Բաժիններ՝

«Հեռու եմ այն մտքից, որ բոլոր այդ տիպի ինֆորմացիաների արտահոսքերը տեղի են ունենում ՏԻՄ-երից, դա կարող է լինել ամեն տեղից». փոխնախարար

Անձնական տվյաների օրենքի մասին ՀՀ օրինագիծը բավականին լրջագույն ռեֆորմների կարիք ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ «անձնական տվյալներ» ասվածի մեջ արդեն ընդգծված է, որ յուրաքանչյուր քաղաքացի չէ, որ ցանկանում է՝ իր անձնական տվյալները հրապարակվեն կամ շատ մարդկանց ձեռքով անցնեն, բայց այնպես է ստացվում, որ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները, բացի նրանից, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարող են ունենալ, պետական համապատասխան գերատեսչությունում կարող է գրանցված լինել, հիմա էլ Տեղական ինքնակառավարման մարմիններին են նման լիազորություններ տալիս:

«Տարիներ շարունակ ՀՀ-ում հրապարակվել են, օրինակ, այստեղ գտնվող թե՛ պատգամավորների, թե՛ ՀՀ քաղաքացիների պետավտոհամարանիշների տվյալները, և, թե ովքեր են նրանց սեփականատերը, ում մեքենաներն են, ում է պատկանում, կամ բջջայինի համարները: Փաստացի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը կամ մարդու իրավունքները ոտնահարվել են: Ռիսկերի բացառման հետ կապված ի՞նչ գործընթաց կարող ենք ակնկալել»,- դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ հարցրեց Վ. Էնֆիաջյանը:

Փոխնախարարը նշեց, որ կիսում է Վ. Էնֆիաջյանի մտահոգությունը. «Իրոք, կարևոր հարցադրում եք բարձրացնում, բայց այս պարագայում խոսքը չի գնում ՏԻՄ-երի կողմից իրենց լիազորությունները չարաշահելու կամ պատշաճ չկատարելու մասին: Ես չեմ բացառում, որ տվյալները կարող են հրապարակային դառնալ և հայտնվել հրապարակային դաշտում նաև այդ մարմինների կողմից, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: Մեր օրենքի նախագիծը հիմա վերաբերում է բացառապես ՏԻՄ-երի լիազրություններն իրականացնելուն միտված տվյալներ ստանալուն, դրանք գույքահարկի, հողի հարկի հետ կապված տվյալներ են, այդ տվյալների վարչական վարույթը գտնվում է պետական համապատասխան մարմիններում, ու այս օրենքի կարգավորումը վերաբերում է այդ պետական մարմիններից այդ տվյալները համապատասխան կանոնակարգով տրամադրելուն»:

Վ. Տերտերյանը հայտնեց, որ պատգամավորի բարձրացրած հարցի հետ կապված՝ իրենք իրենց մասով աշխատանքներ տանում են. «Մենք էլեկտրոնիզացնում ենք, իսկ դա բերում է նրան, որ դրանք ավելի պաշտպանված կարող են լինել, ու գործընթացը որոշակի տեսանելի հատվածում ավարտելուց հետո մենք կարող ենք խոսել նաև դրանից բխող պաշտպանվածության կամ մոնիտորինգի ծրագրերի մասին: Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր այդ տիպի ինֆորմացիաների արտահոսքերը տեղի են ունենում ՏԻՄ-երից, դա կարող է լինել ամեն տեղից»:

Սակայն, ինչպես նշեց Վ. Էնֆիաջյանը՝ Վ. Տերտերյանի պարզաբանումներից հետո իր մտահոգություններն ավելի խորացան. «Դուք ներկայացնում եք, որ այդ տվյալները թվային բազայում են հայտնվելու: Նույն Ձեր համարն այսօր հանրային սեփականություն է դարձել, թվային աշխարհում այն տեղադրված է, դա ոտնահարում է մարդու խոսքի, մտքի, անձնական կյանքի տվյալների ազատության խնդիրները»:

Վ. Տերտերյանը կրկնեց, որ կիսում է Վ. Էնֆիաջյանի մտահոգությունը, բայց վստահեցրեց, որ իֆորմացիայի թվային պահպանումն ավելի էֆեկտիվ է, քան թղթայինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս