«էլիտար» մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազում է
Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների շրջանում պահանջված ուղղություններն են տեղեկատվական տեխնոլոգիաները, իրավագիտությունը, մաթեմատիկան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ ընդունող հնձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշեց, որ դիմորդների նախասիրություններում փոփոխություններ են նկատվում: Այսպես կոչված, «էլիտար» մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազում է:
«Միջազգային հարաբերություններում այս տարի դիմորդների թիվը նվազել է: 140 վճարովի տեղի համար հաշվարկվում է 82 դիմորդ, նախորդ տարի նույնքան տեղի համար դիմել էր 116 դիմորդ: Իրավագիտություն մասնագիտության գծով 130 վճարովի տեղի համար դիմել է 242 դիմորդ: Ինչպես տեսնում ենք, մրցակցությունն այստեղ մեծ է, սակայն հետաքրքրության նվազման որոշակի միտում է նկատվում, նույնքան տեղի համար այս տարվա 242-ի փոխարեն նախորդ տարի 310 դիմում կար»,-ասաց Վաչագան Գալստյանը:
Այս տարի ԵՊՀ դիմել է 3 հազար 193 դիմորդ: Ընդունելություն կատարվում է 53 կրթական ծրագրերով: Ընթացիկ տարում մեծ աճ է նկատվել մաթեմատիկա մասնագիտության գծով` 104 դիմորդ, նախորդ տարվա 56-ի փոխարեն: Աճ կա ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի գծով, ինչպես նաև ֆիզիկայի, կովկասագիտության, հայոց լեզվի և գրականության գծով:
«Անցած տարի բնագիտական ֆակուլտետներում ունեցանք թափուր տեղեր, ինչպես նաև հումանիտար ֆակուլտետների մի մասում` աստվածաբանություն, եկեղեցագիտություն մասնագիտություններով, դրանից բացի երկրաբանության, դեղագիտության գծով ևս թափուր տեղեր եղան: Այս տարի ևս այդ ուղղություններով կունենանք թափուր տեղեր»,-ասաց Վաչագան Գալստյանը: Նրա խոսքով` այս տարի ԵՊՀ-ն նոր կրթական ծրագրերով ընդունելություն կկատարի, դրանք են տեղեկատվական անվտանգություն, կիրառական քիմիա, հնագիտություն և ազգագրություն, ֆինանսներ մասնագիտությունները:
Դիմորդների ակտիվություն է նկատվում Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ իրենց ունեցած մասնագիտությունների գծով դիմորդների աճ է նկատվում:
«Բոլոր համալսարանների համար ընդունելությունը կարևոր փուլ է: Ինչպիսի համալսարան էլ այն լինի, կարևոր է, թե որքանով են հետաքրքված ուսանողները: Մեր բուհի կրթական ծրագրերն են` իրավաբանություն, կառավարում, մարկետինգ և ֆինանսներ: Այս տարի ևս փաստում ենք մեր հաջողությունները, 2013 թվականից սկսած դիմորդների թիվը 35 տոկոսով աճել է: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 8 տոկոսով է աճել: Աճն առկա է բոլոր ֆակուլտետների գծով: Կարող ենք ասել, որ իրավաբանականի գծով դիմորդների թիվը մյուսների համեմատ մի փոքր գերակշռում է»,- ասաց Ժան-Մարկ Լավեստը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այս տարվա դիմորդների ցուցանիշը գրեթե նույնն է:
«Նախորդ տարի բուհն ուներ 919 դիմորդ, այս տարի` 956: Գրեթե նույն ցուցանիշն է: Անվճար տեղերի թիվը մնացել է նույնը` 262 տեղ: Վճարովի տեղերի թիվն այս տարի մի փոքր նվազեցրել ենք` նախորդ տարվա ակտիվությունը վերլուծելով: Կարող ենք ասել, որ դիմորդները, ըստ կրթական ծրագրերի, գրեթե հավասարաչափ բաշխվել են»,-ասաց պրոռեկտոր Կարեն Արզումանյանը:
Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ իրենք ամենաշատ դիմորդներն արձանագրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ծրագրային ճարտարագիտություն մասնագիտությամբ 1 տեղի համար դիմել է 5 անձ: Նույն պատկերն է տեղեկատվական տեխնոլոգիաներ ուղղությամբ, իսկ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի գծով 1 տեղի համար դիմել է 4 անձ: