«Առաջարկում եմ իշխանություններին՝ շփման գիծ ուղարկել ոստիկանների այն խմբին, որոնք ամսի 20-ին ծեծեցին ցուցարարներին». Ստեփան Գրիգորյան
«Իշխանություններն ուզում էին ոստիկաններին հետ ստանալ, դրանից հետո համարում են, որ ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Ես դա հասկացա նրանից, որ այս երկու-երեք օր է՝ «Սասնա ծռերին» ոչ ջուր են տալիս, ոչ սնունդ, ոչ բժշկական սպասարկում, ոչ կապ, ոչ հոսանք: Ես չեմ ուզում խոսել նույնիսկ միջազգային նորմերի մասին, այստեղ ինձ համար ավելի կարևոր է հասկանալ՝ ո՞վ է ավելի լավը՝ թուրք ասկյա՞րը, որը 15 թվին կոտորում էր, թե՞ այսօրվա իշխանությունները»,- այսօրվա քննարկմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ մեր իշխանություններն ավելի լավն են:
Անդրադառնալով հուլիսի 20-ի՝ ոստիկանների և ցուցարարների միջև եղած բախմանը, նա ասաց.
«Ոստիկանները դաժանաբար ծեծեցին խաղաղ ցուցարարներին: Ոստիկանության դաժանությունը հայերի նկատմամբ շատ հետաքրքիր երևույթ է: Հիմա պատկերացրեք՝ մենք այդ մարդկանց ուղարկենք շփման գիծ. ո՜նց իրենք ատելությամբ լցված կլինեն ադրբեջանցիների նկատմամբ, եթե հայերին են այսպես ծեծում: Առաջարկում եմ իշխանություններին՝ շփման գիծ ուղարկել ոստիկանների այն խմբին, որոնք ամսի 20-ին ծեծեցին ցուցարարներին: Մյուս առաջարկս է՝ դուրս բերել դիպուկահարներին այս զոնայից: Դիմում եմ նաև ոստիկաններին՝ չկատարել հանցավոր հրամաններ: Իրենք իրավունք ունեն այդ հրամանները չկատարելու»:
Նրա խոսքով՝ այս խնդիրները մեծ ազդեցություն են ունենում եղած լարված իրավիճակի վրա. «Դժբախտաբար, ես տեսնում եմ իրավիճակի էսկալացիա»: