Գերմանիան արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում
Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ ՖրանկՎալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսին նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ կրկին ողջունել Երևանում իմ լավ բարեկամ ՖրանկՎալտեր Շտայնմայերին։ Այս այցելությունը պարոն Շտայնմայերը իրականացնում է և որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար, և որպես ԵԱՀԿ գործող նախագահ։
Մեր հանդիպումը լավ առիթ էր քննարկելու ՀայաստանԳերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնեցինք երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով:
Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ամրապնդման գործում կարևորում ենք երկկողմ բարձրաստիճան այցերը: Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը 2015թ.-ից ի վեր երրորդն էր երկու երկրների ղեկավարների միջև: Դինամիկ բնույթ է կրում նաև ԱԳ նախարարների միջև երկխոսությունը` փոխադարձ այցեր Բեռլին և Երևան, հանդիպումներ բազմակողմ հարթակներում: Բնականաբար, այդ երկխոսությունն էլ ավելի սերտ բնույթ է կրում 2016թ.-ի Գերմանիայի՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում:
Մենք կարևորեցինք արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ Ընդլայնվում են նաև հայգերմանական միջխորհրդարանական կապերը, ինչի լավագույն դրսևորումն էր 2013թ. մարտին Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պարոն Լամմերտի այցը Հայաստան:
Հայաստանը մեծապես կարևորում է ս.թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։ Վերջին տարիներին հայ գերմանական համագործակցության օրակարգն էլ ավելի է ընդլայնվել ու հարստացել, ստորագրված է շուրջ 60 համաձայնագիր, այս թիվը համալրվեց ևս մեկ կարևոր փաստաթղթով՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրով:
Ապրիլին Երևանում բացվեց Գերմանացի գործարարների միության գրասենյակը: Այս փաստն ինքնին վկայում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ շահագրգռվածության և լայն հեռանկարների մասին:
Գերմանիան Եվրոպական միության առաջատար երկրներից է և բնականաբար մենք քննարկեցինք ՀայաստանԵվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Ինչպես նշեցի Գերմանիայի արտգործնախարարը Երևանում է գտնվում նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հետևաբար, մեր հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Մենք անդրադարձանք սեպտեմբերին Պոտսդամում և դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին։ Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը Ե ՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ում նախագահության ստանձնման առաջին իսկ պահից Գերմանիան սատարեց զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Ինչպես գիտեք, այս երկու առաջարկները, ինչպես նաև 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի անշեղ կատարման հարցը, գտնվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հրավիրված գագաթաժողովների օրակարգում: Սրանք այն հարցերն են, որոնց իրականացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առաջ մղման համար: Այս գիտակցությամբ է, որ Հայաստանը բազմիցս դրական դիրքորոշում է արտահայտել այս առաջարկությունների կյանքի կոչման հարցում և այժմ էլ եռանախագահների հետ աշխատում է այդ ուղղությամբ: Կցանկանայի նաև արժևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտել, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:
Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:
Խնդրեմ»