Բաժիններ՝

«Իշխանությունների կողմից իրականացվող քայլերն ավելի են նպաստում ժողովրդի մոբիլիզացմանը». Արթուր Մարտիրոսյան

«Զինված խմբի հետ բանակցությունները. ներկա իրավիճակը և հնարավոր ելքեր» թեմայի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել «Մեդիա կենտրոնում»:
Քննարկման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, Բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանը, իսկ Բանակցային գործի մասնագետ, CMPartners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը քննարկմանը միացել էր տեսազանգի (Skype) միջոցով:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի  կարծիքով՝ որոշ վրիպումներ ակնհայտ են բանակցային գործընթացում: Ըստ նրա՝ բանակցողը պետք է առաջին հերթին՝ լսի մյուս կողմին.
«Դա շատ բարդ է տվյալ իրավիճակում, բայց շատ կարևոր ունակություն է, որին պետք է տիրապետի բանակցողը: Եթե բանակցային երկու կողմերը փնտրում են բանակցային լուծում խնդրին: Բանակցային լուծում գտնելու համար պետք է արվի ամեն ինչ: Թիմն է բանակցում, ոչ թե մեկ հոգի: Առաջին հերթին՝ կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն»:

Նրա խոսքով՝ բանակցային լուծմանը խանգարում են վստահության վատթարացմանը նպաստող քայլերը. «Իշխանությունների կողմից իրականացվող քայլերն ավելի են նպաստում ժողովրդի մոբիլիզացմանը»:

Կարդացեք նաև

Ըստ մասնագետի՝ մինչև հիմա հստակ չէ՝ բանակցություններին մասնակցողներն ի՞նչ դեր ունեն. միջնո՞րդ են, թե՞ բանակցող. «Օրինակ՝ Վիտալի Բալասանյանը բանակցում էր իշխանության կողմի՞ց, թե՞ միջնորդ էր: Եվ տարբերությունը մեծ է, որովհետև միջնորդը պետք է փնտրի և գտնի տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Եթե վստահությունը կա, եթե երկու կողմը համաձայնում են, որ ոչ ոք չպետք է տուժի, որ արյուն չպետք է թափվի, այդ հիմքի վրա սկսվում է բանակցությունը»:

Նա ասաց, որ համաձայն չէ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի այն մտքի հետ, որ չպետք է լինեն դիպուկահարներ. «Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ուժ ունի: Ստեղծվել է իրավիճակ, երբ զինված խումբը հույս ունի, որ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա, և իրենք հասնեն իրենց նպատակին: Դրա համար հաղորդակցումը կարևոր մի լծակ է դառնում: Եթե իրենք զգան, որ ժողովուրդն իրենց կողմից է, և ուժային մեթոդ չի կիրառվելու, ապա ի՞նչն է նպաստելու բանակցություններին: Դրա համար պետք է լինի ուժային կողմը, բայց այն չպետք է օգտագործվի: Պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, ինչն այսօր առավոտյան եղավ: Բարդ իրավիճակ է, ու էսկալացիան հնարավոր է»:

Անդրադառնալով լրագրողների աշխատանքին, նա նշեց, որ չի կարելի տալ միայն այն ինֆորմացիան, որն ասում է կողմերից մեկը. «Ինֆորմացիան տրվում է բանակցային թիմի կողմից: Ես չեմ տեսնում, որ իշխանություններն ունենան հաղորդակցության ռազմավարություն, նույնիսկ տարրական բաներ չկան: Որտե՞ղ է այն կենտրոնը, որտեղ իշխանությունները տալիս են մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիս տալիս են Սասնա ծռերի ներկայացուցիչները»:

Արթուր Մարտիրոսյանի մասնագիտական առաջարկների մասին կարող եք կարդալ 168.am-ին տված նրա հարցազրույցում :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս