Կարմիր գծերի օգուտն ու վնասը
Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում` վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին է։
Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս` ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք` 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս` ինչո՞ւ պետք է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։
Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում է։ Եվ ուշագրավն այն է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապետարանն արդեն բեկանում է իր որոշումը։ Իսկ եթե վարչական դատարանը չբավարարի որևէ հայց, ըստ Ա.Կիվիրյանի, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու ընդհանրապես կարմիր գծերի նորմերի սահմանադրականությունը։
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր Սահմանադրությամբ որոշակի առումով պաշտպանվում են այդ հարաբերությունները, քանի որ, եթե նախկինում ցանկացած դեպքում անգամ տեղական տուրքերը սահմանվում էին բացառապես օրենքով, այժմ դրանք կարող է սահմանել նաև համայնքի ավագանին. «Սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, բացեցին դռները, որ ավագանին կարող է որոշում կայացնել, թե ինչքան տուրք պետք է վճարի քաղաքացին։ Բայց միայն այդ հարցը չէ, կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք օրենքի խախտումներ են ներկայացնում և տվյալ դեպքում հակասում են Սահմանադրությանը, օրինակ, չի ապահովվում համաչափությունը։ Այսինքն` ինքն իրականում ինչի՞ն է ուղղված։
Այս օրենսդրության ընդունման և կարմիր գծերի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ ինչ-որ ձևով պետք է կանոնակարգի երթևեկությունը։ Բայց նախ` անհասկանալի է, թե ինչ երթևեկություն է կանոնակարգելու, և երկրորդ` այն որևէ ձևով չկանոնակարգեց որևէ բան, որովհետև այդպես չէ, որ Երևանում ինչ-որ նոր ավտոկայանատեղիներ բացվեցին, և ինչ-որ ձևով ծանրաբեռնվածությունը նվազեց։ Այն տեղերը, որտեղ մարդիկ կայանում էին անվճար, նշարվեցին կարմիր գծերով, ու մարդիկ սկսեցին վճարել դրա համար»։
Փաստաբանի համոզմամբ` կարմիր գծերը չեն կարող բերել այն արդյունքին, որով հիմնավորվում էին այդ նորմերի ընդունումը։ Ա.Կիվիրյանի խոսքով` համաչափությունն ապահովված չէ նաև այն առումով, որ, օրինակ, եթե տարբեր երկրներում նման կարգավորումների հետ համեմատենք, այնտեղ վճարովի կայանատեղիների հակառակ մայթն անվճար է, դրանով ապահովվում է համաչափությունը, ու մարդիկ ընտրության հնարավորություն ունեն.
«Մենք այսօր նման ընտրություն չունենք, ու, եթե մարդը կայանում է լրիվ այլ տեղում, ոչ կարմիր գծերում, գալիս է տուգանք, որ կայանել է ոչ նախատեսված վայրում։
Այսինքն` քաղաքացիները չափազանց կաշկանդված են։ Կամ վճարում է տարեկան 12 հազար դրամ տուրքը, հետո այդ կարմիր գծերը դառնում են դեղին, քանի որ ինչ-որ ընկերություն որոշում է, որ այդ հատվածը պետք է լինի ծառայողական կայանատեղի, և քաղաքացին չի կարողանում օգտվել իր իրավունքից»։
«Նման մանր շատ խնդիրներ կան, որ բարձրացրել ենք վարչական դատարանում։ Բայց դատարանը հիմնականում նայում է` իրավախախտում, զանցանք կա՞, թե՞ ոչ, իսկ վարչական մարմինները չեն կարողանում ապացուցել անձի մեղավորությունը, և դատարանը բավարարում է հայցը։ Վարչական դատարանն իրավասու է նաև ինքը դիմել Սահմանադրական դատարան, եթե տեսնում է, որ ինչ-որ նորմ հակասում է Սահմանադրությանը։ Իմ հույսը մեծ չէ, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ն որոշում կկայացնի, որ կարմիր գծերի նորմերը հակասում են Սահմանադրությանը»,- ասաց Ա.Կիվիրյանը` հավելելով, որ այսօրվա դրությամբ շատ լուրջ խնդիր կա մեր դատական համակարգում, որ չկա հավատ դրա նկատմամբ։ Ըստ նրա` դա վերաբերում է ոչ միայն ՍԴ-ին, այլ ընդհանուր համակարգին, թեև ՍԴ-ն այսօր շատ ավելի կոնկրետ ու որակյալ ակտեր է տալիս։
Ա.Կիվիրյանի խոսքով` կարմիր գծերի հարցը քաղաքական է, և ՍԴ-ն չի նայի բացառապես օրենքի հակասություններին. «Դա լուրջ քաղաքական որոշում է լինելու, որովհետև կարմիր գծերն ինչ-որ անձանց համար ծառայելու նպատակ ունեն։ Եվ գուցե ՍԴ-ն որոշի, որ հակասություններ չկան։ Բայց երբ հասարակության շրջանում դժգոհություններն այսքան մեծածավալ են, ուրեմն համապատասխան տեղիք կա, և երբ հավատ չկա դատական համակարգի կամ որևէ պետական մարմնի նկատմամբ, դա դատական համակարգի ու տվյալ պետական մարմնի խնդիրն է»։
Փաստաբանի գնահատմամբ` կարմիր գծերից որևէ օգուտ քաղաքացիները չեն ստանում, որևէ միջադեպի ժամանակ տեսանյութ չի տրամադրվում, չի ապահովվում ավտոմեքենայի պահպանությունը։
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց, որ կարմիր գծերը քաղաքացիներին միայն ավելորդ հոգս են և որևէ օգուտ չեն տալիս։ «Միանշանակ օգուտ են, քանի որ արդեն կանոնակարգվել է ու այդ կանոնակարգումը պարզ երևում է։ Այսինքն` նախկինի նման չէ, որ ով որտեղ ցանկանա, կայանի ավտոտրանսպորտային միջոցները, այլ հստակ սահմանված կարգ կա կայանման համար, և անգամ կայանման ձևը նշված է, և պահպանվում է այդ ամենը։ Իսկ թե ինչից են բողոքում, հասկանալի չէ»։
Որևէ ծառայություն չստանալու վերաբերյալ բողոքները Վ.Հարությունյանը հիմնավոր չհամարեց։ Ըստ նրա` տեսանյութի տրամադրման ծառայությունը կա. «Ես կարող եմ հստակ ասել, որ բոլոր այն տեղերում, որտեղ տեղադրված են տեսախցիկներ, և, եթե քաղաքացին դիմում է քաղաքապետարան, իսկ նման դիմումներ օրական հարյուրներով են ստացվում, բոլոր դիմումներին պատասխանվում են, առկա տեսանյութերը տրամադրվում են և միջադեպերը բացահայտվում են։ Հենասյուների վրա թվով 1500 տեսախցիկներ պատկանում են «ՓՍՍ» ընկերությանը, և դրանց քանակը նախատեսվում է ավելացնել, բայց տեսանյութը տնօրինում է Երևանի քաղաքապետարանը»։
Անդրադառնալով նոր կայանատեղիների բացակայությանը և փողոցների գերբեռնվածությանը` Վ. Հարությունյանը նշեց, թե կենտրոնում կայանելու տեղ չի լինում, որովհետև կայանած է լինում ինչ-որ մեկը, որ նույնպես վճարել է տարեկան տուրքը, իսկ տրանսպորտային միջոցների քանակների ավելացումը բնական երևույթ է. «Եթե շատ են, պետք է տեղերն էլ զբաղված լինեն»։
Վ.Հարությունյանը հերքեց, որ կարմիր գծեր գծված են այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է երթևեկության օրենքով. «Նման բան չկա, խաչմերուկներին շատ մոտ գծանշում արված չէ, ոչ էլ կայանատեղի է կազմակերպված։ Խաչմերուկների կանգ գծից յուրաքանչյուր տեղ պահպանված է 25 մ հեռավորություն, որը կառավարության 955 որոշման պահանջներին բավարարում է։ Ըստ այդ որոշման` կանգ գծից նվազագույն հեռավորությունը պետք է լինի 15 մ, իսկ Երևան քաղաքում բոլոր տեղերում 25 մ է պահպանված, և մենք շատ խիստ ձևով հետևում ենք դրան»։