Պատերազմի ընթացքում մենք չունեցանք աջակից Փաշինյանի՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու պատճառով. Օսկանյան

Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով: Այսինքն, ըստ նրա, 30 տարի հանգիստ էինք, որովհետև Արցախն իր հարակից շրջաններով մեր անառիկ տարածքն էր, սակայն սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք սա՝ մեր ստրատեգիական խորքը, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի, ինչի ապացույցն ադրբեջանական ուժերի մխրճումն է ՀՀ տարածք, Տավուշի գյուղերը վտանգի տակ են:

«2018 թվականից հետո մինչ այսօր բանակցային որևէ պարագայում չեմ հիշում մի դեպք, որ հայկական կողմն օրակարգ ներմուծի հայկական շահերից բխող ինչ-որ հարց, միշտ քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը:

Ցանկացած բանակցություն և դրա հաջողությունը 2 գրավական ունի. մեկը բանակցությունների բովանդակությունն է, մյուսը՝ դրանք հովանավորող, միջնորդող կողմերի պատասխանատվությունն է: 2 տասնամյակ Հայաստանը և Ադրբեջանը բանակցել են մի փաստաթղթի շուրջ, որը եղել է աշխարհի 3 հզոր պետությունների հովանավորությամբ և միջնորդությամբ: Եվ եթե ինչ-որ պահի դու հրաժարվում ես այդ փաստաթղթից և ընդհանրապես այդ գործընթացից, դու կորցնում ես ոչ միայն այդ բովանդակությունը, որը տարիների բանակցությունների արդյունք է, որը երկու կողմերն ընդունել են՝ որպես բանակցային հենք, և որն իր մեջ պարունակում է այն ճիշտ հավասարակշռությունը, որի տրամաբանական շարունակությունը կարող էր իսկապես բերել հարցի խաղաղ կարգավորման, այլ նաև դու ձերբազատվում ես միջնորդներից: Մադրիդյան փաստաթղթի «գլխավերևում» գրված էր, որ բանակցությունները վարվում են՝ ելնելով 3 հիմնական սկզբունքներից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, և այդ 3 միջնորդները դրա երաշխավորն են, և երբ դու հրաժարվում ես դրանից, դու կորցնում ես ոչ միայն բովանդակությունը, այլև այդ 3 գերտերությունների հովանավորությունը:

Եվ Փաշինյանի ճակատագրական սխալը եղավ այն, որ նա հրաժարվեց այդ փաստաթղթից և ասաց՝ սկսում է զրոյական կետից՝ կորցնելով այդ հավասարակշռված բովանդակությունը և այդ երեք գերտերությունների հովանավորությունն ու երաշխիքները, որոնք դրվել էին խաղաղ ճանապարհով հարցի լուծման գործընթացում: Եվ պատերազմի ընթացքում մենք տեսանք դրա արդյունքները, մենք չունեցանք աջակից:

Կարդացեք նաև

Եվ այս սխալը շարունակվեց՝ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որքան էլ ընդունենք կամ չընդունենք, դա իր մեջ լուրջ հնարավորություններ է պարունակում՝ կա բովանդակություն և միջնորդ»,- մանրամասնել է Օսկանյանը՝ նշելով, որ Փաշինյանը հետո շեղվեց այս բովանդակությունից, ավելի ուշ հրաժարվեց նաև միջնորդից՝ գնալով Բրյուսել:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարն այն կարծիքին է, որ ազգային շահի հետապնդումը կարող է պատերազմի բերել, բայց ճիշտ և փոխզիջումային հենքի վրա հետապնդված ազգային շահը կարող է բերել նաև կայուն խաղաղության:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս