«Հայաստանը պետք է հանդես գա` որպես նախաձեռնող կողմ` ԼՂՀ-ին կրկին բանակցությունների մասնակից դարձնելու նպատակով». Արմեն Գրիգորյան

168.am-ի զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, զուգահեռաբար` ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում հակամարտության շուրջ. ՀՀ իշխանությունները կոշտացրել են իրենց դիրքորոշումը, համանախագահ երկրները փորձում են կապ պահել հակամարտող երկրների հետ, ադրբեջանական մամուլը ռուսական զենքի նոր խմբաքանակների մատակարարման մասին է գրում, 200 միլիոն վարկի դիմաց հայկական կողմին տրվելիք ռուսական սպառազինության մատակարարումն ուշանում է, Մամեդյարովը կրկին ռուսական «պլաններից» է խոսում, թեև ՀՀ ԱԳ նախարարը հերքում է, թե Լավրովը Երևան նոր առաջարկներ էր բերել: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է կատարվում:

– Հավանաբար, վարկի դիմաց նախատեսված սպառազինության մատակարարումը ձգձգելը ռուսական քաղաքականության արտացոլումն է` ճնշման փորձ, քանի որ իրենց պլաններին հակադրվելու թեկուզ փոքր պատրաստակամություն արտահայտվեց: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին: Համանախագահները փորձում են նոր լայնածավալ ընդհարումը կանխել, միաժամանակ նաև պարզելով դիրքորոշումները` հետագա բանակցային գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով:

– ՀՀ նախագահն ամերիկյան «Bloomberg» մեդիաընկերությանը տված հարցազրույցում, փաստորեն, հաստատեց, որ եղել է ռուսական խաղաղապահների տեղակայման հարց, ապա հերքեց դրա իրատեսականությունը, ՀՀ ԱԳ նախարարը հերքեց, որ Լավրովը Երևան կարգավորման ռուսական ծրագիր է բերել: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ԱԳ նախարարն օրերս կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը կարգավորման փուլային տարբերակ է առաջարկում, որին Ադրբեջանը դեմ չէ: Ռուս-ադրբեջանական ծրագրերը, որոնց մասին նույնիսկ ռուսական ԶԼՄ-ներն են բացահայտորեն գրում, չեզոքացվա՞ծ են:

– Ադրբեջանի կողմից ռուսական պլանի դեմ չարտահայտվելը հասկանալի է. այդ պլանով, ըստ էության, նախատեսվում է որոշ տարածքների վերադարձ` առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման և անվտանգության լուրջ երաշխիքների. ռուս խաղաղապահների տեղակայումն անվտանգության երաշխիք չէ, այլ ընդհակառակը` լրացուցիչ սպառնալիք:

Այնուամենայնիվ, կա ոչ ցանկալի նախաձեռնությունների տապալման հնարավորություն. ռուս խաղաղապահների տեղակայումը մերժելու վերաբերյալ հստակ դիրքորոշումը դրա մի տարրն է միայն: Հատկանշական է, որ «Լավրովի պլանը» մերժելը Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից բավական նյարդային արձագանքի արժանացավ: Ինքնուրույն գործելու` Հայաստանի պատրաստակամությունն առհասարակ պարտադիր պայման է, որպեսզի իր հետ հաշվի նստեն, այդ թվում` Ռուսաստանը: Հայաստանը պետք է ավելի շատ հանդես գա որպես նախաձեռնող կողմ` ԼՂՀ-ին կրկին բանակցությունների մասնակից դարձնելու նպատակով:

– Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի երեք պայմանները: Եթե դրանք այս փուլում բավարար չեք համարում, ապա ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնի հայկական կողմը, հատկապես՝ հաշվի առնելով հնչող կոչերը, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունն Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու վերաբերյալ, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ:

– Պայմաններն ընդհանուր առմամբ բավարար են, սակայն դրանք ՀՀԿ գործկոմում քննարկելը (մինչ այդ էլ` նույն մարմնի նիստում պաշտպանության նախարարի հաշվետվությունը լսելը) տարակուսանք է առաջացնում. դա պոլիտբյուրոյի նիստերին է նման: Պայմաններից երկուսի` վստահության մեխանիզմների ներդրման և ադրբեջանական ագրեսիայի կանխման երաշխիքի պարագայում, շփման գծում ազդանշանային համակարգի ներդրումը հնարավոր միջոցներից մեկն է, որի ներդրմանը, սակայն, Ադրբեջանը շարունակելու է ընդդիմանալ` չնայած այնտեղ էլ են ձևական կոչեր հնչում վստահության ամրապնդման միջոցների մասին:

Տեսանյութեր

Լրահոս