«ՀՀ իշխանությունների յուրաքանչյուր սխալ հանգեցնելու է նրան, որ իրավիճակն էլ ավելի է թեքվելու դեպի անխուսափելի առճակատում արյունահեղությամբ». Արթուր Մարտիրոսյան
168.am-ի զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործողությունները մի շարք հարցեր են բարձրացրել՝ քաղաքում ստեղծելով խորը անորոշ և լարված իրավիճակ, ինչպես երեկ և անցնող գիշերը: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է տեղի ունենում՝զինված ապստամբությո՞ւն, թե՞ ահաբեկչություն, ինչպես իշխանությունը, մասնավորապես՝ ԱԱԾ-ն է որակում:
– Խորենացի փողոցի վրա տիրող իրավիճակը բարդ է, ենթակա չէ միանշանակ բնորոշման, այն մեծապես տարբերվում է պատանդառության այն դեպքերից, որոնք ինձ են հայտնի: Առաջին տարբերությունն այն է, որ խմբավորումն առաջ է քաշել քաղաքական պահանջներ, որոնցից առաջինն իշխանության փոփոխությունն է, ինչը համահունչ է բնակչության մի որոշ մասի տրամադրությունների հետ, իսկ երկրորդը՝ խմբավորման կազմում են Ղարաբաղյան առաջին պատերազմի խարիզմատիկ վետերաններ, որոնք մեծ համբավ են վայելում Հայաստանում և որոնք պատանդառել են Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների: Ուստի մի կողմից՝ նրանց գործողությունները դասվում են ահաբեկչություն ֆորմալ ձևակերպման շարքին՝ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պատանդառությունը, պետական հաստատությունների գրոհն այլ կերպ չի որակվում: Բայց մյուս կողմից՝ հենց քաղաքական բաղադրիչի շնորհիվ նրանց գործողություններում կարելի է գտնել ապստամբության կլասիկ էլեմենտներ, որոնք սկսվում են պետական հաստատության գրավմամբ, ինչպես Կուբայում, երբ 1953 թվականի ապստամբությունը սկսվեց Ֆիդելի և իր 165 կողմնակիցների կողմից Մոնկադայի զորանոցների գրոհով Սանտյագո դե Կուբայում:
Հայաստանում հիբրիդային իրավիճակ է, որում իշխանությունների յուրաքանչյուր սխալ հանգեցնելու է նրան, որ իրավիճակն էլ ավելի է թեքվելու դեպի անխուսափելի առճակատում արյունահեղությամբ, որից տուժելու է հասարակ ժողովուրդը, ինչպես միշտ է պատահում: Այս պահին ճգնաժամը սկսում է ձեռք բերել էսկալացիոն ձագարի բնույթ, որից շատ բարդ է դուրս գալը՝ երեկ և այսօր արդեն բախումներ տեղի ունեցան հասարակության և Ոստիկանության միջև, որոնց հետևանքով մի քանի տասնյակ մարդ տարբեր ծանրության վիրավորումներ ստացավ:
– Խմբավորման գործողություններում տեսնում եք միայն ներքի՞ն պատճառներ, թե՞ նաև արտաքին հետք. հատկապես՝ ռուսականն է ակտիվորեն քննարկվում:
– Այդ հարցն իմ մասնագիտացման շրջանակում չէ: Նման հարցերով պետք է զբաղվեն ՀՀ հատուկ ծառայությունները: Ես կարող եմ միայն ասել, որ բնակչության որոշակի հատվածների ատելությունն իշխանությունների նկատմամբ այնքան խորն է, որ նրանք կարող են աջակցել ում որ պատահի՝ ընդդեմ իշխանությունների: Դրա համար մի շարք պատճառներ կան: Անխոս, իշխանությունն է պատասխանատու այս իրավիճակի համար: Բայց իշխանությունն ու ժողովուրդն են ձևավորում միասնական փոխկապակցված համակարգ, որում իշխանությունն ունի պատասխանատվության առյուծի բաժինը, բայց ժողովուրդը, եթե դրա ներքո հասկանանք ողջ հայությանը, այդ թվում՝ Սփյուռքին, նույնպես կրում է պատասխանատվության որոշակի բաժին:
Հայաստանում գերակշռում է մեղավորությունից փախչելու մշակույթ, հենց այդ պատճառով էլ կողմերն անհամաչափ մեղադրում են միմյանց: Բայց մեղավորությունն ու պատասխանատվությունը տարբեր հասկացություններ են: Պատմական զարգացման ընթացքում, որում մեղավորության համար պատիժը չափազանց բարձր է եղել, իսկ հաճախ կարող էր կյանք արժենալ, մեզ մոտ ներկայումս ևս նույնիսկ պակաս կտրուկ իրավիճակներում միանում է կորստից խուսափելու մշակույթը, քանի որ մեղավորությունը կարող է հանգեցնել կորստի: Պատասխանատվությունը մեղավորությունից տարբերվում է նրանով, որ ստիպում է կողմերին մտածել համակարգային խնդրի մասին, քանի որ մենք բոլորս մեկ նավակում ենք՝ սովորել սխալներից՝ չկրկնելով դրանք:
Մեղավորության դիսկուրսը մարդկանց մղում է փակուղի, պաշտպանական ագրեսիայի կամ ագրեսիայի այլ ձևերի: «Երկար ճանապարհ՝ դեպի ազատություն» ինքնակենսագրականում Նելսոն Մանդելան օրինակ է բերում, թե ինչպես են վիկտիմիզացիայի երկար պատմություն ունեցող մարդիկ, ՀԱՀ սևամորթ բնակչությունը հանգել այն ընկալմանը, որ իրենք ևս պատասխանատվություն են կրում իրենց վիճակի, երկրի ճակատագրի համար: Մանդելայի մայրենի Կոսա լեզվում կա Ingabilingu արտահայտությունը, ինչը նշանակում է՝ «մեղավոր են սպիտակամորթները»: Յուրաքանչյուր խնդիր նրանք այս արտահայտությամբ էին բացատրում: Չհանելով սպիտակամորթ փոքրամասնության պատասխանատվությունն ապարտեիդի ռեպրեսիվ ռեժիմի համար, Մանդելան հարցն այլ կերպ էր դնում. «ի՞նչ ենք մենք անում կամ չենք անում, որը թույլ էր տալիս նրանց մեզ հետ նման կերպ վարվել»: Հայաստանի իշխանության և ընդդիմության առաջնորդներին անհրաժեշտ է հարցի հենց նման ձևակերպում: Մեզ մոտ կամ մի քանիսը մեղավոր են, մնացածը՝ սպիտակ և փափուկ, կամ՝ հակառակը:
– Պարոն Մարտիրոսյան, այս օրերին իշխանությունը կարծես լռում է, իրավապահ մարմինների պատասխանատուները՝ ևս, հրապարակային հանդես են գալիս միայն փոխոստիկանապետերը: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության և իրավապահ մարմինների գործողությունները: Ինչո՞վ եք բացատրում այս լռությունը:
– Այս իրավիճակում ես դիտորդի դերում եմ: Համացանցը թույլ է տալիս ստանալ բավարար ծավալով տեղեկատվություն՝ վերլուծություն կատարելու համար, սակայն դա չի կարող վերջնական լինել, քանի որ դեռ կան սպիտակ հետքեր: Օրինակ՝ ես չեմ կարող պատկերացնել , որ ամերիկյան, բրիտանական կամ իսրայելական պատանդների հարցերով բանակցողները, որոնցից շատերի հետ ես ծանոթ եմ, հայտնվեն պատանդի կարգավիճակում:
Սա համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է: 1970-ական թթ. կեսերից հավաքագրվել, ուսումնասիրվել ու ամփոփվել է ճգնաժամային բանակցությունների հարցերով մասնագետների աշխատանքի փորձը հարյուրավոր դեպքերով, ինքնաթիռի առևանգումից սկսած՝ բանկի գրոհով և քաղաքական պահանջներով: Վերլուծական նյութում ներկայացված է մի ալգորիթմ և գործողությունների հերթականություն, որին արդեն մի քանի տասնյակ տարի սովորեցնում են բանակցողներին:
Կան քայլեր, որոնք միանշանակորեն ընկալվում են նման մասնագետների միջազգային հանրության կողմից՝ որպես ճիշտ: Միայն այս տեսանկյունից կարող եմ նշել, որ իշխանությունները վատ իրագործեցին կոմունիկացիոն բաղադրիչը: Առաջինը, ինչ անում են հատուկ ծառայությունները մինչ բանակցությունների մեկնարկը, անվտանգության շրջագծի հաստատումից հետո նրանք ամբողջությամբ անջատում են գրավված շինության կամ համակարգի բոլոր տեսակի կոմունիկացիաները: Անգլերեն դա անվանում են՝ radio silence:
Հատուկ սարքավորումներով ներդրվում է մեկ հաճախականություն, որով վարվում են բանակցությունները: Այդպես է եղել 2002թ. Իսրայելում, այդպես է եղել պատանդներով մի շարք այլ գրոհների դեպքում: Բանակցությունները չեն մեկնարկում դեմ առ դեմ ձևաչափով:
Սա ՀՀ իշխանությունների ամենալուրջ սխալներից մեկն էր, թեև որոշ բաներ նրանք արեցին դասագրքերի համաձայն՝ հաջողության տարբեր աստիճաններով, օրինակ՝ դրական էր՝ նրանք միանգամից հրաժարվեցին գրոհից, արդեն հինգերորդ օրն է, ինչ բանակցություններ են վարում, քիչ թե շատ հստակեցրել են շրջագիծը, թեև օրերս չհաջողվեց խուսափել Սարի թաղի բնակիչների հետ բախումներից: Սխալը կայանում է նրանում, որ քաղաքական պահանջներով, հստակ կողմնակիցների թվով խմբավորումը հնարավորություն ստացավ ազատ հարցազրույցներ տալ, տեղադրել տեսանյութ-ուղերձներ սոցիալական ցանցերում: Եթե իշխանությունների խնդիրն այն էր, որպեսզի թույլ չտային մոբիլիզացիայի նոր ալիք, ինչն այդ խմբի հետաքրքրություններից էր բխում, ապա նրանք գոլային փոխանցում կատարեցին՝ դեպի սեփական դարպասներ:
Չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված, գուցե նրանք դրա համար իրենց պատճառներն ունեն, բայց, փաստորեն, դա աշխատեց իրենց դեմ: Կոմունիկացիաների կառավարումը պետք է կոնսոլիդացված լինի, հանրությանը տեղեկատվություն պետք է տրամադրվի կանոնավոր կերպով, բացառապես՝ բանակցային թիմի մասնագետի կողմից:
Կարելի է այլ սխալներ ևս ընդգծել, օրինակ՝ չափից դուրս բռնության կիրառում Ոստիկանության կողմից՝ ընդդեմ ցուցարարների, որոնք հավաքվել էին շրջագծին մոտենալու համար: Ցանկացած այլ երկրում Ոստիկանությունը մի քանի ջոկատաշղթա կտեղակայեր, որի դեպքում շրջագծին մոտենալու ցանկացած փորձ կդժվարանար: Բայց այս իրավիճակում ցուցարարների նկատմամբ բռնությունը միայն մոբիլիզացիայի նոր բռնկման առիթ դարձավ, նշանակում է, որ անհրաժեշտ էր գտնել խնդրի լուծման այլ եղանակ: Այնպիսի տպավորություն է, որ ո՛չ ուկրաինական Եվրամայդանից, ո՛չ սեփական նմանատիպ իրավիճակներից դասեր չեն քաղվել:
– Որպես կոնֆլիկտոլոգ, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է փորձեն կարգավորել իրավիճակը ՀՀ իշխանությունները, ստեղծված իրավիճակից ի՞նչ ելքեր եք տեսնում:
– Ես բանակցությունների մասնագետ եմ: Կոնֆլիկտոլոգն այլ է, Հայաստանում նրանք քիչ չեն: Բանակցային լուծում հնարավոր է գտնել, եթե գործընթացը ճիշտ է կառուցված: Ինչպիսին այն կլինի, ես չեմ ցանկանա կանխատեսել, քանի որ դրա համար անհրաժեշտ է լինել տեղում և աշխատել բանակցողների հետ: Արտաքին նշաններից ինձ համար պարզ է դառնում, որ բանակցությունները ծանր են առաջ գնում: Սկզբնական շրջանում իշխանությունները չէին շտապում քրեական գործեր հարուցելու հարցում: Ես հասկանում եմ այսպես՝ այդպես արվեց, որպեսզի հնարավոր համաձայնության գոտին չսեղմվի մինիմումի: Բայց այնուամենայնիվ, նրանք հայտարարեցին ահաբեկչության հոդվածի մասին: Նրանք նման բան կարող էին անել մի քանի պատճառներով, բայց ինձ թվում է, որ սա ուժային բանակցությունների բաղադրիչ է զրոյական արդյունքով: Եթե այդպես, ապա դա ավելի կբարդացնի բանակցային լուծման փնտրտուքը:
Եթե էմպատիկ կերպով պատկերացնեմ ինձ այդ խմբի առաջնորդների փոխարեն, ապա հանձնվել նման ծանր հոդվածով, ավելին, այնպիսի կարգախոսից հետո, ինչպիսին «Ազատություն կամ մահ»-ն է, ավելի վատ է, քան մահը: Մենք ականատեսը դարձանք նաև նրան, թե ինչպես Ոստիկանությունը սկսեց կալանավորել խմբավորման ներկայացուցիչների հարազատներին: Սա օգտագործվում է իսրայելցիների կողմից բավականին հաճախ: Բայց նրանք սա անում են պաղեստինցիների հետ: Սա բանակցային սեղանի գծի կտրուկության ևս մեկ ցուցիչ է: Այս ախտանշաններից ինձ մոտ փոքր-ինչ հոռետեսական են սպասումները բանակցային լուծման վերաբերյալ: Բայց հույսը վերջինն է մահանում, ես ևս կարող եմ սխալվել՝ չտիրապետելով բոլոր դետալներին:
– Այս իրադարձություններից հետո ի՞նչ հետություններ պետք է անեն ՀՀ իշխանությունները և ինչպիսի՞ որոշումներ կայացնեն՝ հետագայում նման զարգացումներ թույլ չտալու նպատակով:
– Դասերի մասին խոսակցությունները պետք է հետաձգել ճգնաժամի լուծումից հետո: Բայց կասեմ մեկ բան՝ Հայաստանում չկան բանակցողներ՝ պատրաստված հենց նման իրավիճակների համար: Հիմնականում Ոստիկանությանն են պատրաստել հանրային միջոցառումների կոմունիկացիաների համար: Սա բացարձակապես այլ դինամիկա է: Ճգնաժամային բանակցություններում թիմ է աշխատում՝ հստակ դերաբաշխումներով: Անհրաժեշտ է բանակցությունների անցկացման ոլորտում մասնագիտացում: