«Սա նշանակում է, որ ատելության առավել մեծ ռեսուրս է ստեղծվելու, և իշխանությունն ինքն ձեռքով քանդելու է իր հիմքերը»

Ինչպես հայտնել էինք, «Չորսի նախաձեռնությունը» քննարկումների արդյունքում մշակել է փաստաթուղթ Հայաստանում տիրող ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ քննարկում են, սա հրապարակային մտածողության ֆորմատ է։ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ հարթակից դրվում է նախագահի հրաժարականի պահանջը։ «Երկու կողմից գնում են փակուղի, մենք առաջարկում ենք մեղմ տարբերակ»,- ասաց նա։ Արթուր Սաքունցն էլ հավելեց, որ վստահություն ձևավորելու ուղղությամբ քայլեր կան՝ լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև՝ կարճաժամկետ քայլեր։

Քննարկման ներկաներից մեկի դիտարկմանը, որ պահն է եկել գործողություններ ձեռնարկելու, և ոչ՝ թղթի վրա պահանջներ ներկայացնելու, Ավետիք Իշխանյանն արձագանքեց, որ համաձայն է վերլուծություններից մեկում Արա Պապյանի արտահայտած տեսակետին, որ իրավիճակը կա՛մ վատ է վերջանալու, կա՛մ շատ վատ։ «Այդ վատի և շատ վատի համար ենք մենք այստեղ հավաքվել, որովհետև այս իրավիճակը նույնիսկ 2008թ. վիճակից է տարբերվում։ Սա շատ լուրջ վիճակ է, մի համեմատեք նախորդ վիճակների հետ»։

«Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը նշեց, որ հիշատակվեցին նախորդ տարի օգոստոսին հոսանքի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող ակցիաները։ «Եթե հիշում եք, այսպիսի մի դրվագ եղավ, երբ Սերժ Սարգսյանը, ում նախագահ են անվանում, ասաց՝ եկե՛ք՝ խոսենք, ձեր պահանջները դրե՛ք։ Արդյունքում ի՞նչ եղավ։ Խոսացող չկար, որովհետև ով դուրս գար, ասելու էին՝ դու ո՞վ ես։ Եվ երկրորդը՝ խոսելու թեմա չկար, առաջարկ չկար։ Այսինքն՝ եթե իշխանությունը խոսակցության գնար, ո՛չ խոսացող կար, ո՛չ առաջարկ։ Հիմա իմ կարծիքով՝ նման վիճակ է ստեղծվում։ Եթե գան, ասեն՝ եկեք խոսենք, ոչ խոսացող կլինի, որովհետև ով խոսի՝ սխալ կհանեն, և չկա լեգիտիմ օրակարգ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պետք է ձևավորել լեգիտիմ օրակարգ, մարդիկ, ովքեր կարող են դա ներկայացնել:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ շատ լավ փաստաթուղթ է կազմվել, համաձայն է բոլոր կետերի հետ, բայց մի վերապահում կա։ «Այս փաստաթուղթը որևէ մեկը չի լսելու, որևէ մեկը լուրջ չի ընկալելու՝ բացի դժգոհ կողմերից։ Ինչո՞ւ, որովհետև առանց որևէ կասկածի՝ ոչ թե վստահություն ունեմ, այլ որպես փաստ՝ գիտեմ, որ իշխանությունը, հատկապես իշխանության վերին օղակներն ունեն հետևյալ գաղափարախոսությունը կոնկրետ այս ճգնաժամում՝ եթե իրենք գնում են փոքր-ինչ զիջումների, ապա դա թուլության նշան է, և նման ակտերը կրկնվելու են»,- ասաց նա՝ նշելով, որ իշխանության վերին օղակները տեսնում են, որ դժգոհություն կա, բայց դա համարում են սահմանափակ դժգոհություն, քանի որ կտրված են իրականությունից։ Նա նշեց, որ այսպիսի փաստաթղթերն այս պայմաններում պրակտիկ արդյունք չեն կարող տալ։ Նրա խոսքով՝ բոլոր առաջարկներն անիրականանալի կլինեն, եթե մասսայական, ժողովրդական ճնշում չգործադրվի իշխանության վրա՝ փոփոխություններ կատարել կամ հեռանալ։

Ըստ նրա՝ քայլերից ամենակարևորը պետք է այն լինի, որ մտավորականությունն անի ամեն ինչ՝ հասարակությանը բերելու այն գիտակցության, որ դուրս գա համացանցային տիրույթից, իր պահանջները դարձնի լսելի, իրական, ճնշումը դարձնի ազդեցիկ։ «Հակառակ պարագայում՝ մենք անընդհատ կընդունենք այսպիսի շատ լավ փաստաթղթեր, կստորագրենք, բայց դրանք ընդամենը փաստաթղթեր կմնան։ Անհրաժեշտ է իրական հասարակական ճնշում։ Առանց դրա՝ որևէ բան չի լինի։ Եթե մենք չհամոզենք իշխանություններին, որ իրենք ոչ թե՝ մի քիչ ընդունված չեն, և դա մեծամասնությունը չէ, այլ՝ որ իրենք իրենց ձեռքով հարուցել են ատելության հսկայական ալիք, որևէ բան տեղից չի շարժվի»,- ասաց նա։ Նա նշեց, որ պյուռոսյան հաղթանակը շատ հնարավոր տարբերակ է, քանի որ հրապարակում էր կարդում այն մասին, թե ինչ անմարդկային, հակահիգիենիկ պայմաններում է պահվում Պավել Մանուկյանի որդին. «Սա նշանակում է, որ ատելության առավել մեծ ռեսուրս է ստեղծվելու, և իշխանությունն ինքն իր ձեռքով քանդելու է իր հիմքերը։ Դրանում, կարծում եմ, միանշանակ պետք է սատարել իշխանությանը»։

Քաղաքագետ Արա Պապյանն էլ ասաց, որ բոլորը համակարծիք են՝ իշխանությունները որևէ բան չեն անի, եթե հասարակական բավարար ճնշում չլինի, հետևաբար՝ ինքը կողմ է այսպիսի փաստաթղթի ընդունմանը, նման նախաձեռնություններին։ Նրա խոսքով՝ սա կարող է օրինակ հանդիսանալ նաև այլ նախաձեռնությունների համար, հասարակությունը պետք է բարձրացնի իր ձայնը, այլ հարց է՝ իշխանությունը կլսի՞, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս