Ինչու Պուտինը գովերգեց Ադրբեջանը
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը զարմացրեց տնտեսական իր երկու գնահատականներով: Մեկի՝ մեր ՀՆԱ-ի 10 տոկոսանոց աճի մասին շատ խոսվեց: Իսկ մյուսն աննկատ մնաց: Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին պատասխանելիս՝ ՌԴ նախագահն ասաց, որ այդ երկիրն ի վիճակի է ցանկացած երկրից զենք գնել: Միջազգային հարաբերությունների մասնագետ չլինելով՝ չեմ քննարկի ժամանակակից աշխարհում զենքի ազատ վաճառքի մասին խնդիրը:
Փոխարենը՝ կարելի է քննարկել այն ակնարկը, որ ադրբեջանական տնտեսությունն ի վիճակի է ազատ զենք գնել իր նախընտրած երկրից: Նման հայտարարություն արվեց այն պահին, երբ հարևան երկրի տնտեսությունն իր լավագույն օրերը չի ապրում:
Համաշխարհային տնտեսության վերջին տարիների ամենաբնութագրական երևույթն էներգակիրների գնանկումն է: Հարևան երկրի տնտեսության 2016-ի առաջին կիսամյակի համաձայն՝ ՀՆԱ-ն 40 տոկոսով ձևավորվում է հանքահումքային արդյունաբերության հաշվին: Իսկ արտահանման 95 տոկոսը բաժին է ընկնում նավթի ու գազի արտահանմանը: Անցած տարի, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց ընկավ մինչև 28 դոլար, Ադրբեջանը հայտնվեց տնտեսական ճգնաժամում: 2015թ. բյուջեի դեֆիցիտը հավասարվեց ՀՆԱ-ի տասը տոկոսին: Հիմա նավթի գինը մեկ բարելի դիմաց տատանվում է 50 դոլարի սահմաններում: Ադրբեջանի նախագահն անկախության տոնի առթիվ արտասանած նույնքան տոնական ելույթում հայտարարեց, որ տնտեսական իրավիճակը կայունացել է:
Բայց նաև ընդունեց, որ ճգնաժամը դեռ հաղթահարված չէ: Տարեվերջի ֆինանսական ծանր վիճակի հետևանք կարելի է համարել ադրբեջանական չորս բանկերի փակումը: Դրանց ավանդատու ֆիզիկական անձանց գումարներն առ այսօր չեն վերադարձվել: Իսկ վերջին ամսվա ամենացնցող նորությունն այն է, որ այդ երկրում վերակենդանացել է տարադրամի սև շուկան: Սա, հավանաբար, սպասելի էր: Այստեղ ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը միշտ էլ փորձել են լուծել վարչահրամայական մեթոդներով: Նույնիսկ հատուկ մարմին են ստեղծել, որ զբաղվի այդ հարցերով: Բանկերի համար տարադրամի առքուվաճառքի համար չորս տոկոսանոց մարժա է սահմանվել:
Անցած ուրբաթ օրը բանկերում տարադրամ գնող ֆիզիկական անձանց համար 200-300 դոլար առավելագույն սահման ընդունվեց: Սա՝ այն դեպքում, երբ շատ բանկեր վաղուց էին դադարել տարադրամ վաճառել: Ավելին, կառավարության որոշմամբ բանկերում տարադրամային հաշիվներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելված էր այդ հաշիվներից օգտվել: Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարարը իրավիճակը գնահատել է այսպես.
«Մեր երկրում տնտեսությունն ու բանկային համակարգն անջատվել են իրարից և անկախ քաղաքականություն են վարում»: Նրա խոսքերով՝ բանկերը դադարել են վարկավորել տնտեսությունը: Օգոստոսի 23-ին կառավարությունը տարադրամային հաշիվներից օգտվելու հատուկ կարգ ընդունեց: Ընդունված որոշումից կարելի է պատկերացնել ֆինանսական ճգնաժամի մասշտաբները:
Հետայսու, օրինակ, ֆիզիկական անձինք բանկային սեփական տարադրամային ավանդներից կարող են օգտվել միայն հարկեր, տույժ-տուգանքներ մուծելու, կոմունալ և հիպոթեքային, բուժման ծախսերի վճարումներ ու դեղորայք գնելու համար: Բայց մինչև տարադրամային սեփականությունից օգտվելը ֆիզիկական անձինք (ինչպես նաև՝ իրավաբանական) նախապես պիտի գրավոր դիմեն Ազգային անվտանգության ծառայություն: Հենց այդ մարմինն էլ իրավասություն է ստացել որոշելու թույլատրել կամ արգելել բանկերին վստահած սեփական միջոցներից օգտվելը:
Որոշման մեջ հատուկ նշվում է, որ իրավաբանական անձանց տարադրամային միջոցներից կարելի է օգտվել միայն նախկինում կնքված պայմանագրերի դիմաց վճարումներ կատարելու համար: Այլ կերպ ասած՝ հիմա տնտեսվարողներին հավանաբար արգելվելու է տարադրամային վճարումներ կատարելու կետեր ներառել կնքվելիք պայմանագրերում: Այս ամենի ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու Ադրբեջանի ԿԲ-ն այս շաբաթվա սկզբին հայտարարեց, որ չի քննարկում ազգային արժույթի դևալվացիայի հարցը: (Կհիշե՞ք նախադեպ, երբ որևէ երկրի ԿԲ երբևէ նախօրոք հայտարարել է հնարավոր դևալվացիայի մասին):
Ընդունեք, որ նման ֆինանսական համակարգ ունեցող երկրի տնտեսական ներուժի մասին դրական կարող է խոսել միայն այն երկրի նախագահը, ով ինքն է ձգտում տնտեսական կյանքը կառավարելու վարչահրամայական նույնքան մեթոդ-հնարավորություններ ունենալ: Բայց նաև ընդունեք, որ համաշխարհային տնտեսության պատմության համար դա արդեն անցած էտապ է: