության ու ծնողներից աշխատասիրության շնորհիվ 2-րդ դասարանից սովորել եմ դպրոցում: Երբ եկել եմ տուն, ասել, որ որևէ տեղ եմ գնում, երբեք ինձ չեն արգելել, ուղղակի ասել են` զգույշ կլինես: Ազատություն են տվել, որը ես չեմ չարաշահել: Շատ եմ հետաքրքրվում ազգային երգ ու պարով, կարելի է ասել ազգայինի «գիժ եմ», նստակյաց կյանք չեմ սիրում: Ուր հեշտ է գնալը, ես այնտեղ չեմ գնում, որովհետև դժվարն ավելի լավ ես հիշում, քան հեշտ տրվածը: Ինչը դժվար ճանապարհով ես ձեռք բերում, երկար է քեզ հետ մնում»,- ասում է պատանին:

IMG_4403

Գևորգը զբաղվում է նաև բազկամարտով ու մարմնամարզությամբ, իսկ երբ դադարեցնում է պարապմունքները, վատ է զգում, դա անդրադառնում առողջության վրա:

Գևորգի խոսքով` ինքն այնքան ակտիվ կյանք է վարում, որ ընտանիքի անդամներն ու ծանոթները երբեմն բողոքում են. «Քեզ տանը չենք կարողանում տեսնել»: Բայց Գևորգն իրեն երջանիկ է զգում. այս շփումների արդյունքում շատ լավ ընկերներ է ձեռք բերել ու դրա համար շնորհակալ է Աստծուն: Գևորգը հիշում է նաև, որ դասարանի ու կուրսի որոշ հասակակիցներ չեն շփվել իր հետ իր հաշմանդամության պատճառով, բայց ինքը երբեք էլ շրջապատի պակաս չի ունեցել:

Երբ Գևորգին հարցնում եմ իր երազանքների մասին, ասում է. «Ե՛կ երազանքը դարձնենք նպատակ, քանի որ նպատակին հասնելն ավելի հեշտ է ու իրատեսական: Ուզում եմ բոլորին ապացուցել, որ հաշմանդամությունը վերջը չէ, և ներփակվելը սխալ է: Ոչ ոք հավերժ չէ, խոսքս այն ծնողների մասին է, ովքեր իրենց երեխաներին հաշմանդամության պատճառով տանից դուրս չեն թողնում: Ես սեմինար եմ վարել նմանատիպ ծնողների հետ: Լսարանում 73 անձ կար, որոնցից 14-ին կարողացել եմ համոզել: Իսկ ինձ համար դա մեծ ցուցանիշ է»,- փայլն աչքերում ասում է Գևորգը:

Որոշակի դժվարություններ ունեցող երեխաներին վստահեցնում է. «Եթե դուք եք հայտնվել այդ իրավիճակում, ապա Տերն իմացել է, որ միայն դուք կարող եք այդ իրավիճակից դուրս գալ: Առաջ քայլեք, մի հանձնվեք»:

Իսկ վերջում Գևորգը պատմում է իր վերջին քաջագործություններից մեկը. նա բարձրացել է Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռը (2829 մետր). «Ոչ ոք հույս չուներ, որ ես մինչև վերջ կբարձրանամ: Ընկերական շրջապատով էինք, իրենց ասացի` դուք ձեր մասին մտածեք, ես կհասնեմ, կտեսնեք, որ առաջինն եմ հասնելու: Այդպես էլ եղավ»:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս